
20-րդ դարի ամերիկյան գրականության հսկա, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Երևանում կանցկացվի «Բարև Սարոյան» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի փետրվարի 3-ին Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցում: Նախատեսվում են գրողի ստեղծագործությունների ընթերցումներ, թատերական ներկայացումներ և այլն:
«Այս եռամսյա նախաձեռնության շրջանակում երեխաները խաղերի, ընթերցանության, թատերական ներկայացումների միջոցով կարող են ծանոթանալ մեծ գրողի հարուստ գրական ժառանգությանը: Հանդիպումները նախատեսվում է իրականացնել ամեն շաբաթ օր: Սարոյանը ներկայացվելու է տարբեր կողմերով` Սարոյան գրող, Սարոյան թատերագետ, Սարոյան սցենարիստ, Սարոյան նկարիչ, Սարոյան դրամատուրգ և այլն»,-«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժներ Երևանյան խմբի ղեկավար Ինգա Վարդանյանը:
Մեկնարկին ինտերակտիվ քննարկումներ և վիդեո տեսանյութեր կլինեն հեղինակի կյանքի և գործունեության մասին, որոնք դեռ չեն հրապարակվել:
Վարդանյանի խոսքով` մասնակից կարող են դառնալ բոլոր ցանկացողները:
«Բարև Սարոյան» ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների «Գրքաբաց» նախաձեռնության և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակում: