Մարդուն խաբել և օգտագործել. Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի նոր հաղորդման անբարեխիղճ աշխատանքի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարդուն խաբել և օգտագործել. Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի նոր հաղորդման անբարեխիղճ աշխատանքի մասին

Հանրային հեռուստաընկերությունը տևական ժամանակ է, ինչ սկսել է իր նոր` «Եկեք հասկանանք» թոք շոուն, սակայն այն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ դրան մասնակցած հայտնի հյուրերը պնդում են, որ հաղորդումը պատրաստող ստեղծագործական խումբն անբարեխիղճ է աշխատում:

Նախորդ անգամ նման հայտարարություն էր արել դերասան Ալեքսանդր Բաբասյանը, իսկ այս անգամ հաղորդման հեղինակների զոհը դարձել է  դերասանուհի Ժաննա Բուտուլյանը: Վերջինս Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդման եթեր գնալուց հետո շատ վրդովված է, ավելին` զանգեր է ստանում մարդկանցից, ովքեր կիսում են իր մտահոգությունը` զարմանալով, թե որքան  սխալ ձևով է դերասանուհին ներկայացվել հաղորդման ընթացքում: Թեպետ հետաքրքիրն այն է, որ Ժաննային, ով արդեն բավական երկար ժամանակ է, ինչ խաղում է մեծ մասսայականություն ունեցող սերիալներում, նույնիսկ հարկ չէին համարել ներկայացնել որպես դերասանուհի: Ըստ նրանց` Ժաննանպարզապես  մարդ է, ով ունի շատ հետևորդներ, այն դեպքում որ դերասանուհուն հաղորդման էին հրավիրել` նշելով, որ խոսելու են այն մասին, որ նա իր գործունեությամբ է այդքան հետևորդներ ձեռք բերել, սակայն գործունեության մասին որևէ խոսք բուն հաղորդման մեջ չէր եղել:

«Ես տեղեկացա, որ նոր թոք շոու է սկսվել Հանրային հեռուստաընկերությամբ: Միանգամից լավ տպավորություն ունեցա, ինձ թվաց, որ լավ բան է լինելու:  Սակայն նախ նշեմ, որ ինձ հրավիրեցին մեկ անգամ նույն`Instagram-ի միջոցով հայտնի դառնալու թեմայով, գնացի Հանրային հեռուստաընկերություն, պարզվեց, որ հաղորդման նկարահանումները տեղի չեն ունենալու: Ես չէի խոսի այս ամենի մասին, քանի որ չեմ սիրում մարդկանց աշխատանքի վրա քար գցել և չեմ սիրում վատաբանել, որովհետև այս ամենը, գուցե, այնպիսի հետևանքներ ունենա, որ ոմանք կորցնեն իրենց աշխատանքը: Չեմ սիրում նման բաներ անել, դա ինձ համար հակաքրիստոնեական է: Ինչևէ, առաջին անգամ գնացի, չկայացավ նկարահանումը, ինձ էլ ասացին պատճառ, որին ես չհավատացի, բայց մեծահոգաբար լռեցի, ոչինչ չասացի` ցույց տալով, որ իբրև հավատացել եմ, որպեսզի իրենց վատ չզգան: Ինձ ասացին, որ ինչ-որ սկանդալ է եղել, բայց այդպես չէր, ուղղակի ինձ մոռացել էին զգուշացնել, որ նկարահանումները հետաձգվել են»:

Չնայած այդ ամենին` Ժաննան նշում է, որ ինքը նորից զանգ ստացավ ստեղծագործական խմբից, ովքեր իրեն կրկին հրավիրում էին տվյալ հաղորդմանը:

«Նրանց ասացի, որ ինձ Instagram-ի թեմայով այլևս չկանչեն, եթե այլ թեմաներ լինեն, կգնամ: Նշեմ, որ առաջին անգամ ինձ հրավիրում էին որպես հաղորդման փորձագետ, իսկ երկրորդ անգամ ասացին, որ պետք է  արդեն որպես հյուր լինեմ: Ասացի, որ այլևս չեմ ցանկանում մասնակցել այդ հաղորդմանը, բայց ի պատասախան դրա` նշեցին, որ ես հյուր եմ լինելու` որպես հակակշիռ մի աղջկա, ով մերկանում է Instagram-ում և դրա շնորհիվ հայտնի է դարձել, ես էլ կլինեմ մյուս բևեռը, ով բովանդակալից «փոսթեր» է անում, չի մերկանում և ունի շատ հետևորդներ, ովքեր նրան հետևում են իր գործունեության համար: Ես նրանց ասացի, որ լավ գիտեմ, թե ինչպես կարող է մոնտաժի արդյունքում այլ բան ստացվել, քանի որ միշտ էլ նման մտավախություն եմ ունեցել, սակայն հաղորդման պրոդյուսերն ինձ վստահեցրեց, որ նման բան չի լինի:  Գնացի նկարահանման, ինձ շատ նորմալ ներկայացրին, նույնիսկ վերջում շնորհակալությունս հայտնեցի` ինձ  նման ձևով ներկայացնելու համար»:

Դերասանուհու խոսքով` եթերային տարբերակում արդեն ամեն ինչ այլ էր: Նախ Ժաննային ներկայացրին որպես մարդ, ով չի մերկանում, սակայն  նրա Instagram-ից ընտրել և եթերային տարբերակում ներկայացրել էին միայն լողափում արված լուսանկարները.

«Դրանք կարող են օրինաչափ նայվել որպես ամառային լուսանկարներ, սակայն երբ բոլոր լուսանկարներից ընտրում և միայն դրանք են ներկայացնում, կարող է մարդկանց մոտ սխալ հասկացվել: Սակայն մոնտաժի խնդիրները դրանով չեն ավարտվել: Ես խոսում եմ, հաղորդման ընթացքում արտահայտում եմ մտքեր, որոնցից եթեր է գնում միայն երկուսը: Ի դեպ, ինձ հետ հաղորդմանը մասնակցում էր նաև «Ազատ խոսք»-ի Անդոն, ում էլ մոնտաժի շնորհիվ անոնսում այնպես էին ներկայացրել իբրև թե վիրավորված լքել է տաղավարը, այն դեպքում, որ հեռացել է լրիվ այլ պատճառով: Ինչ վերաբերում է իմ խոսքին, այն ամբողջությամբ մոնտաժված էր, թողել էին միայն երկու միտք, որոնից մեկն այնպես էին ներկայացրել, որ ես  քննադատում եմ Լիլի Մորտոյին. հակառակը` եթերում պաշտպանել եմ Լիլիին` նշելով, որ մարդիկ տարբեր են և ունեն գոյության իրավունք, և եթե բոլորս լինեինք միանման, կլինեինք անհետաքրքիր: Ես հասկանում եմ, որ եթերային ժամանակը սահմանափակ է, բայց դա էլ է գալիս իրենց ոչ պրոֆեսիոնալ լինելուց, հրավիրել էին շատ քանակով մարդկանց և բոլորի խոսքն իրենց ուզած ձևով մոնտաժել: Ես, ի վերջո, ամեն ինչ կհասկանայի, եթե այսքան խաբված չլինեի, եթե ինձ այսկերպ համոզելով չհրավիրեին և այս լույսի ներքո չներկայացնեին: Գոնե ինձ զգուշացնեին, թե ինչպես է լինելու, պարզապես չի կարելի մարդու տարիների աշխատանքը ջուրը գցել: Այսքան չէի վրդովվի, եթե այսքան խաբված չզգայի: Մարդկանց հավատում ես, վստահում ես, սակայն նրանք բիծ են դնում իրենց ամբողջ ալիքի վրա»:

Հատկանշականն այն է, որ Ժաննայի խոսքը մոնտաժելով` հաղորդման անձնակազմը չէր բավարարվել.

«Հաղորդման ընթացքում հաղորդավարները մեզ խնդրեցին եթերի վերջին րոպեները մեր անձնական էջերի միջոցով ուղիղ հեռարձակում անենք, ինչն էլ արեց «Ազատ խոսք»-ի Անդոն: Սակայն եթերային տարբերակում հաղորդավարների խոսքը հանված էր, պարզապես կար կադր, որում ես մոտեցել էի Անդոյին, ով ուղիղ հեռարձակում էր անում, սակայն մոնտաժի շնորհիվ տպավորություն էր, որ մենք սելֆի ենք անում, այսինքն` մենք այնքան դատարկ ենք, որ հաղորդման ընթացքում նման բաներով ենք զբաղվում: Պարզապես կասեմ, որ այս կյանքը մեկ օրով չէ, բերել մարդուն խաբել և օգտագործել, մանավանդ այն մարդուն, ով Ձեզ հարգում է և հավատում է Ձեր խոսքին»:

Նշենք, որ Ժաննան այնքան վրդովված էր, որ երեկ հաղորդման եթեր հեռարձակվելուց հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում էր արել` բարձրացնելով այս խնդիրը, սակայն մինչ այդ դրա մասին հայտնել էր հաղորդման կազմակերպիչներին.

Ամբողջությամբ՝ asekose.am