Լիզա Ճաղարյան. Քաղաքը չցանկացավ մեռնել
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. Քաղաքը չցանկացավ մեռնել

Տարիների հեռվից այս պատմությունը գուցե զավեշտալի թվա, բայց համամայրաքաղաքային բեմադրության մասնակիցներս 88-ին մեծագույն լրջությամբ վերաբերվեցինք և շա՛տ մանրակրկիտ նախապատրաստվեցինք պրեմիերային։

Շարժման առաջնորդների գլխավորությամբ՝ որոշվեց պատժել ազատարար և շատ կարմիր բանակին։ Ա՜խ այդպես, զավթիչի պես ներխուժել եք ձեր դարավոր բարեկամի տարա՞ծք, տանկերով ակոսու՞մ եք մեր սիրելի մայրաքաղաքի ասֆալտապատ փողոցներն ու պողոտաները, շրջափակե՞լ եք մեր պաշտելի Ազատության հրապարակը, նույնիսկ արգելում եք, որ երկու մարդուց ավելի միասին կանգնեն կամ քայլե՞ն, տանկերի փողերն ուղղում եք «կասկածելի կուտակումների» կողմն ու սադիստի սառնասրտությամբ զգուշացնում, որ եթե չցրվենք՝ կկրակե՞ք։ Ձեզ տերուտիրակա՞ն եք զգում ուրիշի երկրում, դե ուրեմն՝ մենք կզրկենք ձեզ՝ զենքի սպառնալիքով մեր ազատ կամքի վրա բռնանալու, մեր ծառս եղած արժանապատվությունը ոտնահարելու արյունռուշտ հաճույքից։

Զրկելն էլ այսպես էր լինելու՝ քաղաքը դադարելու էր ապրել։ Արտաքուստ, իհարկե։ Հայտարարվում է «մեռյալ քաղաք», բոլորս փակվում ենք տներում, ու թող այդ մինչև ատամները զինված սովետական բանակը մեն-մենակ մնա ինքն իր դեմ ու պարապությունից՝ զենքն ինքն իր դեմ ուղղի։

Ա՛յ այդպես։ Որտեղ ձերը կասեք, չմոռանաք մերն էլ պատմել։

Ու սկսեցինք թռուցիկներ տարածել առ այն, որ՝ հարգելի քաղաքացիներ, վաղվանից քաղաքի փողոցներում կենդանի շունչ չպետք է լինի, անհրաժեշտ պաշարը հավաքեք տներում ու չորս պատերի ներքո սպասեք ազատ և անկախ Հայաստանի գալուստին (չշփոթել Գալուստ Սահակյանի հետ)։

«Մեռյալ քաղաք» օպերացիայի նախորդ օրը Երևանի խանութներում կյանքը հո չէր եռում։ Ամանորի եռուզեռից տարբերվում էր միմիայն բերնեբերան լցված տոպրակների պարունակությամբ։ Խոզի բուդ ու հնդկահավ, ընկույզ ու նուշ, բաստուրմա ու սուջուխ, մանդարին ու նարինջ չէինք գնում, չէ։ Վերմիշել, մակարոն, բրինձ, ձավար-մավար՝ այսպիսի համեստ նախապատրաստություն էր, բայց քանակությունը պատկառազդու էր։ Դե, ի՞նչ իմանաս՝ քանի օր, շաբաթ կամ ամիս կփակվենք տներում, հո սովից չէի՞նք մեռնելու։

Չգիտեմ՝ ով ոնց, բայց հինգ հոգուց բաղկացած մեր կանանց ջոկատը որոշել էր ինքնաբանտարկվել նույն «խցում»։ Առանց «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի ընտրեցինք մերոնցից մեկի Բաղրամյան փողոցի վրայի «բանտախուցը»։ Դե, հո Նորքի զանգված կամ Բանգլադեշ չէի՞նք գնալու, այնտեղից ո՞նց էինք հետևելու՝ օպերացիան հաջո՞ղ է ընթանում քաղաքի սրտում, թե՞ «մեռած ենք, բայց էնքան էլ մեռած չենք»։

Հիմա, իհարկե, հեշտ է ասել, որ մեր արածն անզոր մարդկանց ջղակծկում էր, որ առնվազն երեխայություն էր, որ հենց էն գլխից դատապարտված ակցիա էր… Ինչ ուզում եք՝ ասեք։ Ինքս էլ կմիանամ ձեզ և գուցե շատ ավելի ազդեցիկ ու ջախջախիչ հիմնավորումներ բերեմ ձեր ականջն ու աչքը շոյող։

Ութսունութին սողոմոնիմաստուններն ու ֆիլոսսոկրատներն այդքան շատ չէին Հայաստանում, ութսունութին ինչ անում էինք՝ անում էինք հավատով, ոգևորությամբ ու սրտապատառ, ութսունութի մեր թվացյալ միամտությունն ու երեխայությունը, ցավոք, ավելի շատ պտուղ տվեց, քան այսօրվա մեր շշմեցուցիչ պրագմատիզմն է տալիս։

Բայց դառնանք մեր մակարոնեղենին ու ձավարեղենին։ Երեկոյան մեր հնգյակը հավաքվեց Բաղրամյան փողոցի շատ հարմարավետ ու կոկիկ «բանտախցում»։ Առաջին գործը, որ արեցինք՝ մեր արդար գործի հաջողության կենացը խմելն էր, փլավ ուտելն էր, ու… թառեցինք լուսամուտներին։

Սպասում էինք լուսաբացին։ Դրսի լռությունը սովորական գիշերային լռություն չէր, խորհրդավոր էր, խոստումնալից էր, խոսուն էր։ Որը կուզեք։ Մինչև հիմա այդ լռությունը ականջներիս մեջ է։ Մենք՝ օկուպացվածներս, մեր բնակարաններում ապահով նստած էինք, իսկ նրանք՝ օկուպանտները, անտերունչ էին ու լքված։ Մենք դավ էինք նյութել օկուպանտների դեմ, մենք նրանց առանց հակառակորդի էինք թողել, իսկ առանց հակառակորդի՝ իրենք ու՞մ էին պետք, իրենց գոյությունն ու՞մ համար էր, ու՞մ դեմ էր, եթե իրենց ամենակարող զենքի առջև ամայություն էր։ Մեր սրտերն անհանգստությունից թփթփում էին, բայց նրանք հո չգիտեի՞ն դրա մասին։ Ու որ չգիտեին, սա մեզ անասելի հրճվանք էր պատճառում։

Հիմա չեմ հիշում՝ քանի երգ երգեցինք այդ գիշեր, քանի անեկդոտ պատմեցինք, քանի անգամ ծիծաղեցինք ու քանի անգամ լաց եղանք, հիշում եմ, որ լույսը բացվեց, առաջին տրոլեյբուսն անցավ Բաղրամյան պողոտայով, և այդ տրոլեյբուսի մեջ մի ուղևոր կար։ Կանգնած էր, ի դեպ։ Դատարկ ավտոբուս էր, բայց միակ ուղևորը կանգնած էր։ Կանգնած լիներ, թե նստած, մեր ջոկատն ատեց նրան ուժգնորեն։ Մերոնցից մեկը շատ «քաղցր» լեզու ուներ, և այդ միակ ուղևորի հասցեին ասաց էն հազարումի բանը, որ բոլորս էլ կուզենայինք ասել։

Սա առաջին հարվածն էր։ Մի կերպ դիմացանք։ Մխիթարեցինք իրար՝ մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանում մի մարդն ի՞նչ դարձավ, որ մեռյալ քաղաքին հարություն տար։

Մինչև կեսօր լռությունն ու «անմարդաբնակությունը» կատարյալ չէին, բայց հուսադրող էին։ Հատուկենտ տրոլեյբուսներ, հատուկենտ ուղևորներ։ Այդ ընթացքում, բնականաբար, ակտիվորեն հեռախոսով տեղեկություններ էինք հավաքում, թե ո՛ր փողոցում քանի մարդ է երևացել, ո՛ր տրամվայում էին երեք հոգուց մեկը կանգնած, երկուսը նստած, ո՛ր մայթին էր կանգնած այն հաստագլուխ «դավաճանը»…

Կեսօրից հետո հույսը սկսեց նահանջել։ Աչքներիս առաջ մեկը հինգ էր դառնում, հետո հինգը՝ տասնհինգ, տասնհինգը՝ քսան…

Երեկոյան ստիպված էինք խոստովանել, որ «Մեռյալ քաղաք» ներկայացումը տապալվեց։ Ծափահարություններ և օվացիաներ չեղան, բայց քանի որ ներկայացման մասնակիցներն էլ էինք մենք, հանդիսատեսն էլ, բնականաբար՝ պոմիդոր ու փտած մրգեր չնետվեցին բեմահարթակ։

Շարժման տղերքը լուր ուղարկեցին, որ վարագույրն արդեն փակված է, և մեր հնգյակը բացեց «բանտախցի» դուռը և նետվեց փողոց։

Ո՜նց էինք կարոտել իրար։

Կզարմանաք, բայց անասելի սիրով եմ հիշում այդ գիշերն՝ իր պես-պես սպասումներով, ցերեկը՝ հույսի փշուրներով և երեկոն՝ շռնդալից տապալմամբ։

Անունը տապալում էր, բայց գուցե հաղթանակը հենց այն էր, որ չցանկացա՞նք մեռնել։

Ու չմեռանք։

hambardzum.am