Շարժական հեռախոսների ռադիոճառագայթումը կարող է կապված լինել արու առնետների մոտ քաղցկեղի առաջացման հետ: Դա պարզել են ամերիկացի գիտնականները ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության կողմից թունագիտության գծով անցկացված ազգային ծրագրի շրջանակներում: Գիտնականները մի խումբ մկների ու առնետների օրական մինչև ինը ժամ ենթարկել են ռադիոակտիվ ճառագայթման: Ճառագայթման հզորության մակարդակը կազմել է 1 կիլոգրամ զանգվածի հաշվով մեկուկեսից մինչև վեց վատտ՝ առնետների համար և 1 կիլոգրամի հաշվով 2,5-ից մինչև տասը վատտ՝ մկների համար: Կրծողների վրա կատարված գիտափորձերը տևել են երկու տարի:
Հետազոտության նախնական տվյալները հրապարակված են ծրագրի կայքում, դրանց գրախոսումը կանցկացվի մարտին: Գիտնականները գիտափորձին մասնակցած արու առնետների մոտ նշել են այն հյուսվածքներում ուռուցքների ի հայտ գալու դեպքեր, որոնք շրջապատում են սրտի նյարդերը: Մկների և էգ առնետների մոտ այդ էֆեկտը չի դիտվել:
Բացի այդ, առնետների մոտ նշվել է կարդիոմիոպատիայի դեպքերի թվի աճ: «Ռադիոճառագայթման հզորությունը և դրա տևողությունը զգալիորեն ավելի մեծ է եղել, քան նրանք, որոնց ենթարկվում են առավել հաճախ շարժական հեռախոսներ օգտագործող մարդիկ, ընդ որում՝ դրա ներգործությանը ենթարկվել է կրծողների ամբողջ մարմինը»,-պարզաբանել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջոն Բուչերը: Նա կոչ է արել ժամանակից շուտ մարդկանց վրա չտարածել գիտափորձի արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: