Առաջին ալիքի եթերում հեռարձակվող սիրված հաղորդումներից մեկի՝ «Լավ երեկո»-ի նոր եթերաշրջանը մեկնարկել է։ Առաջին հաղորդումը նախորդներից տարբերվող էր, քանի որ «Լավ երեկո»-ի տաղավարում հաղորդավարներից միայն Արամ MP3-ն էր։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Գարիկը վիրահատության է ենթարկվել՝ ողնաշարի խնդիրների պատճառով, այդ իսկ պատճառով չի կարողացել մասնակցել նկարահանումներին։ Այս պահին հաղորդավարն իրեն լավ է զգում, բայց դեռ վերջնականապես չի ապաքինվել և դեռ եթեր դուրս չի գա։ Այս մասին հայտնեց Արամ MP3-ն։
«Նախօրոք արդեն որոշված էր, որ մարտի 9-ին պետք է երկրորդ եթերաշրջանը մեկնարկի։ Բացի այդ, հեռուստադիտողն էլ էր անհամբեր սպասում։ Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող երկար ընդմիջում տալ։ Առանց Գարիկի տարբերվող էր առաջին հաղորդումը։ Չնայած մեծ թիմ է աշխատում, և ես մենակ չեմ եղել, բայց երկուսով ավելի հետաքրքիր է»,- ասաց Արամը։ Արտիստի փոխանցմամբ՝ ևս երկու շաբաթ և Գարիկը կվերադառնա եթեր։
Հարցին՝ ինչպե՞ս է Գարիկը մասնակցել հաղորդման անոնսի նկարահանումներին, արդյո՞ք դժվարություններ չեն առաջացել, Արամը պատասխանեց․«Առանձնապես ինչ-որ դժվարություներ չեն եղել։ Անոնսների նկարահանումներին ամեն ինչ նախապես պատրաստ է լինում։ Գալիս ես, նկարահանվում և վերջ։ Դրա համար Գարիկի համար հեշտ էր։ Իսկ հաղորդման նկարահանման ժամանակ լինում են չնախատեսված պահեր։ Երբեմն ժամանակատար է և այդքան էլ հեշտ չի անցնում, ինչպես երևում է եթերում։ Ավելի ճիշտ կլինի նա վերջնական ապաքինվի նոր վերադառնա եթեր»,- եզրափակեց Արամը։