Որոշ հայեր պետք է խուսափեն Բելառուս մեկնելուց. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը
Advertisement 1000 x 90

Որոշ հայեր պետք է խուսափեն Բելառուս մեկնելուց. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը

Հայ-ռուսական երկքաղաքացիություն ունեցող երիտասարդները, որոնք չեն ծառայել հայկական բանակում, պետք է խուսափեն Բելառուս այցելելուց, հայտարարել է Բելառուսի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

Վերջին շրջանում Բելառուսում հաճախակի են դարձել հայ-ռուսական երկակի քաղաքացիությամբ անձանց ձերբակալելու դեպքերը, որոնց նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ մասին Sputnik-Բելառուս մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

Նրա խոսքով` Ռուսաստանի քաղաքացիներն օրենքի չիմացության պատճառով հաճախ են ընկնում տհաճ իրավիճակների մեջ։ Մասնավորապես, դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, որոնց Ինտերպոլը փնտրում է։ Հատուկ կարգ են կազմում ռուս-հայկական քաղաքացիությամբ անձինք, որոնք խուսափում են հայկական բանակում ծառայելուց, ինչը ՀՀ-ում քրեական հանցագործություն է համարվում։

Հյուպատոսի խոսքով` երիտասարդները, որոնք չեն մեկնում Հայաստան զինվորական գրքույկ ստանալու, բանակում ծառայելու կամ օրինական կարգով զինվորական ծառայությունից ազատվելու, մեխանիկորեն հայտնվում են հետախուզության բազայում, իսկ հետո Հայաստանը նրանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարում։

«Շատերը չգիտեն, որ միջազգային կոնվենցիոն իրավունքի հետ կապված` Ռուսաստանի քաղաքացիները, որոնց նկատմամբ երրորդ երկիրը Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել, այսինքն ոչ Ռուսաստանում և Բելառուսում, և ժամանել են Բելառուսի տարածք, կձերբակալվեն իրավապահ մարմինների կողմից»,- ասել է Մամոնտովը։

Նա նշել է, որ հետագայում համապատասխան ընթացակարգերից հետո նրանց կարող են հանձնել երրորդ երկրին` արտասահմանյան պետության դատախազության հարցումով։

«Նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական դատախազությունը դադարեցրել է ՌԴ տարածքում ռուսաստանցու նկատմամբ հետապնդումը երրորդ երկրի հարցումով, օտար պետության պահանջներն ուժի մեջ են մնում։ Համապատասխանաբար ռուսաստանցին չի կարող բացառվել Ինտերպոլի ցուցակից և կձերբակալվի Բելառուսում»,- ասել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։

Մամոնտովը խորհուրդ է տվել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց նկատմամբ այլ երկրների իրավապահ մարմինները կարող են նման պահանջներ ներկայացնել, խուսափել Բելառուս մտնելուց մինչև խնդրի կարգավորումը և Ինտերպոլի ցուցակից դուրս գալը։ Դրանից հետո ավելի լավ է ինչ-որ թուղթ ունենալ, որովհետև այդ տվյալներն այդքան արագ չեն կարող թարմացվել, եզրափակել է Մամոնտովը։

armeniasputnik.am