Երկարատև դադարից հետո «Սպասիր ինձ» մասշտաբային հեռուստանախագիծը վերադառնում է Առաջին ալիքի եթեր: Հաղորդումը հեռուստադիտողին թույլ է տալիս հաղորդակից լինել մարդկանց ճակատագրերին ու պատմությանը։ Հաղորդավարներ Աննա Ավանեսյանը և Տիգրան Ներսիսյանը յուրաքանչյուր շաբաթ մեզ կներկայացնեն իրական, անկեղծ, մի քիչ տխուր, բայց հույսով լեցուն թողարկումներ, որոնց ընթացքում մենք կլսենք մարդկանց, ովքեր ցանկանում են հաղորդման օգնությամբ գտնել իրենց համար թանկ մեկին: Կդիտենք բացառիկ տեսանյութեր աշխարհի տարբեր անկյուններից և, իհարկե, ականատես կլինենք երկար սպասված, բայց անսպասելի հանդիպումների հենց երևանյան տաղավարում։
«Նախորդ եթերաշրջանում ունեցել ենք 500-600 հազար հայտ տարբեր երկրներից, որոնցից մոտ 500 հոգին գտնվել են: Հաղորդման առաջին եթերաշրջանի ավարտից հետո մենք շարունակում էինք շատ նամակներ ստանալ»,- նշել է Աննա Ավանեսյանը:
«Հաղորդումը մարդկանց ճակատագրերի մասին է և գնահատելի է ու թանկ, քանի որ ամեն ինչ իրական է: Մարդկանց համար այս հաղորդումը շատ սպասված է. այն օգնում է նրանց գտնել իրենց հարազատներին, ընկերներին և հայրենակիցներին: Շատ ուրախ եմ, որ «Սպասիր ինձը» նորից կյանքի է կոչվում»,- նշել է Տիգրան Ներսիսյանը:
«Սպասիր ինձ» հաղորդումը Առաջին ալիքի եթերում կարող եք դիտել ապրիլի 5-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 19:55-ին: