Դրամատիկական թատրոնի հանդիսատեսը փորձում է զբաղեցնել տեղերը, իսկ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը բեմից հետևում է այդ ընթացքին։ Բլանշի կերպարով նա սպասում է իր բեմելին, չնայած թատերական բազմամյա փորձին` հուզված է։ Սուրեն Շահվերդյանի բեմադրած «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումը Լուիզա Ղամբարյանի, Ստեփան Ղամբարյանի, Նարինե Պետրոսյանի և Արամոյի մասնակցությամբ հանդիսատեսի դատին է հանձնվում երկրորդ անգամ։ Հանդիսատեսի շարքերից Սուրենն ուշի ուշով հետևում է ներկայացման ընթացքին, Tert.am Life-ը` նույնպես։
Թենեսի Ուիլյամսի պիեսը մոտ 20 տարի առաջ Սուրենը բեմադրել է հոր` Վահե Շահվերդյանի հետ` Նելլի Խերանյանի և Մուրադ Ջանիբեկյանի մատուցմամբ։ Տարիներ անց Սուրենը որոշել է միմիայն իր մոտեցումներով և պատկերացմամբ ներկայացնել պիեսը` ընդգրկելով դերասանական նոր կազմ։ Մինիմալիստական լուծուներով ներկայացումը հիմնված է դերասանների խաղի, էներգետիկայի ու ռեժիսորական լուծումների վրա։ բեմը զարդարված է համեստ, բայց գեղեցիկ։ «Այսօր բարդ է հանդիսատեսին կենտրոնացնել, սա մեծ շոու չէ. մենք մինիմալիզմի մեջ ներկայացում ենք խաղում, որտեղ բացի դերասանների խաղից և ռեժիսորական լուծումներից ոչնչով չենք կարող զարմացնել հանդիսատեսին»,- նկատեց ռեժիսորը։ Իսկ զարմացնել հանդիսատեսին նրան հաջողվել էր։ Ամենաբարձր գնահատականներից մեկը, թերևս, այն էր, որ հետնաբեմում Վահե Շահվերդյանն ընկերների հետ զրույցում ասաց, որ որդին գերազանցել է իրեն։
Առաջին ներկայացումից հետո ստեղծագործական թիմը 1 օր է հասցրել փորձ անել, քանի որ Սուրենն արտերկրում էր։ Շտկումներ անել լիարժեք չեն հասցրել, սակայն ռեժիսորն ունի իր դիտողությունները։ Սուրենը նկատեց, որ մինչև հաջորդ ներկայացումը մի քանի փորձի ժամանակ կա, որի ընթացքում բավականին աշխատանք ունեն անելու։ «Շտկելու բաներ, վստահաբար, կան։ Ես այն ռեժիսորներից եմ, որը, գրեթե, գոհ չի լինում իմ արած աշխատանքից։ Ներկայացումը կենդանի օրգանիզմ է, որը ժամանակի հետ պետք է զարգանա ու ավելի էմոցիոնալ դառնա։ Որոշ թույլ տեղեր կան, պետք է ուժեղանան, որոշ տեղերում պետք է շտկել չափազանցությունը։ Աշխատանք կա, սակայն, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ գնահատողը հանդիսատեսն է, որը, ինչպես տեսնում եմ, շատ լավ է ընդունում և շունչը պահած հետևում է ներկայացմանը»,- նկատեց ռեժիսորը։
Թեև Բլանշի դերակատար Լուիզա Ղամբարյանի խաղի մասին ռեժիսորը որոշ դիտարկումներ ուներ, հանդիսատեսը ներկայացման ավարտին նրան ծափահարեց հոտնկայս` այդպիսով տալով իր գնահատականը։ «Սուրենն ուներ դժգոհություններ։ Նա մշտապես ինձանից և՛ գոհ է, և՛ դժգոհ։ Ես դա համարում եմ նորմալ գնահատական, որովհետև մենք կարողանում ենք կես խոսքից հասկանալ իրար։ Նա խստապահանջ է իմ դեպքում։ Որքան փորձում եմ բավարարել իր ռեժիսուրայի պահանջները, այնքան դրանք ավելի ու ավելի են շատանում։ Կատարողական իմաստով ամեն ինչ ընթացել էր նորմալ, սակայն կան զգացողություններ, որոնք նրան չեն գոհացնում։ Գուցե, հանդիսատեսը չզգա դա, սակայն Սուրենը կարող է այնպիսի փոքրիկ դիտողություն անել, որը շտկելուց հետո ամեն ինչ իսկապես շատ ավելի ազդեցիկ լինի։ Որքան էլ ես լինեմ փորձառու, ամեն անգամ հուզմունք կա, որի արդյունքում կարող են բացթողումներ լինել։ Ես դա նորմալ եմ համարում, երբ ամեն անգամ նկատում ես քայլերիդ առաջընթացը, միաժամանակ հասկանում ես, որ շատ ավելին կարող ես անել, սպասելիքներն ու ակնկալիքները շատ են։ Մշտապես պետք է գնաս կատարելագործման ուղով, դա աննկատ պրոցես է, սակայն ստիմուլ է տալիս արվեստագիտին, որպեսզի չդոփի տեղում»,- ընդգծեց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am