Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում դերասան Վարդան Հովսեփյանն և ընտրյալը՝ Կարինե Նուրիջանյանը, միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին և փոխանակվեցին ամուսնական մատանիներով։ Tert.am Life-ը ներկա է եղել նրանց պսակադրությանը և իր ընթերցողներին է ներկայացնում հարսանեկան ֆոտոշարքը։
Զույգը պսակադրվեց Վարդանի ընկերոջ և կնքահոր` Հայկ Ոսկանյանի քավորությամբ։ Վարդանն ու Կարինեն նախընտրել են հայկական ավանդական երթուղով հարսանիք անել, իսկ արարողության նախապատրաստական աշխատանքներով երկուսով են զբաղվել։ Հարսանիք անելու որոշումը զույգը կայացրել է 1 ամիս առաջ։
«Մեծ հարսանիք չենք անում։ Հյուրերը մոտ 160 հոգի են։ Բոլորը մեր հարազատ ու մտերիմ մարդիկ են։ Իհարկե, շատ կցանկանայի ավելի մեծ հարսանիք անել, որին ներկա կլինեին բոլոր նրանք, ում կցանկանայի հրավիրել, սակայն շատ բան պայմաններն են թելադրում։ Վստահ եմ` այսօր շատ լավ է անցնելու ամեն ինչ, որովհետև հյուրերի մեծ մասն արվեստագետներ են, և բոլորն անակնկալներ են խոստացել»,- նշեց դերասանը։
Զույգը դեռ չի որոշել, թե որտեղ են անցկացնելու մեղրամիսը. «Հնարավոր է` հենց այս գիշեր որոշենք ու ինչ-որ տեղ մեկնենք։ Մենք սիրում ենք հանկարծակի որոշումներ կայացնել։ Այդպես եղավ նաև պսակադրության որոշումը, ընդամենը, 1 ամիս առաջ ենք որոշել, թե երբ ամուսնանանք»։
Վարդանը գիտակցում է, որ շատ պատասխանատու քայլ է անում, որը ենթադրում է փոփոխությունների փուլ։ «Մինչև եկեղեցի մտնելն առաջին հերթին պետք է ինքդ քո մեջ պատրաստ լինես ամուսնության։ Տղամարդն իր ներսում պետք է ընտանիք կազմելու, հայր դառնալու, իր ընտանիքը լավ պահելու, հայրենիքին պիտանի զավակներ ունենալու պատրաստակամություն ունենա։ Ես պատրաստ եմ ամուսնության»,- ասաց նա։
Դերասանի խոսքով` ինքն ու կինը շատ երջանիկ են. «Մենք երջանիկ ենք արդեն 1 տարի 5 ամիս։ Այս առիթը մեզ համար ձևական բնույթ չի կրում, սա մեր ուրախությունն է»։