Շատ խոնավ մաշկ
Շատ խոնավ մաշկը միշտ թաց է երևում, ինչն էլ չափից ավելի քրտնելու հետևանք է: Էսթետիսիանը չի կարող կարգավորել այս հարցը, համապատասխան մասնագետի պետք է դիմել, քանի որ դրա պատճառը ֆիզիկական ներքին, ինչպես հորմոնային կամ մետաբոլիկ, խախտումներն են: Այսպիսի մաշկ ունեցողները պետք է օգտվեն թեթև մաքրող նյութերից, բարձր տոկոսով սպիրտ պարունակող մաշկը մաքրող նյութերը հարմար չեն այսպիսի մաշկերին և կարող են այն գրգռել ու ավելի շուտ քրտնեցնել: Ցանկալի է, որ այսպիսի մաշկ ունեցողը կծու ուտեստներից խուսափի և իմանա, որ ոգելից խմիչքներն ու տաք ըմպելիքները լայնացնում են մաշկի անոթները և բարձրացնում մաշկի ջերմաստիճանը:
Այտուցված մաշկ
Այտուցված մաշկն ուռած է երևում: Դա տեղի է ունենում ջրային կուտակումներից: Այս երևույթը կարող է առաջանալ ներքին որոշ հիվանդությունների կամ որոշ դեղերի օգտագործման հետևանքով: Շատ տաք կլիման նույնպես կարող է այսպիսի երևույթ առաջացնել, սակայն դա անցողիկ է, ինչպես տեղային հյուսվածքների վնասվածքը: Այտուցվածությունը կարող է առաջանալ նաև արյան շրջանառության խախտումից (օրինակ՝ աչքերի շուրջ ուռածությունը), սխալ սնվելուց, որը պատճառ է դառնում, որպեսզի հյուսվածքների ջուրը մնա մաշկի տակ (օրինակ՝ աղ օգտագործելու կամ ոգելից խմիչք խմելու դեպքում):
Մաշկի տարիքը
Մարդու տարիքը շատ հաճախ ուղղակի կապ ունի մաշկի արտաքին խնդիրների հետ: Օրինակ, երիտասարդը հաճախ բողոքում է սև կետիկներից (կոմեդոն), ակնեներից և պզուկներից, որոնք ճարպագեղձերի ավելորդ արտադրության հետևանք են: Կամ, 25-ից բարձր տարիք ունեցողի մաշկը համարվում է հասուն մաշկ, որը, սակայն, ունի բավարար առաձգականություն, կոլագենի և էլաստինի առողջ շերտեր և մկանային ամուր կառուցվածք: Էսթետիսիանը մաշկին նայելով ու այն շոշափելով, տեսնելով նրա տեսքը, դեֆեկտները, կնճիռները և առաձգականությունը, պետք է կարողանա կռահել տվյալ մարդու տարիքը:
Հասուն մաշկ
Բարձր տարիք ունեցող մարդկանց մաշկային փոփոխությունները սերտ կապ ունեն հորմոնային փոփոխությունների հետ: Տարեց մաշկն ունի հետևյալ առանձնահատկությունները.
– Ճարպագեղձերի ու քրտնագեղձերի աշխատանքը նվազում է, և, հետևաբար, մաշկը չորանում է:
– Մաշկի էլաստինի շերտերը գնալով կորցնում են իրենց առաձգական հատկությունը:
– Կոլագենի շերտերը քայքայվում են, և կնճիռներ են հայտնվում մաշկի վրա:
– Մաշկի վերին շերտի (էպիդերմ) աճը դանդաղում է, հետևաբար` մաշկը բարակում է, և երբեմն դրա հետևանքով նկատելի են դառնում մազանոթները:
– Մազանոթները լայնանում կամ պատռվում են, հատկապես՝ քթի կողքերում և այտերի վրա:
– Մկանների թուլացումով՝ գնալով թառամում է դեմքը:
– Գնալով պակասում է մաշկի տակի ճարպը և այն պահպանող հյուսվածքները, և հետզհետե ավելի տեսանելի են դառնում ոսկորները:
– Արյան շրջանառությունը դանդաղում է, որի հետևանքով խանգարվում է մաշկի սնուցումը: Հետևաբար` մաշկը դեղնում է:
– Պակասում է մաշկի նյութափոխանակությունը (մետաբոլիզմ), որի հետևանքով արագ չի արտահանվում բջջային արտաթորանքը, և դեմքն այտուցված տեսք է ունենում:
– Մաշկի վրա երևան են գալիս պիգմենտացիաներ:
Տարիքի առաջացումով կարող են երևան գալ նաև այլ հատկություններ, որոնք մաշկի ծերացման հետևանք չեն համարվում, սակայն տարիքի հետ են կապված.
– Խալերը կարող են ավելի մեծանալ:
– Կարող են ավելանալ թելի պես փոքր գորտնուկները:
– Դեմքի որոշ հատվածների վրա մազակալումներ են նկատվում:
– Աչքերի շուրջ կարող են հայտնվել մուգ շրջանակներ կամ այտուցվածություն:
– Մաշկի կշռի 1/8-ը մաշկն է, որը մոտավորապես 1,5 քառ. մետր է (նայած մարմնի)։ Մաշկի ամենաբարակ մասը 0,05 մմ հաստություն ունի, իսկ ամենահաստ հատվածներն են` բռան մեջը և ոտքի տակը, շուրջ 5 մմ։
– Յուրաքանչյուր 5 օրը մեկ մենք կորցնում ենք մեր մաշկի մակերեսից մի լրիվ շերտ։ Տան փոշու 80 տոկոսը մաշկի մեռած բջիջներն են…
– Մաշկի կանխահաս ծերացումից խուսափելու համար տարվա բոլոր եղանակներին պետք է արևապաշտպանիչ նյութեր օգտագործել։
– Մաշկի ճիշտ մերսումը նաև լավացնում է արյան շրջանառությունը, հետևաբար` բջիջների սնուցումը և թթվածնի ընդունումը կատարվում է լիարժեք։
– Արևի վնասակար ճառագայթներն ուժեղանում են առավոտյան 11-ից մինչև ժամը 15.00-ն։ Հետևաբար` հատկապես ամռանն այդ ժամերին պետք է խուսափել արևի տակ լինելուց։ Արևի վնասակար ճառագայթների ազդեցությունը նկատելու համար ձեռքի մաշկը համեմատեք մարմնի՝ հագուստով ծածկվող որևէ այլ հատվածի մաշկի հետ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթը թափանցում է մինչև ջրի 1 մետր խորքը։ Հետևաբար, լողալուց ևս պետք է օգտվել արևապաշտպանիչ քսուքներից։ Դրա համար գոյություն ունեն ջրակայուն արևապաշտպանիչներ։
Ձվի դեղնուցով դիմակ
Չոր մաշկ ունեցողները կարող են օգտվել այս դիմակից: Ձվի դեղնուցը յուղ և խոլեստերին է պարունակում, և ճարպագեղձերի նվազ արտադրություն ունեցող մաշկերի համար օգտակար է: Այս դիմակը պատրաստելու համար 1 ձվի դեղնուցին ավելացրեք մի քանի կաթիլ խնձորի քացախ և մի քանի կաթիլ նուշի, զեյթունի կամ արևածաղկի ձեթ: Դիմակը կարող եք մաշկի վրա պահել մինչև 20 րոպե, այնուհետև այն մաքրեք ջրով կամ վարդաջրով թրջած բամբակով:
Վիկի ՕԴԵ
Դեկտեմբեր 9, 2006
168.am