Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մարտի 19-ից կմեկնարկի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմը, որը հասցրել է դառնալ սկանդալային` տարածված տեսանյութերի և հումորային դարձած որոշ հատվածների շնորհիվ։
Tert.am Life-ը նախագծի պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանի հետ զրուցել է ֆիլմի, դրա վերաբերյալ քննադատությունների, մեմ դարձած արտահայտությունների և իր ընտանիքին ֆիլմը ցույց տալ-չտալու մասին։
Գոռն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է ոստիկանական համակարգում` ոստիկանապետի աջակցությամբ: Գոռն այս ֆիլմում առաջին անգամ ոստիկանական համազգեստով է ներկայացել: «Մենք ցույց ենք տալիս ոստիկանության կարևորությունը մեր երկրում։ «Հրեշների գայլը» շատ ուսուցողական ֆիլմ է։ Կարծում եմ` արդեն ժամանակն էր, որ այս ֆիլմը եթեր գնար, որովհետև մենք ցույց ենք տվել, որ անգամ ոստիկանական համակարգի մեջ կան բացասական մարդիկ, ավելի կարևոր է պայքարել նման մարդկանց դեմ:
Ֆիլմում մենք ներկայացնում ենք ոստիկանության նշանակությունը հասարակության կյանքում, մարդկային հարաբերությունները, պայքարն անարդարության դեմ: Սա ֆիլմ է, որը ցույց է տալիս կյանքի վատ կողմերը, որոնց դեմ պայքար է տարվում»,- նշեց նա։
Գոռ Վարդանյանը նկատեց, որ աղմկահարույց ֆիլմը բավականին մեծ դիտողականություն է ունեցել։ «Ամեն սերիան նայել են 3 միլիոնից ավելի, դա պատահական լինել չի կարող: Մինչև օրս, երբ շփվում եմ մարդանց հետ, բոլորը խոսում են «Հրեշների գայլից»։ Ամենահետաքրքիրն այն է, որ երիտասարդ շատ տղաներ դրական են արտահայտվում ոստիկանի կերպարի մասին: Բոլորն ասում են` ուզում ենք մեր ոստիկանական համակարգում նման հերոսներ լինեն»,- շեշտեց Գոռը և հավելեց, որ այդպիսի հերոսները ոստիկանական համակարգում բավականին շատ են:
Թե ինչու է որպես խորագիր ընտրել «Հրեշների գայլը», Գոռը պարզաբանեց, որ հրեշները մարդկանց վատ շրջապատն են, իսկ գայլն այն կենդանին է, որը չի վարժվում, ապրում է իր օրենքներով: «Գայլն էլ է հրեշ, բայց որպեսզի հրեշների դեմ պայքարող լինի։ Այդպիսի պայքարի համար պետք է լինի գայլի բնավորությամբ մեկը: Մեր հերոսը գայլի հոգեբանությամբ և տեսակով մի կերպար է, որը չի ենթարկվում այլ շահագրգռումների»,- ասաց նա։
Այս ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց Գոռի ռուսերեն մի արտահայտության համար, որը մեմ դարձավ համացանցում։ Դերասանն առաջին անգամ խոսեց այս միջադեպի մասին։ «Ես չէի խոսում այդ մասին, որովհետև կարծում եմ` այդտեղ մեկնաբանելու բան չկար, կարևորն այն է, որ մարդիկ խոսում են այդ մասին։ «Ս» տառի փոխարեն «շ» է գնում, թե հակառակը, ինչ կապ ունի։ Եթե իմանայի, որ արձագանքն այդքան մեծ կլինի, 2 տեղ նման բան կանեի։ Շատ լավ եղավ, որ այդպես ստացվեց։ Դա մեծ PR էր։ Շատ գեղեցիկ եղավ, միլիոնավոր մարդիկ այդ մի տառի վրա սկսեցին մեծ PR անել մեզ համար։ Մտածում եմ հաջորդ ֆիլմում էլ այդպիսի մի վրիպում անել,- ասաց նա ու նկատեց, որ նման քննարկումները միայն դրական են ազդում ֆիլմի ռեյթինգի վրա,– Հոլիվուդում պրոֆեսիոնալները միլիոններ են ծախսում սև PR անելու համար, միտումնավոր սխալներ են թույլ տալիս։ Եթե լինում է պատահական մի սխալ, որը կարող է նման ալիքի հիմք դառնալ, իմ կարծիքով, տվյալ պրոդյուսերի հաջողությունն է։ Ամեն էլեմենտ չէ, որ կարող է քննարկումների լայն ալիք բարձրացնել։ Ես պրոֆեսիոնալ աչքով եմ մոտենում այդ ամենին»։
Չնայած Գոռի նախագծերը բարձր ռեյթինգ են ունենում, միաժամանակ քննադատության մեծ ալիք են բարձրացնում։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք հաշվի առնում է քննադատությունները` շտկումներ անելու նպատակով։ «Երբ շատ են քննադատում, նշանակում է աշխատանքն իրենից մի բան ներկայացնում է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ որքան շատ են վատ բաներ ասում, այնքան լավն է ֆիլմը։ Քննադատությունները լինում են 2 կարգի` խելացի քննադատություններ, որոնք անում են խելացի մարդիկ, ովքեր վերլուծում են ֆիլմը և դատարկ, որոնք անում են մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում միայն բազմոցին նստած են եղել։ Երկրորդ խմբի կարծիքն ինձ չի հետաքրքրում, ուղղակի հետաքրքրում է, որ իրենք խոսեն։ Ինչ վերաբերում է առաջին խմբին, բնական է, ցանկացած աշխատանքում լինում են վրիպումներ, սխալներ։ Չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում։ Պետք է հաշվի առնել խելացի մարդկանց կարծիքները, ովքեր իրենց կյանքում ինչ-որ բան են արել»,- ասաց նա ու հավելեց, որ շատ է կարևորում կարծիքներ լսելու և դրանք վերլուծելու ունակությունը։ Իր շրջապատում կան մարդիկ, որոնց կարծիքը, անպայման, հաշվի է առնում։
Գոռի ֆիլմերը հաճախ քննադատվում են հասարակության մեջ վատն արմատացնելու համար, ինքը, հակառակը, կարծում է, որ վատտ ցույց տալով ու դրա դեմ պայքարելով, սովորեցնում են լավը։ Գոռի խոսքով` ինքն իր ֆիլմերը դիտում է ընտանիքի անդամների, այդ թվում` երեխաների հետ։
«Ես տարբեր մասնագիտություններ ունեմ, որոնցից ամենակարևորն այն է, որ ես օրինակ եմ երեխաների, երիտասարդների համար` որպես Դոկանտոյի ֆեդերացիայի նախագահ, մանկավարժ, Երևանի սպորտային աշխատանքները համակարգող։ Դա կապված է նաև իմ կերպարի հետ։ Ցանկացած քայլ պետք է արվի այնպես, որ դա լինի օրինակ։ Ես շատ ուշադիր եմ այդ հարցում։ Բնականաբար, ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է։ Մտածում եմ` իմ ընտանիքն ի՞նչ է քաղում ֆիլմից, որից հետո եմ դա փոխանցում մնացածին։ Եթե ես այսօր աշխատում եմ ուրիշի երեխաների հետ, նշանակում է, այդ ընտանիքներն իրենց սրբություններին` երեխաներին հանձնում են մեզ, որպեսզի դաստիարակենք իրենց։ Ես իրենց վերաբերում եմ իմ սեփական երեխաների պես։ Մտածում եմ` ես դա կանե՞մ իմ երեխայի համար, թե՞ ոչ։ Այդ աքսիոմայով ենք աշխատում մյուս բոլոր բնագավառներում։ Իհարկե, իմ երեխաները նայում են իմ ֆիլմերը, պարտադիր պետք է նայեն։ Սակայն ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ սա գեղարվեստական ֆիլմ է, որքան էլ հիմնված լինի իրական պատմության վրա»,- ասաց նա։
Իր բոլոր ֆիլմերում, բացառությամբ մեկի, Գոռը ներկայանում է իր անունով։ Դերասանից հետաքրքրվեցինք, արդյոք սա նշանակում է, որ ինքն իրեն է խաղում։ Նա նկատեց, որ իրեն չի խաղում, սակայն այն կերպարները, որոնք խաղում է, շատ հոգեհարազատ են իրեն։