Կցանկանամ հոդվածը սկսել այն մտքով, որ երբեք չեմ հասկացել կին-տղամարդ տարանջատումը՝ որպես մարդկային տեսակ։ Հիրավի, կան ֆիզիոլոգիական և տեսանելի տարբերություններ, որոնց մասին խոսում է հենց բնությունը, և դրանք ևս մեկ անգամ բառերով բարձրաձայնելն ուղղակի անիմաստ է։
Յուրաքանչյուր մարդ, անկախ իր սեռային պատկանելությունից, ունենում է ապրումներ, հուզական արտահայտումներ, իրավիճակի հուզական գնահատումներ, արձագանքներ, որոնք ձևավորվում են ոչ թե սեռային առանձնահատկություններով պայմանավորված, այլ՝ միջավայրի բովանդակությամբ։ Շատ կանայք կան, որոնք ավելի ռացիոնալ և կայուն են, քան որոշ տղամարդիկ, կարողանում են խնդիրները լուծել ոչ թե հուզական ֆոնի, այլ սառը դատողության հիման վրա։ Սա իրականություն է, սակայն կա ևս մեկ իրականություն, դա պատմամշակութային հղկման ենթարկված սեռա-դերային և սոցիալ-դերային պատկերացումներն են, որոնք, ինքնըստինքյան, տղամարդուն և կնոջը դնում են որոշակի հարթակում։ Նրանց են հրամցնում կարելիների և չի կարելիների մի ողջ փաթեթ, և աստիճանաբար սկսում դաստիարակել դրանք՝ որպես կյանքի իրական պատկեր։ Այսօր կցանկանամ անդրադառնալ այդ իրականություն դարձած սոցիալ-դերային մի տեսակի, որտեղ սեռային տարբերություն չկա, բայց կա դերային խախտում կամ փոխարինում, որը խախտում է բնականոն շղթան և բերում ավերածություններ թե՛ անձնային մակարդակում, թե՛ ընտանեկան փոխհարաբերություններում։ Այդ սոցիալ-դերային տեսակը՝ մայր-կին դերային պարտականությունների խախտումն է։
Կինը, որպես կանոն, միշտ համարվել է քնքշության, հոգատարության, խնամքի, սիրո մարմնացում։ Սակայն սեփական ընտանիքը կազմելուց հետո երիտասարդ կինը միանգամից իրեն է վերագրում այնպիսի սոցիալական դերեր, որոնք դեպի քայքայման են տանում նոր հիմք գցող ընտանիքին։ Փոխարենը՝ լինեն փխրուն, կանացի, ցանկալի, թույլ, որոշ հարցերում՝ կողմնապահ, նրանք միանգամից սկսում են դառնալ թելադրող, անտեղի հոգատար, պարտադրող, կանոններ սահմանող և ընտանիքի շարժը կառավարող։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Փորձենք հասկանալ, և եթե հնարավոր է, ցանկության դեպքում, փոփոխության ենթարկել կնոջ կերպարի ընկալման գաղափարը, որը քնքուշ կնոջից պետք է աստիճանաբար վերածվի հոգատար մոր, բայց՝ ոչ միանգամից։
Առաջին կարևորագույն քայլն ամուսնուն առաջնային, գլխավոր դերում պատկերացնելն ու այն իրականության կոչելն է։ Փորձեք ձեզ ազատել հետևողական և աչալուրջ ղեկավարողի դերից։ Վստահեք նրան՝ որպես կին, ով իր կյանքի ճանապարհի քարտեզը հանձնել է այն մարդուն, ում համարել է իր գաղափարների և սիրո համախոհ։ Որպեսզի հասկանաք, թե ինչն եք սխալ կատարում, նախ՝ պետք է հստակեցնենք ամեն դերին համապատասխան վարքային դրսևորումները։
Եթե դուք ստանձնել եք մոր դեր, ապա կատարում եք հետևյալ գործողությունները․
- Օգնում եք ամուսնուն, երբ նա տանն ինչ-որ բան է նորոգում։
- Խորհուրդներ եք տալիս, թե ինչ օգտագործի նորոգման ժամանակ։
- Դուք կատարում եք ամուսնու փոխարեն նրա աշխատանքը․ օրինակ՝ տուն եք բերում ծանր իրեր կամ գնումներ։
- Դուք անընդհատ հուշողի դերում եք՝ մտածելով, որ ամուսինը մոռացել է իր խոստումը։
- Դուք նրան անընդհատ դաստիարակում եք ձեր ձայնի տոնայնությամբ, դիմելաձով, հատուկ բառերի հնչեցմամբ, ընդհանուր վերաբերմունով։
- Դուք ստանձնում եք պատասխանատվություն նրա կյանքի և գործերի նկատմամբ։
Այս ամենը վկայում է այն մասին, որ դուք չեք վստահում ձեր տղամարդուն և անընդհատ այն ակնառու կերպով ցուցադրում եք։ Փորձենք մի քանի օրինակով հասկանալ, թե ինչպես վերափոխվենք և ընտանիքում յուրաքանչյուրին հնարավորություն տանք ինքնաիրականացվել սեփական սոցիալական դերում։ Վստահել ամուսնուն․ ի՞նչ է դա։
Նախ և առաջ՝ անհրաժեշտ է ներքուստ գալ այն կարգավիճակի, որ ամուսնու կողքին ձեզ զգաք հանգիստ և վստահելի միջավայրում։ Ամեն երևույթ չդիտարկեք՝ որպես դժբախտություն, չենթարկվեք հուզական ճնշման։ Փորձեք ունենալ սեփական անձնական կյանքը, անձնական սահմանը, որը հնարավորություն կտա պահպանել ինքնությունը, նպատակների կառուցումը, դրանց իրականացումը։ Ժամանակ հատկացրեք խնամքին, ինչո՞ւ չէ՝ նաև ամուսնու հետ միասին կազմակերպեք միասնական հաճախումներ ինչ-որ զվարճանքի վայրեր, սակայն կազմակերպչական փուլը վստահեք նրան։ Ամուսնուն վստահող կինը տալիս է գաղափար, բայց չի պարտադրում, ուղղակիորեն շեշտում է, որ նման քայլն իր համար շատ հաճելի կլինի։
Այնուամենայնիվ, եթե դուք չեք կարողանում վստահել և ընդունել ձեր ամուսնու ինքնուրույն գործունեությունը, ապա հոգեբանական տեսանկյունից խնդիրը ոչ թե ամուսնու հետ է կապված, այլ՝ ձեր պատկերացումների և դիրքորոշումների։ Նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել գրագետ և փորձառու մասնագետի՝ հոգեբանի հետ, ով կօգնի հասկանալ սեփական ներքին խնդիրները, կօգնի գտնել դրանց ձևավորման աղբյուրները։ Նման խնդիրները, որոնք կապված են հիմնականում ներքին դիրքորոշումների հետ, լուծվում են հոգեկան ռեսուրսների փնտրման և ճիշտ ուղղություններով օգտագործման միջոցով։ Սակայն օգտագործել ամուսնու ռեսուրսները սեփական խնդիրները վեր բարձրացնելու և բարձրաձայնելու համար՝ ուղղակիորեն կտանի հարաբերությունների քայքայման։ Նման փոխհարաբերությունները միակողմանի չեն լինում։ Ամուսինները նույնպես, չունենալով հստակություն և կայունություն, կարող են իրենց վարքով դրդել կնոջը ժամանակի ընթացքում ստանձնել այն սոցիալական դերը, որին նրանք սովոր են, այն է՝ մոր դերը։ Ըստ որի՝ կպահանջեն կնոջից միակողմանի հոգատարություն՝ զուրկ լինելով ինքնասպասարկման հմտություններից, և այլն։
Անհրաժեշտ է ամուսնական փոխհարաբերություններ ստեղծելիս լավ ճանաչել կողակցին, գնահատել բոլոր հնարավոր իրադարձությունները, գործողությունների հետևանքները, հնարավորության դեպքում՝ հասունանալ մտածելակերպով, և վստահ լինելով սեփական ընտրության վրա՝ ապրել ներդաշնակ, սիրված կնոջ դերում։
Կամիլա Խաչատրյան