Եթե ուզում եք ապրել երկար, լիարժեք և առնվազն մումիայի տեսք չունենալ, ուրեմն միս կերեք:
Վեգաններ անվանում են խստականոն բուսակերներին, որոնք բացի մսից՝ իրենց սննդակարգից բացառում են նաև կենդանական ծագման ցանկացած բաղադրիչներ՝ ձու, կաթ, մեղր: Այս սննդակարգին հետևողների թիվը տարեցտարի ավելանում է: Այս մարդիկ վստահ են այն բանում, որ առողջացնում, օրգանիզմը ամրապնդում և երկարակեցություն է երաշխավորում սոսկ բուսական սնունդը: Իսկ ահա սպանված կենդանիների միսը, ընդհակառակը, հանգեցնում է վաղաժամ ծերության և էականորեն կրճատում է կյանքի տևողությունը: Սակայն բժիշկները դրան հակառակ՝ պնդում են, որ մսի գոնե մինիմալ քանակություն ճաշի սեղանին պետք է լինի: Սա հատկապես վերաբերում է երեխաներին և մինչև 18 տարեկան անչափահասներին: Մսի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ատամների, քաշի և օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա, որն այդ տարիքում դեռ լիովին ձևավորված չէ:
Մինչև 6 տարեկան երեխաներին օրական ամենաքիչը 140 գրամ միս է հարկավոր, կանանց՝ 130-150 գրամ, տղամարդկանց՝ 130-180 գրամ:
Ոչ ոք չի պարտադրում ամեն օր միս ուտել: Լավագույնս յուրացման և լյարդի ու երիկամների բեռնաթափման համար հարկավոր է շաբաթական մի քանի օր հայտարարել բուսակերային կամ ձկնային օրեր:
Ի դեպ: Կենդանական ծագման մթերքներից վիտամիններն ու հանքանյութերը մարդու օրգանիզմի կողմից ավելի արագ են յուրացվում, քան բուսական ծագման մթերքներից վիտամիններն ու հանքանյութերը: Մեծահասակները պետք է ուշադրություն դարձնեն այն բանի վրա, որ տարիքի հետ բուսակերություն դավանող մարդկանց մկանային զանգվածը բավականին չորանում է, և այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում միս ուտել ու ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել մկանները և օրգանիզմն ընդհանրապես ֆիզիկական լավ վիճակում պահելու համար:
Կեղծ թեթևություն
Բուսական սննդի սպառողները պարծենում են նրանով, որ մսի բացառումը սննդակարգից օրգանիզմին թեթևություն է բերում, մարդն ավելի խաղաղ է դառնում ու խաղաղասեր, քանի որ, ինչպես իրենք են ասում, չի ուտում կենդանիների դիեր: Իրականում այդ թեթևությունը թվացյալ է և ժամանակավոր երևույթ: Քիչ ավելի ուշ, երբ օրգանիզմում վերջանում են կենդանական ծագման սննդից ստացվող միկրոէլեմենտների պահուստները, օրգանիզմը սկսում է հյուծվել ու կորցնել ուժերը: Խաղաղասիրություն ասվածն այս պարագայում պայմանական հասկացություն է, քանի որ բուսակերը կամ վեգանը պարզապես արդեն այնքան անուժ է, որ ոչինչ, անգամ՝ նորմալ քայլել ու հստակ մտածել, չի կարողանում: Իսկ դա կապված է այն բանի հետ, որ երկաթ կարելի է ստանալ մսից, այլ ոչ՝ խնձորից ու հնդկաձավարից, քանի որ բուսական ծագման երկաթը շատ վատ է յուրացվում: Հայտնի փաստ է, որ երկաթի պակասը հանգեցնում է ակտիվության նվազման, և երեխան սկսում է հետ մնալ հոգեկան զարգացման մեջ: Իսկ մեծերի մոտ վատանում է հիշողությունը, թուլություն ու գլխապտույտ է առաջանում: Մսի, ձկան, կաթնաշոռի, պանրի, ձվի մեջ պարունակվող ամինաթթուների բացակայությունն օրգանիզմում կարող է վահանաձև գեղձի, լյարդի, մակերիկամների և նյարդային համակարգի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Ամինաթթուների պակասը լրացնելու համար բուսակերներին անընդհատ խորհուրդ են տալիս ընդունել հատուկ ամինաթթվային հավելումներ:
Չկա միս՝ չկան երեխաներ
Ամեն ինչի մեջ հավասարակշռությունը պետք է պահպանվի, իսկ երբ այն խախտվում է, սկսում է չհերիքել մեկ՝ մի բան, մեկ՝ մի ուրիշը: Մսից հրաժարվելու արդյունքում մարդը սկում է B12 վիտամինի պակաս ունենալ, ինչն էլ կարող է հանգեցնել սակավարյունության, որի պարագայում հնարավոր են ցնցումներ, քնի խանգարում, հոգեկան անկայուն վիճակ, մտավոր գործունեության որակի վատացում, դրական տրամադրվածության բացակայություն: Երբեմն չափազանց ցածր հեմոգլոբինը կարող է նաև մահվան պատճառ հանդիսանալ:
Սննդակարգում կենդանական ծագման մթերքների բացակայությունը հավանաբար կբերի նաև օրգանիզմում D վիտամինի դեֆիցիտի, իսկ դրա ոչ բավարար քանակությունը երեխաների մոտ կարող է ռախիտի պատճառ դառնալ, իսկ մեծերի մոտ կսկսեն հեշտությամբ կոտրվել ոսկորները: Տավարի մսի հետ օրգանիզմ է ներմուծվում կրեատին, առանց որի՝ կարելի է մոռանալ լավ հիշողության, առույգության և ֆիզիկական ակտիվության մասին: Եվ չպետք է մոռանալ նաև խոլեստերինի մասին, որն այնուամենայնիվ անհրաժեշտ է, քանի որ ազդում է բջիջների և սեռական հորմոնների ճիշտ զարգացման վրա: Եթե երազում եք ընտանիքի համալրման մասին, միս կերեք.
Այս խորհուրդն են տալիս վերարտադրողական բժշկությամբ զբաղվող մասնագետները կանանց և տղամարդկանց: Պետք է հիշել նաև անփոխարինելի ճարպաթթուների մասին, որոնք նույնպես պարունակվում են մսի մեջ և ազդում են երեխայի գլխուղեղի զարգացման ու գործունեության վրա: Ճարպաթթուներից են կախված մտավոր ունակությունները: Օմեգա-թթուներ պետք են և մեծերին, և երեխաներին, ինչպես նաև՝ հղիներին, քանի դեռ ընթանում է պտղի ձևավորման շրջանը:
Ի դեպ: Բժիշկները խորհուրդ չեն տալիս բուսական սննդակարգին անցում կատարել հղիներին, կերակրող մայրերին, ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց և երեխաներին: Բուսակերությունը հակացուցված է նաև այն անձանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի, վահանաձև գեղձի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ:
Ոչխարի ճարպը խոլեստերին չի պարունակում
Տավարի մսի օգտակարության մասին արդեն խոսեցինք, իսկ ահա խոզի մսի մեջ, բացի B խմբի վիտամիններից, կա նաև ցինկ, որը պատասխանատու է առողջ մաշկի, մազերի և եղունգների լավ աճի համար: Շատ մարդիկ այնքան էլ շատ չեն սիրում ոչխարի միս՝ յուրատեսակ հոտի և համի, ինչպես նաև՝ յուղոտ լինելու համար: Սակայն չափավոր քանակությամբ ոչխարի միսը շատ լեցիտին է պարունակում: Այս օրգանական նյութն անոթները պաշտպանում է խոլեստերինային խցանումներից, իսկ հենց ինքը՝ խոլեստերինը, ոչխարի մսի մեջ ավելի քիչ է պարունակվում, քան մեկ այլ տեսակի մսի մեջ: Ի դեպ, վիտամինների և միկրոէլեմենտների տեսանկյունից ոչխարի միսն ամենաօգտակարն է համարվում, իսկ նրա չափից առավել մեծ կալորիականությունն առավել, քան միֆ է, եթե չվերցնես ամենայուղոտ կտորները: 100 գրամ ոչխարի միսը պարունակում է 200 կիլոկալորիայից քիչ ավելի՝ այն դեպքում, երբ 100 գրամ ընկույզի մեջ կա 600-700 կիլոկալորիա:
Սոֆա Պետրոսյան