Շաքար պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ մրգահյութերը, մեծացնում են սրտի և այլ հիվանդություններից մահվան վտանգը: Ինչպես գրել է Medicalexpress-ը, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 17,9 հազար մարդկանց տվյալները, որոնց հսկել են վեց տարվա ընթացքում:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են ԱՄՆ-ի Սրտի հիվանդությունների ասոցիացիայի (American Heart Association) խորհրդաժողովում: Հիմք են վերցվել «Սրտի նոպա տարած մարկդանց մոտ աշխարհագրական և ռասայական տարբերությունների պատճառները» վերտառությամբ մյուս հետազոտության տվյալները:
Պարզվել է, որ նրանց համար, ովքեր օրական 24 ունցիայից (680 գրամից) ավելի քաղցր ըմպելիքներ են խմում, սրտի և այլ հիվանդություններից մահվան վտանգը կրկնակի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր մեկ ունցիայից պակաս են խմել: Դոկտոր Ջին Ուելշի խոսքով, որը գլխավորել է հետազոտությունը, արդյունքները, որոնց հանգել են նա և նրա գործընկերները, ապացուցում են, թե որքան կարևոր է չչարաշահել շաքարը: Գիտնականների եզրակացությունները վերաբերում են միայն ըմպելիքներին. շաքարի մեծ պարունակությամբ ուտելիքի և սրտի հիվանդություններից մահվան վտանգի միջև ոչ մի կապ հայտնաբերել չի հաջողվել: