«Հին արքաներ» պատմական հեռուստաֆիլմն «Արմենիա TV»-ի եթերում վաղը կավարտվի։ Երկուշաբթի օրվանից կմեկնարկի «Քավարան» քրեական դրամայի ցուցադրությունը։ Tert.am Life-ի հետ զրույցում այս 2 նախագծերի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը նկատեց, որ «Հին արքաները» աննախադեպ բարձր ռեյթինգ է ունեցել, «Քավարանի» ցուցադրությունից ևս մեծ ակնկալիքներ ունեն։
«Այն ժամանակ, երբ «Քավարանը ցուցադրվում էր Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում, այն Հայաստանում ամենափնտրված նախագիծն էր Google որոնողական համակարգում։ Նախագիծը բավականին մեծ արձագանք ուներ։ Այս օրերին Հայաստանում ամենափնտրված նախագծերի երկրորդ տեղում հայտնվել էր «Հին արքաները»։ Առաջին տեղում մեր մյուս նախագիծն է` «Փրկեք մեր հոգիները»։ Կարծում եմ` «Քավարանն» ավելի մեծ արձագանք կստանա «Արմենիայի» եթերում լինելուց հետո և կգերազանցի արդեն ունեցած բավականին բարձր ցուցանիշը»,- ասաց պրոդյուսերը։
Արան խորհուրդ տվեց, որպեսզի այն մարդիկ, ովքեր արդեն տեսել են «Քավարանը», չբացահայտեն, թե ով է մարդասպանը, քանի որ հեռուստադիտողների համար ինտրիգն ավելի հետաքրքիր կլինի։
««Քավարանի» կառուցվածքն այնպես է, որ բոլորը ցանկանում են իմանալ, թե ով է կազմակերպել այդ ամենը։ Նրանք, ովքեր արդեն տեսել են ֆիլմը, գիտեն` ով է մարդասպանը, սակայն կոչ եմ անում չբարձրաձայնել` պահելով հետաքրքրությունը ֆիլմի դիտման ընթացքում։ Կարծում եմ` յուրաքանչյուր հեռուստադիտողի հետաքրքիր կլինի հետևել զարգացումներին, սեփական եզրահանգումներն անել և վերջում հասկանալ, թե որքանով էր ինքը ճիշտ»,- նշեց պրոդյուսերը։