արելի է փորձել բանաստեղծական ամեն անուն տեսնել այս կամ այն գրական ավանդույթի-հոսանքի (միշտ՝ պայմանական) շրջանակում։ Կլինեն, որ անտրտունջ կտեղավորվեն եւ կիմաստավորվեն նաեւ դրանով։ Կան էլ, որ կգումարվեն՝ ավանդույթի տարածքն ընդլայնելով իրենց գրի շնչառությամբ։
Տիգրան Պասկեւիչյանի անունը գումարվողն ու ընդլայնողն է, գրի ընթացքով՝ փորձելով նմանվել ժամանակին, հնարավորինս մոտենալով նրա էությանը՝ աննկատ-անբեկանելի։
Ավագ Եփրեմյան
Ոչ ոք մեզ չի ստիպում մոտենալ ճերմակ թղթին, ոչ ոք չի պարտադրում հարաբերվել ամայության հետ, բայց միայն մահվան տագնապն է հրահրում հետքեր թողնել՝ հասկանալով, որ ամայության մեջ կանչի ու շշուկի տարբերությունը ձայնի բարձրությունը չէ սոսկ, այլ լռության խախտումն՝ ըստ պատշաճի։ Մարդ կա գոռում է, որ լցնի ամայությունը, մարդ էլ կա շշնջալով կլլում է համատարածը։ Հոգով աղքատների պաշա՞րն է կուտակում տիեզերքի հազար ու մի խոռոչների մեջ։ Բայց չէ՞ որ դրանք չեն լցվում, դրանք միշտ մնում են դատարկ, քանզի ամայությունը մի օրվա չէ, եւ տիեզերքի անթիվ խոռոչներն ու փոսերն էլ պաշարի պահեստարաններ չեն, այլ՝ թաքստոցներ։ Թաքստոց՝ բառի ամենաիսկական իմաստով։
Տիգրան Պասկեւիչյան
ՁՆԱՄԱՐԴՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ
(առայժմ՝ պարականոն)
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։
Մեռելների վրա երեւի
ավելի հավասար,
քան մեզ վրա,
որ համառ դյութանքն ենք
ապրելու նման մի բանի։
Մանուկների վրա երեւի
ավելի հավասար,
քան արձանների,
որ հպարտ կանգնած են
ձյունն ու հավասարությունը
սեփական մաշկով զգալու համար։
Արվարձանների վրա երեւի
ավելի հավասար,
քան հրապարակների,
որտեղ թաքցնելու շատ բան կա։
Լեռների վրա երեւի
ավելի հավասար,
քան դաշտավայրի գյուղերի,
որտեղ հավասարությունն ու ձանձրույթը
երկվորյակ են։
Ծառերի վրա երեւի
ավելի հավասար,
քան շների վրա փողոցային,
որոնք թաքցնելու չունեն ոչինչ,
սեփական կենսագրությունից բացի։
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։
Ափերի մեջ հավատացյալի
եւ գլուխներին սնահավատ,
որոնք չեն տարբերում,
ճերմակի թարսն ու շիտակը,
ամայության լայնքն ու երկայնքը,
մենության խորքն ու դատարկը անդունդի։
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։
Գրիչ չկա, ափսո՛ս,
գրիչ, որ գրոտես
ողորկ այս տեսադաշտը
ձնամարդու մասին
վկայություններով։
Որ գրես պատվիրաններ,
որոնք վաղվա երթեւեկից
սայթաքուն են դառնալու։
Որ գրես երանիներ,
որոնք գիշերվա ցրտից
դառնալու են սառցալուլաներ։
Որ գրես առակներ,
որոնք հալչելու են
գոլ քամիներից գարնանամուտի։
Որ գրես ամենայն հրաշալին
եւ զարհուրելին ամենայն,
որոնք քչքչալու են զվարթ առուների հետ։
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։
«MONITORING» շարքից
Նստել տանը, պատուհանի մոտ,
նայել՝ ինչպես է թափվում ձյունը,
երեւակայել
յուրաքանչյուր փաթիլի ներսը
եւ համեմատել յուրաքանչյուր փաթիլը
(ներսը)
սպիտակ գառնուկի հետ,
որը մատաղացու է, երբ լուր չկա
եւ մսացու՝ համենայնդեպս։
***
Նստել տանը, պատուհանի մոտ,
վերհիշել երբեւէ չեղած մի դեպք-
ասենք՝ պատերազմից
եւ մտածել, թե անմահ լինելը
անհամեմատ հեշտ է
գերեզման չունենալուց,
թեեւ ցանկացած կյանք
անվավեր է առանց վերջակետի։
***
Նստել տանը, պատուհանի մոտ,
հաշվել ծառից ծառ թռչող ճնճղուկներին,
կորցնել հաշիվը,
ինչպես տանդ կամ ավտոյիդ
բանալին ես կորցնում,
ինչպես անձնագիրդ ես կորցնում
օտար քաղաքում եւ,
չիմանալով ինչ անել,
նայում ես ծովին,
եթե, իհարկե, քաղաքը ծովափնյա է։
***
Նստել տանը, պատուհանի մոտ,
հաշվել կանգառին մոտեցող
եւ կանգառից հեռացող մարդկանց,
կորցնել հաշիվը,
այսինքն՝ ոչ թե կորցնել,
այլ պարզել հանկարծ,
որ հեռացողները շատ են մոտեցողներից։
***
Նստել պատուհանի մոտ։
Նայել, թե դիմացի պատշգամբում
ծեր տիկնոջ ոտքերի տակ
ինչպես է շունը մրափում
ու մտածել,
թե ազատությունը
անպատկան է
եւ չշփոթել տեսածը
(ազատությունը)
հավատարմության հետ։
ԼՌՈՒԹՅԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ
Ես կարող էի,
ես
լինել Համլետը,
եթե միայն իմանայի,
թե որ արարի որ տեսարանում
պետք է ասեմ.
«Լինե՞լ, թե՞ չլինել»։
Իսկ հիմա ես
կարող եմ
ես
լինել ընդամենը
Շեքսպիրը Ուիլյամ,
ոչինչ ավելի։
ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
-Օվկիանոս տանեմ քեզի,-
ասում էր սփյուռքահայ բարեկամս։
-Օվկիանոսը տեսա՞ր,-
հարցնում էր սփյուռքահայ մի այլ բարեկամ։
-Օվկիանոսը չտեսած մի գնա,-
խորհուրդ էր տալիս երրորդը։
-Ադի մեծ երջանկութիւն մըն է,-
ասում էր չորրորդը՝
հավանաբար չնկատելով վախս։
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ա տարբերակ
Բոլորը եկան։
Եկան անհույսները։
Եկան, որ հուսացողներին գտնեն
եւ հուսավառվեն ուս-ուսի։
Եկան անպաշտպանները,
որ պաշտպաններին փնտրեն
ու զրահ խնդրեն նրանցից։
Անհավատները եկան,
որ, գուցե, գտնեն Աստծուն
ու բարեւեն ձեռքով։
Եկան նաեւ հավատացյալները։
Եկան, որ Աստծո արքայությունն
առավել համոզիչ թվա։
Քաղցածները եկան։
Սովալուկ ու նիհար-
եկան, որ հացի մասին
մի բան իմանան։
Հռետորները, սակայն,
խոսում էին հացի գնի մասին։
Եկան թախծոտները,
մելամաղձոտները,
կասկածամիտները-
ընկճախտից հյուծված,
եկան, որ անձամբ
փրկությունն ըզգան։
Տեսնելով նրանց՝ հռետորն ասաց.
ՙԳաղտնիք չէ, որ հինգ մատը
բռունցք է կազմում՚։
Դժբախտներն էլ եկան-
խուռներամ եկան,
եկան-շարվեցին,
որ, մեկ էլ տեսար,
երջանկությունը
նկատի իրանց։
ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
մի հատիկ բառն էր
կարմիրով գրված սպիտակ պաստառին։
Բախտավորներից էլ մի քանիսը եկան,
ովքեր գիտեին, որ բախտը ժպտում է,
թեեւ ժպիտը տեսած չկային։
Նրանք հովանոցներ ունեին
եւ արեւածաղկի սերմի բավարար պաշար
ու, վերջին շարքերում կանգնած՝
գոհանում էին,
երբ հռետորները խոսքն
ամեն անգամ
ավարտում էին
ՙԱյսպես այլեւս անկարելի է՚
բառերով։
Մեղքս ինչ թաքցնեմ՝
ես էլ այնտեղ էի,
եւ ուշ գիշերին, երբ
հեղափոխությունն ավարտվեց,
գնացի տուն՝
ոտնաթաթերի վրա,
զգույշ, անաղմուկ,
որ հանկարծ ոչ մեկին չարթնացնեմ։