«Շանթ» հեռուստաընկերության եթերում ապրիլի 2-ից եթեր կհեռարձակվի «Սահմանին» գեղարվեստական հեռուստաֆիլմի երկրորդ եթերաշրջանը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարիստ Հարություն Ղուկասյանը պատմել է սերիալի զարգացումների մասին:
«Առաջին եթերաշրջանում անդրադարձել ենք սահմանին կանգնած մեր զինվորների սպայական կազմին, որոնք օրուգիշեր պատերազմական պայմաններում իրենց ծառայություն են իրականացնում: Երկրորդում՝ մերօրյա զինվորի բնականոն ծառայությանը զուգահեռ, անդրադարձել ենք ապրիլյան քառօրյա պատերազմին, որը գրեթե ամեն սերիայում առկա է»,- ասաց Հարություն Ղուկասյանը:
Սցենարիստը նշեց, որ երկրորդ մասում շարունակվում է զարգանալ սիրային դրաման: «Գլխավոր հերոսների սիրային պատմություններից բացի, այլ սիրային պատմություններ էլ կան: Չեմ ցանկանում խոսել հանգուցալուծման մասին, սակայն այդ տեսարաններում զարգացումներ կան: Փորձել ենք ամեն կերպ ցույց տալ զինվորի կյանքը և չկենտրոնանալ միայն պատերազմի վրա»,- հավելեց նա:
Հարությունի խոսքով՝ հիմնական դերասանական կազմում փոփոխություններ չկան, բայց նոր դերասաններ էլ են ներգրավել ֆիլմում: Սերիալի գլխավոր կերպարները մարմնավորել են Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Գնել Ուլիխանյանը և այլք:
«Որոշ դերասաններ են բացակայում, քանի որ առաջին եթերաշրջանում որոշ դերասաններ ֆիլմում մահանում են»,- նշեց նա:
Խոսելով նկարահանումների մասին՝ Հարությունը նշեց. «Նկարահանումներն ամբողջությամբ ավարտված են: Հեռուստադիտողը կհիշի, որ առաջին մասն ընդմիջումներով էր եթեր դուրս գալիս. երկու սերիա ցուցադրվում էր, երկու շաբաթ անց նոր երրորդն էր եթեր հեռարձակվում: Սարեր-ձորերում եղանակային վատ պայմաններում այդքան էլ հեշտ չէ նկարահանումներն անցկացնել: Դրանից խուսափելու համար, երկրորդ սեզոնն ամբողջությամբ նկարահանվել և մոնտաժվել է: Այս եթերաշրջանում էլ ենք ունեցել բարդ նկարահանումներ: Ռազմական, պատերազմական ժանրի ֆիլմերն արդեն իրենց ժանրով նկարահանումները տեխնիկապես բավականին բարդ են: Հնարավոր չէ բարդություններ չլինեն: Եթե սովորական սերիալներն օրվա մեջ 20-ից 40 րոպե օգտակար նյութ ենք նկարել, ապա «Սահմանին»-ի նկարահանումները հնարավոր է օրվա ընթացքում 2-ից 3 րոպե նկարել»,- եզրափակեց սցենարիստը: