Հանրայինի «Բացիր աչքերդ» հեռուստանովելը դեբյուտային է գլխավոր դերակատար Մարիամ Ալեքսանյանի համար: BRAVO.am-ի անկեղծ զրույցը համանուն հերոսուհուն մարմնավորող երիտասարդ դերասանուհու հետ լի է բացահայտումներով:
«Խոչընդոտներ չեն եղել»
Սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի 3-րդ կուրսում` Հակոբ Ղազանչյանի արվեստանոցում: Երբեք ինձ հարց չեմ տվել` ինչ մասնագիտություն ընտրել, միշտ այս ամենի մեջ եմ եղել, չեմ դադարել սիրել, եւ ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել: Մասնագիտության ընտրության հարցում խոչընդոտներ չեն եղել. ընտանիքս միայն կողմ էր: Ավելին, մայրս եւ հայրս միշտ քաջալերել են, ոգեշնչել: Անչափ շնորհակալ եմ, որ հասկանում եւ ըմբռնումով են մոտենում, եթե նույնիսկ գիշերվա երեքին են վերջանում նկարահանումները:
«Բախտն ինձ ժպտաց»
Ինչպես Թատերականի շատ ուսանողների, ինձ նույնպես սոցցանցով են առաջարկել մասնակցել նոր սերիալի քասթինգին, ինչին ոչ մեծ ակնկալիքով մասնակցեցի, բայց արի ու տես, որ բախտն ինձ ժպտաց: Երբ դերս հաստատվեց, ընկերուհուս հետ էի, սկսեցի բարձր գոռալ, իսկ նա վախեցած կանգնել էր ու ոչինչ չէր հարցնում: Իսկապես շատ էի ուրախացել:
«Շատ հեշտ եմ ընտրություն անում, բայց…»
Անկեղծ կասեմ, որ առաջարկն ընդունելուց առաջ երկար եմ մտածել. ինձ համար շատ լուրջ քայլ էր, վախ կար: Առհասարակ, շատ հեշտ եմ ընտրություն անում, որոշում կայացնում, երբեք չի եղել, որ որեւէ հարցի շուրջ օրերով մտածեմ, քննարկեմ, բայց սա այդ դեպքը չէր: Ինստիտուտից դուրս մնալու մտավախություն կար, բայց իմ շատ սիրելի դասախոսներն ընդառաջեցին, հասկացան: Խոսեցի իմ սիրելի դասախոս Լալա Մնացականյանի հետ, նա ինձ շատ օգնեց, ոգեշնչեց, եւ ավելի վստահ եղա իմ որոշման հարցում: Ինձ համար մեծ պատիվ է նրա նման դասախոս եւ խաղընկեր ունենալը: Շնորհակալ եմ նաեւ մեր ռեժիսոր Արտյոմ Հարությունյանին, որ ընտրեց ինձ եւ վստահեց այս դերը: Հնարավորությունն օգտագործելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սերիալի ողջ անձնակազմին, քանի որ միշտ կողքիս են եղել եւ օգնել ցանկացած հարցում:
«Ինչ-ինչ պատճառներով հրաժարվել եմ»
Նախկինում եւս առաջարկներ եղել են այս կամ այն սերիալում նկարահանվելու, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարվել եմ: Իսկ այս ֆիլմում խաղում եմ այնպիսի դերասաների հետ, որոնց հետ կերազեի աշխատել: Տաղանդավոր դերասաններ, որոնցից կարող ես միշտ սովորել: Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատել նման պրոֆեսիոնալների հետ:
«Բավական դժվար էր»
Իհարկե, եղան դժվարություններ: Առաջին անգամ խաղալ գլխավոր դեր եւ այն էլ` կույր աղջկա, բավական դժվար էր: Բայց իմ կողքին կային այնպիսի մարդիկ, ովքեր շատ օգնեցին, ինքս էլ փորձեցի ավելի շատ աշխատել եւ հուսախաբ չանել ինձ վստահող մարդկանց:
«Շատ քայլեր իրական կյանքում չէի անի»
Իրական Մարիամ Ալեքսանյանի հետ ընդհանրապես կապ չունեցող կերպար է Մարիամը: Հերոսուհուս հետ ընդհանուր միայն մեկ բան ունենք` նույն անունը, ուրիշ ոչինչ: Հաճախ սցենարը կարդալիս վիճում եմ նրա հետ, շատ-շատ քայլեր կան, որ իրական կյանքում չէի անի, նման որոշումներ չէի կայացնի: Կյանքում ավելի բաց մարդ եմ, կենսուրախ, շփվող, վճռական եւ ինքնավստահ, ինքս ինձ երբեք չխղճացող մարդ եմ: Ինձ ճանաչողները մեկ-մեկ կատակում են` երանի այդպիսի խելոք Մարիամ լինեի, բայց ես չէի ցանկանա: Մյուս կողմից չեմ էլ մեղադրում կերպարիս. դժբախտ աղջիկ է, ով կորցրել է ծնողներին, կուրացել է եւ կյանքի այն ժամանակահատվածը, որը տրված էր վայելելու մաքուր ու անբիծ մանկությունը, անցկացրել է խավարի մեջ: Մեկ է` ես սիրում եմ հերոսուհուս եւ երբեք չեմ մոռանա իմ առաջին եւ գլխավոր դերը:
Դաս, փորձ, նկարահանում
Ազատ ժամանակն այժմ ինձ համար երազանքի պես բան է դարձել, միայն արթնանալիս եւ քնելիս եմ տանը լինում, ծնողներս արդեն սովորել են բարդ գրաֆիկիս, շատ ժամանակ զգում եմ` ինչքան եմ կարոտում նրանց: Ինստիտուտի դասերից հետո ներկայացման փորձերի եմ, նկարահանման, նորից փորձերի, եւ այսպես գրեթե ամեն օր: Եթե մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, տրամադրում եմ բարեկամներիս, ընկերներիս, որոնց ամիսներով չեմ տեսնում: Շատ խառը առօրյան հետաքրքիր ու գունավոր օրեր է տալիս, եւ ինձ դուր է գալիս մշտապես խառը լինելը: