Կարճ ժամանակահատվածում մի շարք հեռուստադիտողների սրտերը նվաճած «Կարմիր բլուր» հեռուստանովելը, որը հեռարձակվում է ATV հեռուստաընկերությամբ, սիրվել է նաև թատրոնի և կինոյի դերասանուհի Տիրուհի Հակոբյանի շնորհիվ, որը մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Սոսեին: Թատրոնի, կինոյի, հեռուստանովելի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ:
– Դեռ շատ երիտասարդ եք, սակայն աշխատում եք թատրոնում և նկարահանվումհեռուստանովելում: Ըստ ձեզ` որո՞նք են այդ երկու բնագավառների առանձնահատկությունները:
– Խաղում եմ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Աշխատում եմ ոչ միայն տիկնիկների, այլև ամենաանկեղծ փոքրիկ հանդիսատեսի հետ: Երեխաների համար ստեղծագործելը կրկնակի հաճելի և բարդ է. կարծես միջնորդ լինես տիկնիկի և երեխայի միջև ստեղծված աշխարհում: Պետք է շատ զգույշ լինել և չկոտրել այն հավատը, պատրանքը, որ փոքրիկներն ունեն իրենց պատկերացրած թատրոնի հանդեպ: Դերասանական արվեստում պետք է անկեղծ լինես ինքդ քեզ և թատերասերի հետ:
Նշեմ, որ մեծացել եմ տիկնիկային թատրոնում (հայրս` Գրիգոր Հակոբյանը, այս թատրոնի դերասան է) և այդտեղի յուրաքանչյուր ներկայացում չափազանց հարազատ է ինձ: Շատ հետաքրքիր է, երբ փոքրիկ թատերասերից վերածվեցի այդ թատրոնի դերասանուհու: Կարծում եմ, մանկությունը մարդու կյանքի կարևորագույն մասն է, և հրաշալի է, երբ այնտեղ նաև թատրոն կա: Եթե անդրադառնանք կինոյին, ապա այն բոլորովին այլ է: Կինոն հատկապես հաճելի է, երբ արդեն պատրաստ է, և կարող ես տանը նստած վայելել այն: Հեռուստանովելում նկարահանվելու գործընթացն այնքան հետաքրքիր չէ, որքան թատրոնում խաղալը: Սերիալը չունի այն կենդանությունը, որն անպակաս է թատրոնում:
– Նախկինում ֆիլմերի, ներկայացումների միջոցով բարձրաձայնվում էին մարդկության համարայնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են պատիվը, բարոյական այլ արժեքները: Ձեզ կարծիքով, ի՞նչ հարցեր են արծարծում ժամանակակից կինոն և թատրոնը:
– Շատ եմ սիրում խոսել այդ հարցի շուրջ: Այնքան էլ համաձայն չեմ ձեզ հետ. պատվի, բարոյական այլ արժեքների մասին ֆիլմերը միշտ են եղել և կլինեն: Հաճախ եմ դիտում ռեժիսորներ Ինգմար Բերգմանի, Ռոման Պոլանսկու կինոնկարները: Նրանք մերօրյա, արդիական հարցեր են շոշափում իրենց ֆիլմերում: Հանճարեղ է Բերգմանի «Ընտանեկան կյանքի դրվագներ» ժապավենը, որը վերջերս եմ դիտել և հասկացել, որ քսաներորդ դարից հետո ոչինչ չի փոխվել: Դա խոսում է այն մասին, որ կան թեմաներ, որոնք արդիական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդկությունը: Միշտ մտածել եմ, որ եթե հնարավորություն ունենայի կինոնկար ստեղծել, այն կլիներ մարդու ներքին ազատության մասին: Ցավում եմ, որ մարդիկ հաճախ դադարում են միմյանց լսել և կորցնում են շատ կարևոր արժեքներ: Մարդիկ փակ են. փակ են աշխարհի հանդեպ, իրար հանդեպ, հաճախ ներկում են կյանքը սև ու սպիտակով: Պակասում է ամենակարևոր բանը` սերը, որը մշտնջենական է: Խոսում եմ` ոգեշնչված Անդրեյ Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմից: Կինոնկարում մի ընտանիքի օրինակով ներկայացվում է աշխարհի կարևոր խնդիրներից մեկը` բաժանությունը, սիրո կորուստը: Կարծում եմ` կան հրաշալի ռեժիսորներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նոր խոսք է ասում կինոասպարեզում և չի դադարում զարմացնել:
Ամբողջությամբ՝ armenpress.am