Գիտնականները հարցում են անցկացրել աշխարհի 35 տարբեր երկրներից 1000 մարդու շրջանում, որի ընթացքում պարզել են, որ առավել գայթակղիչ են համարվում համաչափ ուռուցիկ շրթունքները, հայտնում է Independent-ը:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Cranio-Maxillofacial Surgery գիտական ամսագրում, հարցվածների 60 տոկոսը վերին և ստորին շրթունքների միջև 1:1 հարաբերակցությունը համարել են առավել գրավիչ ձև: Այլ խոսքով՝ ամենասեքսուալ է ճանաչվել այն ձևը, որի դեպքում վերին և ստորին շրթունքները չափով միատեսակ են:
Հետազոտության հեղինակ, բժիշկ Փոլ Հայդեքրյուգերը նշում է, որ շրթունքների այսպիսի ձև ունի հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը: Նա ընդունել է, որ իրենց հետազոտության արդյունքների համաձայն՝ Յոհանսոնի շրթունքները համարվում են շրթունքների ամենասեքսուալ ձևի կատարյալ օրինակ:
Երկրորդ հորիզոնականում է մի փոքր ուռուցիկ ստորին շրթունքի ձևը, ինչպիսին աստղ և բիզնեսվումեն Քայլի Ջենների մոտ է, ում հաջողվել է իր շրթներկերի հավաքածուի շնորհիվ մի ամբողջ կայսրություն ստեղծել:
Ի դեպ, մեկ այլ հետազոտության համաձայն, որն ավելի վաղ անցկացրել է բրիտանացի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան, ամենասեքսուալ շրթունքներն ունի ամենևին էլ ոչ Ջենները և նույնիսկ ոչ Յոհանսոնը, այլ քանթրի երգիչ Թեյլոր Սվիֆթը:
Նրա շրթունքները համաչափ են, նաև վերևի շրթունքի միջնամասում վառ արտահայտված փոսիկ կա՝ այսպես կոչված Կուպիդոնի աղեղ: Դե Սիլվայի կարծիքով՝ շրթունքների հենց այս առանձնահատկությունն է տղամարդկանց առավել գրավիչ թվում:
«Թեյլորի շրթունքները հիասքանչ են: Նա բերանի հրաշալի ձև ունի և ընդգծված «Կուպիդոնի աղեղ»՝ շրթունքների ձևի յուրահատկություն, որով երազում են օժտված լինել իմ բոլոր հաճախորդները: Ռիհաննայի շրթունքները ևս մեծ հանրաճանաչություն են վայելում և նրա մոտ նույնպես, ինչպես Թեյլորի մոտ, «Կուպիդոնի աղեղը» ընդգծված է»,- նշում է մասնագետը:
Դե Սիլվայի խոսքով՝ շրթունքները սկսում են բնականորեն փոքրանալ 28 տարեկանից սկսած: Սա կապված է կոլագենի և գիալուրաթթվի արտադրման դանդաղմամբ: Նա նշել է, որ հենց այս տարիքում են կանայք սկսում մտածել շրթունքների ձևի շտկման և դրանք մեծացնելու մասին:
Ջուլիան Դե Սիլվան մարտին որոշել է, որ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքում ամենագրավիչ կինն է: Նա 36-ամյա Մարքլի, Քեմբրիջի դքսուհու, Զառա Ֆիլիփսի, արքայադուստր Բեաթրիսի և արքայադուստր Եվգենյայի դեմքի կառուցվածքը վերլուծել է «ոսկե հատման» սկզբունքներով: Արքայազն Հարրիի հարսնացուի համամասնությունները ստացել են 87,4 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է Քեյթ Միդլթոնը՝ ստանալով 86,8 տոկոս: Երրորդ տեղում է Զառա Ֆիլիփսը՝ 81,6 տոկոս: