Ինչպես է Վեհափառի և դատախազի մտերիմը փորձել մարդ առևանգել. պատմում է հարձակման ենթարկվածը
Advertisement 1000 x 90

Ինչպես է Վեհափառի և դատախազի մտերիմը փորձել մարդ առևանգել. պատմում է հարձակման ենթարկվածը

Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել իր վրա և առևանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է: Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռաֆայել Մխիթարյանը պատմեց, որ 2013 թվականին Ոսկեհատ գյուղում գտնվող «Լի գազ» ՍՊԸ-ում մոտ 10 հազար դոլարի ներդրումներ է իրականացրել: Ըստ մեր զրուցակցի` ավելի ուշ հայտնվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, և ցանկություն է հայտնել գնել «Լի գազ» ՍՊԸ-ն: «Այդ ժամանակահատվածում ես գազալցակայանի կասսայից 3 միլիոն 200 հազար դրամ գումար էի վերցրել իմ կարիքների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազալցակայանում ներդրում եմ արել, և այդ դրամարկղից վերցրած գումարը դուրս կգա իմ ներդրումների գումարից ու պարտք ու պահանջի հարցը կկարգավորենք: Ես Համլետ Ներսիսյանին ասեցի, որ կասսայից գումար ունեմ վերցրած, բայց ավելացված արժեքի հարկից գոյացել է մոտ 4 միլիոն դրամ, ու խնդրեցի, որ կասայից վեցրած իմ գումարը հանենք այդ ԱԱՀ-ից»:

Բայց Ներսիսյանը պարտքի մարման այս տարբերակի հետ չի հաշտվել և որոշել է հետ ստանալ իր գումարը: «2016 թվականին զանգ եկավ ինձ, ու Համլետ Ներսիսյանը ինձ ասում է, թե ինչ եղավ փողը, ասում եմ` ի՞նչ փող, ես բացատրեցի, որ քեզ 4 միլիոն ավելացված արժեքի հարկ եմ թողել, երկու տարի է անցել, նո՞ր ես ինձ հիշում: Բա` տենց բան չկա, 4 միլիոնը չկա, իսկ ես էլ բացատրեցի, որ ես գումար չունեմ տալու»:

Պարտքի շուրջ խոսակցությունները Ռաֆայել Մխիթարյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու` Համլետ Ներսիսյանի միջև գնալով ավելի են սրվել: «2017 թվականի հուլիս-օգոստոսին ինձ զանգահարում են իմ արտերը ջրող աշխատակիցները և հայտնում են, որ Համլետ Ներսիսյանն է եկել և հարցնում է, թե ես ուր եմ, ու աշխատակիցներիս ասում է, որ փողի դիմաց խոտի տուկերը բարձում է, տանի: Ես այդ ժամանակ զգուշացրի` եթե նման բան անեն, ես իրավապահներին հանցագործության մասին հաղորդում կտամ»:

Մեր զրուցակցի պնդմամբ` Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է, և այդ հանգամանքն իր դերն է խաղացել: Խնդիրը մնացել է չլուծված, ու բանը հասել է հարձակմանն ու պարտապանի առևանգմանը. «Հորեբայրս էր մահացել, մեքենա էի վարձակալել, որ այդ մեքենայով գնամ հուղարկավորությանը: Գնում եմ տաքսիով այն վայր, որտեղից պետք է վարձու մեքենան վերցնեմ, ու այդ պահին Մրգաստանցի Գևորիկը և Սպարտակ Թամրազյանը, որոնք Համլետ Ներսիսյանի մարդիկ են, մեքենայով կտրում են տաքսու ճանապարհը, խփեցին գլխիս, ես սկսեցի իրենց հարվածներից պաշտպանվել:

Ամեն ինչ անում էին, որ ինձ նստացնեն իրենց մեքենան: Ազատվելով դրանցից` վազել եմ 500-600 մետր, զանգել եմ կնոջս մորը ու խնդրել` օգնության հասնեն, նա մեքենայով հասել է, ու ասել եմ` արագ քշի ոստիկանության էջմիածնի բաժին, այդ ընթացքում այդ տղաները մեքենաներով ճանապարհս կտրում էին: Ինչևէ, մեքենայով ինձ հասցնում են ոստիկանության Էջմիածնի բաժին: Ես կատարվածի մասին հայտնեցի ոստիկանությունում և նշեցի, որ իմ վրա հարձակված տղաները կոնկրետ եկել էին Համլետ Ներսիսյանի հրահանգով, քանի որ երբ ես փախչում էի, հարձակվողներից Սպարտակը հեռախոսով ասում է, թե Համլե՛տ, փախնում է, շուտ հասի՛:

Ավելին` ինչպես հայտնեց Ռաֆայել Մխիթարյանը` դեպքից հետո իրավապահների հետ գնացել է դեպքի վայր, որտեղ տեսախցիկներ կային, ու կարող էին արձանագրել կատարվածը, սակայն պարզվում է, որ տեսախցիկները չեն աշխատում: Ըստ նրա` իրեն դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, որից հետո էլ պարզ կլինի, թե վնասվածք ստացե՞լ է, թե՞ ոչ:

armlur.am



Նման նյութեր