Երևանյան բեսթսելեր 5/1. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ», «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքերն ամենավաճառվածներից են
Advertisement 1000 x 90

Երևանյան բեսթսելեր 5/1. «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ», «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքերն ամենավաճառվածներից են

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայկական է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նա այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Չգտնվածերիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», յոթ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը բնագրից թարգմանել է Աննա Մարությանը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների աղյուսակ է վերադարձել և չորրորդ տեղը գրավել Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը հինգերորդն է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Վեցերորդ հորիզոնականում Մարկ Արենի «Վիլ-Էվրար» ստեղծագործությունն է: Ռուս հանճարեղ շախմատիստ Ալյոխինը լքում է Ռուսաստանը, Մյունխենի Կրոնե կրկեսում հավաքվում են տխրահռչակ բազմահազար դահիճները, նորաձևության ապագա թագուհին՝ տիկին Կոկոն, ասպարեզ է հանում Շանել N:5-ը, հոգեբուժության պրոֆեսոր Ֆոսթերը, ով ներշնչել էր Հիտլերին նրա գերմարդ լինելու միտքը և դրանով ոչնչացման դատապարտել իր միլիոնավոր հրեա ազգակիցներին, փրկում է մահապատժից հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, աշխարհահռչակ Սեն-Սանսը ելույթ է ունենում Փարիզում իր վերջին համերգով: Եվ հենց այդտեղ՝ Փարիզում, Վիլ-Էվրար բուժարանում, անքուն գիշերներ է լուսացնում նրա վաղեմի ընկեր Կոմիտասը: Այստեղ բացահայտվում է, որ նրա երաժշտությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից բացի, ունի նաև ամենաուղիղ իմաստով հոգի բժշկելու հատկություն:  Ժամանակակից հայկական երաժշտության հիմնադրի կյանքի ուղու տվյալ հատվածը ծածկված է թանձր մշուշով, ուստի չկա ապացույց, որ այս պատմությունը ճշմարիտ չէ: Գրքի թարգմանիչն է Հովհաննես Այվազյանը:

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն կրկին մեր ցանկում է և գրավել է յոթերորդ տեղը: Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:

Ութերորդ տեղում է Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը: Այն պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը իններորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել՝ Հայարփի Խաչատրյանը: