Հավանաբար մեզնից շատերը կցանկանային ծնվելիս նվեր ստանալ մի տեղեկատու, որը հետագա մեր ողջ կյանքի ընթացքում կօգներ մեզ ապրել անհոգ և երջանիկ: Բայց, ցավոք, մենք ամեն ինչ ստիպված ենք լինում ճանաչել և իմանալ սեփական փորձով, եթե պատրաստ չենք լսել նրանց իմաստուն խորհուրդները, ով իր կյանքում արդեն իսկ անցել է որոշակի հանգամանքների միջով:
Երբեք ուրիշների ուսերի վրա մի դրեք պատասխանատվությունն այն բանի համար, ինչ կատարվում է ձեր սեփական կյանքում:
Հասկանալի է, որ գայթակղությունը մեծ է, բայց խնայեք ինքներդ ձեզ: Միայն այն պահին, որ դուք ձեր մեջ իսկապես կընդունեք «ես եմ հեղինակն իմ սեփական անհաջողությունների և արարիչն իմ ձեռքբերումների» որոշումը, դուք հիրավի հզոր ուժ կստանաք:
Ընդունեք այն փաստը, որ անցյալն արդեն չես փոխի, այն ավարտվել է:
Մենք կարող ենք ազդեցություն ունենալ միայն մեր ապագայի վրա, որն ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչ ենք անում մենք հիմա, կոնկրետ ներկա յուրաքանչյուր րոպեին: Մի սպասեք, որ ապագան ժպտալու է ձեզ: Արեք այնպես, որ նա կարողանա ժպտալ ձեզ:
Ազատվեք այն պատրանքից, թե դուք կարող եք փոխել այլ մարդկանց:
Ենթագիտակցորեն մենք բոլորս էլ տառապում ենք այդ միամիտ մոլորությամբ, իսկ արդյունքում՝ տառապում ենք բառի ուղիղ իմաստով: Մարդկանց փոխում են միայն հանգամանքները, մնացած ամեն բան սոսկ ընկալման խաբկանք է: Թույլ տվեք նրանց ուրիշ լինել, տարբերվել, և ինչ-որ պահի դուք դրանից կսկսեք անգամ հաճույք ստանալ:
Ուրիշներին մենք ուժեղ ենք պետք:
Թույլ, հոգնած, տառապած, դժբախտ լինելով՝ մենք ոչ ոքի պետք չենք: Եթե նրանք այնպես են ցույց տալիս, որ գործերն ինչ-որ այլ կերպ են ընթանում, ապա ձեզ պարզապես մոլորության մեջ են գցում: Կուլ մի տվեք խայծը: Համաձայնեք այս կանոնի բացարձակության հետ, շունչ քաշեք, ձեզ թափ տվեք, և կհասկանաք, որ վշտանալու առիթ չկա:
Բոլոր մեր գործողություններն ունենում են որոշակի հետևանքներ:
Եվ, ըստ էության, մենք միշտ ընտրում ենք ոչ այն, ինչ մենք անելու ենք, այլ այն, թե ինչ է լինելու մեր գործողության արդյունքում: Այդ պատճառով էլ մինչև ինչ-որ հիմարություն անելը լավ մտածեք դրա հետևանքների մասին, և այդ ժամանակ ձեր հետագա կյանքում հիմարություններ ավելի քիչ կանեք:
Մի ապրեք այնպես, ասես հավերժ եք ապրելու:
Մեզնից յուրաքանչյուրն էլ մի օր մահանալու է: Դա անխուսափելի բժշկական փաստ է: Կարելի է, իհարկե, դրա պատճառով տառապել և տանջվել, սակայն կարելի է նաև ինքդ քեզ վրա ուժ գործադրել ու չմտածել դրա մասին մեկընդմիշտ: Մի ապրեք այնպես, ասես հավերժ եք ապրելու, և մի ապրեք այնպես, ասես վաղն եք մեռնելու: Իմաստավորեք այս 2 պնդումները, և դուք կգտնեք երջանիկ ապրելու ձեր սեփական բաղադրատոմսը:
Արեք այն, ինչ ներքուստ կարևոր եք համարում:
Եթե ձեզ մտահոգում են կյանքի իմաստի շուրջ մտորումները, հավանական է, որ պարզապես ձեզ մոտ ընկճախտ է սկսվում: Կարևոր է ոչ թե կոնկրետ կյանքի իմաստը, այլ իմաստավորված ապրելու զգացողությունը: Արեք այն, ինչ իսկապես ներքուստ կարևոր եք համարում: Մի մոռացեք ինքներդ ձեզ ասել այդ մասին: Եվ մի ընկեք հաջողության հետևից, որովհետև, եթե դուք իսկապես անում եք այն, ինչ կարևոր եք համարում, հաջողությունն ինքը կընկնի ձեր հետևից:
Երբեք ձեր ժամանակն ու ուժերը մի վատնեք նրանց վրա, ով ձեր նկատմամբ անտարբեր է, և նրանց վրա, ովքեր ձեզ չեն սիրում:
Այս աշխարհում շատ մարդիկ կան, որոնց հետ կյանքն ապրելն ուրախություն է պարգևում: Պարզապես պետք չէ լինել փակ ու կասկածամիտ: Հավատացեք, որ բաց ու բարի լինելով՝ դուք ոչինչ չեք կորցնում:
Սոֆա Պետրոսյան