Վարկերը կարող են հանգեցնել ոչ միայն ֆինանսական կորուստների, այլ նաև առողջության զգալի վատթարացման, պարզել են Վաշինգթոնի համալսարանի Հասարակական առողջության դպրոցի (University of Washington School of Public Health) և Պետական քաղաքականության ու կառավարման դպրոցի (Evans School of Public Policy and Governance) գիտնականները վերջերս կատարած հետազոտությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Affairs ամսագրում:
«Հասարակական առողջապահության ոլորտում հետազոտությունները մինչև հիմա միանգամայն անբավարար են կատարվել: Հիմա մենք ապացույցներ ունենք, թե հատկապես ինչ պատճառներ են մարդկանց դրդում օգտվել առաջին հերթին վարկերի տրամադրման ծառայություններից»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Եժի Էյզենբերգ-Գայոտը:
Էյզենբերգ-Գայոտը վերլուծել է ԱՄՆ բնակչության ընդլայնված ժողովրդագրական ամենամյա հետազոտության տվյալները 2011-2016 թվականների ժամանակահատվածում: Անկետաները երկրորդ անգամ լրացվել են առաջին հարցաշարից 9 ամիս հետո: Մոտ 15 հազար հարցվածներ պատասխանել են վարկային ծառայություններից օգտվելու և իրենց բանկային կարգավիճակի, ինչպես նաև առողջական վիճակի վերաբերյալ հարցերին:
Ըստ որում՝ հետազոտողները վիճակագրական տարբեր մեթոդների օգնությամբ փորձել են որպես առանձին գործոն բացառել եկամուտների ցածր մակարդակը՝ կենտրոնանալով միայն առողջական վիճակի և վարկերի կապի վրա: Պարզվել է, որ վարկերի սպառողները և նրանք, ովքեր չունեն սեփական խնայողական բանկային հաշվեհամար, համապատասխանաբար՝ 38 և 17 տոկոսով ավելի հաճախ են իրենց առողջական վիճակը վատթար գնահատում, քան նրանք, ովքեր վարկերից չեն օգտվում և խնայողություններ ունեն:
Տվյալների մշակման արդյունքները ցույց են տվել, որ պարտքերն ու վարկերը, ամենայն հավանականությամբ, իրենց ավանդն են ունեում առողջական վիճակի վատթարացման մեջ, չնայած հիմնական դերակատարում չունեն: Ակնհայտ պատճառների թվում է վարկը մարելու համար ավելի շատ աշխատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պարտքի հետ կապված նյարդային լարվածությունը:
«Այս հետազոտությունը քաղաքական շատ հետևանքներ ունի: Մի քանի եղանակներ կան, որոնցով մենք կարող ենք սոցիալական պաշտպանության համակարգը վերակառուցել և պետության սոցիալական քաղաքականությունն այնպես հարմարեցնել, որ օգնեն վարկային ծառայություններից օգտվող մարդկանց: Պետական և տեղական մակարդակներով փոփոխությունները կօգնեն բնակչության անպահով շերտերին, որոնք վարկերի հետևանքով ամենից ավելի սաստիկ են տառապում՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ առողջական իմաստով»,- եզրակացրել են հետազոտողները: