ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանից գիտնականները մշակել են պարզ հոգեբանական թեստ, որը թույլ է տալիս բավականին ստույգ կանխատեսել՝ նորապսակները միմյանց
կդավաճանեն արդյոք կյանքի առաջին չորս տարում: Այդ մասին ասված է Journal of Personality and Social Psychology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Սոցիալական ցանցերը և գլոբալ ցանցը գործնականում անսահման են դարձրել անձնական կամ ընտանեկան կյանք վարելու համար այլընտրանքային զուգընկերներ գտնելու մեր հնարավորությունները: Այդ պատճառով մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ այն, թե ինչն է տղամարդկանց և կանանց մի մասին ստիպում դիմակայել այդ գայթակղությանը, իսկ մյուսներին՝ տրվել դրան»,-հայտարարել է Թալլահասիում (ԱՄՆ) գտնվող Ֆլորիդայի համալսարանի աշխատակից Ջիմ Մաքնալթին:
Ինչպես նշում է Մաքնալթին, այսօրինակ հետազոտություն անցկացնելու գաղափարն իր թիմի մոտ հայտնվել է այն բանից հետո, երբ ինքը ուշադրություն դարձրեց ԱՄՆ-ում ամուսնալուծությունների ահագնացող վիճակագրությանը. այսօր, հոգեբանի խոսքով, յուրաքանչյուր երկրորդ ընտանեկան զույգը բաժանվում է ամուսնությունից մի քանի տարի անց:
Փորձելով հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում, Մաքնալթին և նրա գործընկերները հավաքել են երեք հարյուր տղաներից ու աղջիկներից բաղկացած խումբ, որոնք վերջերս ամուսիններ են դարձել. նրանց կյանքին գիտնականները հետևել են հետագա 3,5 տարվա ընթացքում:
Այդ ժամանակաընթացքում զույգերի մի մասը հասցրել է բաժանվել, իսկ մյուսները լարված հարաբերությունների մեջ Էին դավաճանությունների պատճառով, ինչը գիտնականներին թույլ է տվել հասկանալ, թե կենսաբանական և հոգեբանական որ գործոններն են բացասաբար ազդում ընտանեկան կապերի ամրության վրա: Ինչպես պարզվել է, նրանց բաժանության հավանականությունը կախված էր մեկ ոչ ակնհայտ, բայց շատ հասարակ բանից, այն բանից, թե և՛ տղաներին, և՛ աղջիկներին որքան ուժեղ են հրապուրել անծանոթ մարդկանց համակրելի դեմքերը: Օրինակ, այն նորապսակները, որոնք երկար են նայել գրավիչ տղամարդկանց ու կանանց լուսանկարները, որոնք նրանց ցույց են տվել գիտնականները, զգալիորեն ավելի հաճախ են իրենց հարաբերությունները խզել հետագա տարիներին, քան այն ընտանեկան զույգերը, որոնք այդ ընթացակարգի վրա ավելի քիչ ժամանակ են ծախսել:
Համանման միտումները դրսևորվել են անծանոթ մարդկանց գեղեցկության սուբյեկտիվ գնահատման մեջ. որքան քիչ են նորապսակներին գեղեցիկ թվացել այդ լուսանկարները, այնքան հազվադեպ են նրանք դավաճանել միմյանց: Արձագանքների նույնիսկ ոչ մեծ տարբերությունները, ինչպես նշում են հոգեբանները, շատ ուժեղ են ազդել ընտանեկան կապերի ամրության վրա՝ նրանց բաժանության հավանականությունը մեծացնելով կամ նվազեցնելով մի քանի տասնյակ տոկոսով: Ինչպես ընդգծում է Մաքնալթին, այսօրինակ տարբերությունները կամավորների մեղքով չեն հայտնվել. դրանք, ինչպես կարծում են գիտնականները, մարդու ուղեղի և մարմնի այլ մասերի աշխատանքի կենսաբանական ինչ-ինչ տարբերությունների հետևանք են: Այլ կերպ ասած՝ սկզբունքորեն անկարելի է «գիտակցաբար» բարձրացնել դավաճանության կամ ամուսնալուծության հավանականությունը կամ էլ նվազեցնել այն:
«Մարդիկ միշտ չէ, որ հասկանում են, թե ինչ են անում իրենք և ինչու են դա անում: Նմանօրինակ գործընթացները մարդուց ջանքերի ներդրում չեն պահանջում և տեղի են ունենում ինքնաբերաբար, իսկ դրանց վրա կարող է ազդել բիոլոգիան կամ մանկական ինչ-ինչ բարդույթներ ու տպավորություններ»,- բացատրում է հոգեբանը:
Չնայած այդ խնդիրներն ուղղելու անհնարինությանը, այդօրինակ գիտելիքները, ինչպես կարծում է Մաքնալթին, հոգեբաններին կարող են օգնել ճիշտ ռազմավարություն ընտրել ընտանեկան դժվարությունների դեմ պայքարելու համար, որոնք ունենում են իրենց հաճախորդները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: