Երգահան և ռեժիսոր Քրիստ Մանարյանի հրապարակումը Facebook-ի իր էջում.
Քրքրում էի սևագրություններս ու գտա «Գլենդելում»-ից մի հատված, որը վեպի մեջ չմտցրեցի: Կարոտեցի ու հիմա դրեցի:
…Հավի իմ բաժինը կերա, պրծա ու հավաքում եմ ոսկորները թղթե անձեռոցիկի մեջ, դնելով դրանք «Այքիա»-ից գնած մեր սեղանի եզրին: Արսենը աչքի պոչով հետևում է գործողություններիս` ինքն արդեն կերել, մարսել է իր բաժինը: Սպասումով նայում է երեսիս:
– Հը…- հարցնում եմ,- Ի՞նչը նենց չի:
– Տար զիբիլը թափի, ինչի՞ չես գցում,- իր հերթին զարմանում է նա:
– Զիբիլ չի, ոսկորներ են:
– Սո ուո՞թ:
– Դե….հայաթի շներին կտամ, թող ուտեն, ինչի՞ թափեմ:
Նա հանկարծ ասես միանգամից տարիքով հավասարվում է ինձ ու բերանը ծռելով, մեծահոգի փռթկում է,-
– Մեն, քմո՜ն, ստեղ ըտենց բաներ չկան, տար թափի:
– Ի՞նչ բաներ…
– Թափառող շներ-մներ: Ստեղ ամեն շուն տեր ունի, անտեր հայվաններ չկան, որ ոսկոր տաս:
Չկա՞ն…. մտքովս չէր անցնի: Ես ինձ հիմար վիճակում եմ զգում`դու մի ասա ռոմանտիկ գեղացի եմ, Ամերիկայի նիստուկացին անծանոթ, ի՞նչ իմանայի…
Հակաճառելու բան չունեմ`տանում, չուզելով գցում եմ դեռ տաք ոսկորները խոհանոցի լվացարանի տակի աղբաման-դույլի մեջ, լվանալով մատներս: Բայց քունքերս լսելի դմբդմբում են` ու՞ր եք, հավերժ քաղցած, Երևանի թափառական շներ, ձեր երկար ականջը կանչի` ի~նչ ախորժակով հիմա կխրթխրթացնեիք էս մի բուռ ոսկորը, որ սովորության համաձայն պահել էի ձեզ համար…
Ասես ինձ լրիվ ստորացնելու նպատակով, Արսենն ավելի հարմար է հենվում պլաստիկե մեջքով իր աթոռին ու մի կտոր թխվածք նետելով բերանը, փորը շփելով սկսում է պրոֆեսորի պես բարբաջել` նվաստիս խելք է սովորեցնում,-
– Յանի ըսենց չես կարա Ամերիկայում ապրես, իմանաս…
– Յանի ո՞նց` սենց:
– Էրևանի ձևով…Եթե ուզում ես ստեղ մի բանի հասնես` պտի մի վախտով մոռանաս Էրևանն էլ, անցյալդ էլ, ապրածդ էլ….քու համար եմ ասում` ես էդ սաղ բաների միջով հերթով անցել եմ, բլիվ մի, մեն` հերթով:
Կասեի էս ինքնահավան մեծախոս 5ahelin երկու բառ, կշպպացնեի երեսին մտածածս, բայց չգիտեմ ինչ մտածեմ` կարողացավ ինձ պատին դեմ տալ: Ու աչքիս` իրավացի է, ինձնից քանի տարի շուտ է եկել Լոս:
Հավի ոսկորներից ուր հասանք…. հասանք մի երկիր, ուր թափառական շներ չկան: Փողոցներում, ամենուրեք հայտարարություններ են փակցված սյուներին` կորած կամ փախցրած ընտանի կենդանիների լուսանկարներով և դրամական կարգին պարգևների խոստումներով: Բայց անտեր, հետևիցդ ման եկող, ուտելիք փնտրող ու ջրափոսերից ջուր լակող, միշտ քորվող շներ էստեղ փաստորեն չկան: Էստեղ մարդիկ են թափառողները` լավ կյանքի անվերջանալի որոնումների մեջ: Որոնցից մեկն էլ հիմա ես եմ` նախկին ու դեռևս ներկա Երևանցիս, կիթառ չունեցող երգահան Ռոբերտ Բորյանս: Հա, Ռոբերթն էստեղ գրվում ու արտասանվում է «թ»-ով, անգլերենում «տ» չկա, դա չմոռանանք…