Ամերիկացի գիտնականները կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի՝ BRACA քաղցկեղի կամ Անջելինա Ջոլիի քաղցկեղի բարձիթողի տեսակների բուժման համար նոր դեղ են մշակել: Մասնագետները հավաստիացնում են, որ առողջության համար վտանգավոր քիմիաթերապիան, որը մեծաթիվ կողմնակի էֆեկտներ ունի, կրծքագեղձի ուռուցքների բուժման ժամանակ երկրորդ պլան կմղվի:
Հետազոտության հեղինակ, Թեխասի համալսարանի բժիշկ Ջենիֆեր Լիթոնի խոսքով՝ իր խմբին հաջողվել է տալազոպարիբ դեղամիջոցը մշակել, որը կրծքագեղձում քաղցկեղային բջիջները ոչնչացնում է առանց ագրեսիվ քիմիաթերապիայի օգնության: Գիտնականը խոստանում է, որ դեղամիջոցը շատ շուտով կհայտնվի Եվրոպայի դեղագործական շուկայում: Ներկայումս կրծքագեղձի քաղցկեղը, որպես կանոն, բուժվում է ներքին քիմիաթերապիայի մի քանի կուրսով, որն անցնելու համար պետք է կանոնավորապես հիվանդանոց հաճախել եւ այնտեղ գտնվել մի քանի ժամ:
Գիտնականներն ընդունում են քիմիաթերապիայի արդյունավետությունը յուրաքանչյուր կուրսից հետո միջինը 6 ամիս քաղցկեղային բջիջների աճը կանգնեցնելու համար, սակայն այնպիսի տոքսիկ կողմնակի էֆեկտները, ինչպիսին են՝ սրտխառնոցը, փսխումը, մազաթափությունը, եղունգների եւ մազերի վիճակի փոփոխությունը, անեմիան, ախորժակի փոփոխությունը, թուլությունը եւ արագ ուժասպառությունը, փորկապությունը, դիարեան, այտուցները, միզաթողության խանգարումները, քիմիաթերապիան անտանելի են դարձնում հիվանդներից 10-20 տոկոսի համար: Քանի որ քիմիադեղամիջոցները ներերակային ներարկմամբ են տրվում, դրանք տարածվում են ամբողջ օրգանիզմում՝ հարձակվելով օրգանների եւ հյուսվածքների ինչպես չարորակ, այնպես էլ առողջ, ակտիվորեն կիսվող բջիջների վրա: