Սա աննկարագրելի ու անբացատրելի երջանկություն է. Ելենա Վարդանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սա աննկարագրելի ու անբացատրելի երջանկություն է. Ելենա Վարդանյան. life.panorama.am

Ինչպես արդեն հայտնի է` օրեր առաջ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը առաջին անգամ մայր է դարձել: Այսօր երջանիկ մայրիկն ու որդին արդեն ծննդատնից տուն կգնան, բայց մինչ այդ Life.panorama.am-ը փոքրիկ զրույց է ունեցել Ելենայի հետ:

«Սա աննկարագրելի ու անբացատրելի երջանկություն է, որը բառերով փոխանցելը դժվար է: Ինձ կհասկանա յուրաքանրյուր մայր և առհասարակ` յուրաքանչյուր ծնող, տատիկ ու պապիկ: Մեր ընտանիքում բոլոր հիմա անչափ ուրախ են, մի նոր իմաստ է ծնվել մեզ համար, որը կարծես ամբողջովին փոխել է մեր կյանքը»,- նշեց դերասանուհին` վստահեցնելով, որ իր և փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է:

Ելենայի խոսքով` որդու հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է եղել, որը երբեք չի մոռանա:

Հարցին, թե ում է նման որդին, պատասխանեց.

«Կարծում եմ` թե ինձ, թե ամուսնուս նմանություններ ունի: Իհարկե, դեռ վաղ է հստակ նմանություններ գտնելը, փոքրիկները շուտ են փոխվում, այնպես որ այս հարցին ժամանակի ընթացքում պատասխան կգտնենք: Ինքս ուզում եմ, որ բացի արտաքնային նմանություններից, տղաս ինձնից և հայրիկից միայն լավ գծերը ժառանգի»:

Ելենան ու ամուսինը իրենց որդուն Ալեքսանդր են անվանել: Խոսելով այդ դժվարին ընտրության մասին` դերասանուհին պատմեց.

«Ինձ ու ամուսնուս շատ է դուր գալիս Ալեքսանդր անունը, այդ պատճառով մեր որդու անվան ընտրության հարցում երկար չմտածեցինք: Բացի այս, Ալեքսանդր անունն է կրել նաև իմ նախապապը, այնպես որ, ինձ համար նաև խորհրդանշական բան կա այս անվան մեջ: Կարծում եմ` սա շատ ուժեղ անուն է և շատ է սազում մեր փոքրիկին` Ալեքսանդր Թումանյան»:

Այսօր Ելենան ու որդին տուն կգնան: Դերասանուհին պատմեց, որ անձամբ է նախապես ամեն ինչ պատրաստել է փոքրիկի համար:

«Ես սնահավատ մարդ չեմ, թեև ինձ ասում էին` սպասիր բալիկի ծնունդից հետո կգնես բոլոր իրերը, բայց ես չլսեցի այդ խոսակցություններին և ամեն ինչ նախապես պատրաստեցի, որպեսզի, երբ որդիս առաջին անգամ մտնի իր տուն, զգա, որ բոլորս ուրախ ենք ու սպասում էինք նրան»,- ընդգծեց նա:

Զրույցի վերջում Ելենա Վարդանյանը վստահեցրեց, որ որդու ծնունդից հետո ստեղծագործական դադարը երկար չի տևի:

«Կարելի է ասել, որ դադար չի լինի: Ընդամենը երկու ամիս անց ես կրկին իմ սիրելի թատրոնի բեմում կլինեմ: Փառք Աստծո, ես ունեմ ուժ, եռանդ, նաև շատ օգնողներ, այնպես որ որդուս խնամքին զուգահեռ կշարունակեմ սիրով աշխատել: Հույս ունեմ, որ ինձ կհաջովի համատեղել այդ երկու կարևոր գործերը, որոնք ինձ երջանկություն են պարգևում»,- ավարտեց նա:

life.panorama.am



Նման նյութեր