Առաջին ալիքով հեռարձակվող«Տանդեմ» կատակերգական սիթքոմը երկու դպրոցական ընկերների պատմություն է: Նրանցից մեկը երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն: Նրա` Հայաստան գալուն նպաստել է ԱՄՆ-ում բնակվող իր պապիկը, ում համար մեծ կարևորություն ունի իր թոռանը հայ աղջկա հետ ամուսնացնելը: Սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել առօրյա իրականությանը:
«Տանդեմ»-ի դերասանական կազմում են Ֆելիքս Խաչատրյանը, Արման Նշանյանը, Վիկտորիա Սահակյանը, Լեոն Սարգսյանը, Սոֆյա Պողոսյանը, Տաթև Ղազարյանը, Արման Մեժլումյանը և Անահիտ Հարությունյանը:
«Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում մոդել Անահիտ Հարությունյանը պատմել է սիթքոմում նկարահանվելու առաջին փորձի և իր դերի մասին:
«Սիթքոմում նկարահանվելու առաջարկն ստացել եմ Արման Նշանյանից: Հետո քասթինգի միջոցով ընտրվել եմ: Ես մարմնավորում եմ գինետան մենեջերին, որը միշտ տարված է իր աշխատանքով և ոչ ոքի ուշադրություն չի դարձնում. չնայած ամեն ինչ նկատում է: Բնույթով շատ խիստ է: Իմ դերի հետ կապված սիթքոմում սիրային զարգացումներ չկան: Պետք է շեշտեմ նաև, որ հագուստս փակ է, բաց կամ սեքսուալ ոչինչ չկա»,- հայտնեց մոդելը:
Ի դեպ, վերջինս, խոսելով իր առաջին փորձի մասին, նշեց, որ վատ չի ստացվել: Իրեն շատ են օգնել մյուս դերասանները, որոնք փորձառու են: «Սկզբում մի փոքր վախենում էի, որովհետև ես մինչ այս ֆիլմում չեմ նկարահանվել: Չգիտեի՝ արդյունքն ինչ կլինի: Կարծում եմ հեռուստադիտողը շատ խիստ չի դատի և հաշվի կառնի, որ դերասանական կրթություն և փորձ չունեմ»,- հավելեց նա:
Անահիտը նշեց, որ եթե հետագայում հետաքրքիր առաջարկներ ստանա, կընդունի: Մինչ այս ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ է ստացել, բայց չի համաձայնվել: Ինչո՞ւ այս մեկին համաձայնեցի, որովհետև թիմը շատ պրոֆեսիոնալ էր: Իրեն դուր է եկել թե՛ սցենարը և թե՛ կերպարը:
Հարցին՝ արդյոք նախկինում դերն է հանդիսացել առաջարկների մերժման պատճառը, մոդելը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող ասել, որ բաց տեսարաններում չեմ խաղա, բայց այլ տեսարանում կխաղամ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նախագիծ է և որտեղով է ցուցադրվելու»: