Սիրած մարդուց բաժանումը միշտ էլ լուրջ փորձություն է: Բայց այն կարելի է ավելի անտանելի դարձնել, եթե անես զանազան հիմարություններ: Ինչի՞ց պետք է խուսափել և ի՞նչ պետք է անել բաժանման դառնությունը հնարավորինս անցավ դարձնելու համար: Եվ այսպես, ինչպե՞ս սեփական կյանքը փչացնել բաժանումից հետո:
Շարունակել միասին լինել
Սա ակնհայտ սխալ է, բայց ձեր ուղեղը կարող է քողարկել դա ընկերների հետ ժամանակ անցկացնելու արդարացմամբ: Եվ ահա դուք արդեն ձեր ընդհանուր ընկերների հետ եք կամ ճաշում եք երկուսով, կինո եք գնում, հանդիպում եք սրճարանում, կազմակերպում եք տնային ասել-խոսել, ժամանակ անցկացնելու ժամանց: Դրանից ձեր նախկին զուգընկերոջ նկատմամբ ձեր կապվածությունը միայն ուժեղանում է: Բացի դրանից, դուք ձեզ ստիպում եք անցնել իսկական դժոխքի միջով՝ միաժամանակ և՛ փորձելով ընդունել, որ հարաբերություններ այլևս չկան, և՛ երջանկությունից արբելով, երբ նրան գրկում եք հրաժեշտ տալիս:
Մտածել այն մասին, որ դուք իսկական հարազատ հոգիներ եք…
Շարունակելով համարել, որ դուք միակ մարդն եք, ով կարող է ձեր նախկին զուգընկերոջը հասկանալ, դուք միայն պատրանքների գիրկն եք ընկնում: Իսկ գիշերային բոլոր անկեղծ զրույցները ձեզ ավելի ու ավելի խորն են ընկղմում անցյալի սարդոստայնի մեջ: Մի մոռացեք, որ չնայած ողջ մտերմությանը, դուք երկուսդ էլ կամ ձեզնից ինչ-որ մեկը նախընտրել է վերջ դնել հարաբերություններին:
Նրան հնարավորինս հաճախ գրել ու պատմել ամեն ինչի մասին…
Գրեք ձեր նախկին զուգընկերոջը, եթե ուզում եք իմանալ՝ ինչպես են նրա գործերը: Գրեք, որպեսզի պատմեք, որ նոր աշխատանք եք ստացել: Անպայման հայտնեք, որ մինչ այժմ նրան ձեզ ընկեր եք համարում: Եվ պարտադիր ևս մեկ անգամ գրեք, եթե նախորդ բոլոր հաղորդագրություններն անպատասխան են մնացել. միգուցե նա դրանք չի ստացել: Միայն թե հիշեք, որ սա հավերժ սպասման մեջ գտնվելու ու առաջ չշարժվելու հիանալի միջոց է:
Հետապնդել նախկին զուգընկերոջը…
Առաջին հերթին՝ խոսքը գնում է տառացիորեն հետապնդելու մասին, երբ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում եք պարզել նախկին զուգընկերոջ գտնվելու վայրը և ասես պատահաբար հանդիպում եք նրան սրճարանում: Սա տագնապալի ահազանգ է. Կախվածության հոտ է գալիս: Դա վերաբերում է նրա սոցցանցային էջերի շարունակական ստուգմամբ՝ ում ավելացրեց ընկերների ցանկում, ինչով է զբաղվում, ինչի մասին է գրում: Չէ՞ որ դուք հույս ունեք, որ այդ մարդը դեռևս տանջվում է, իսկ նա, ամենայն հավանականությամբ, արդեն ուշքի է եկել բաժանումից հետո, կամ անգամ նոր հարաբերությունների մեջ է միգուցե: Եթե, իհարկե, դուք մազոխիստ չեք, դադարեք ձեր նախկին ընկերոջ կյանքով հետաքրքրվել գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ցավի առաջին ալիքը չի անցել:
Նախկին զուգընկերոջ մասին վատը խոսելը…
Ամեն անգամ, երբ դուք հիշում եք ձեր նախկինին, եթե անգամ՝ ոչ ամենաբարի արտահայտություններով, նա ասես նյութականանում է ներկայում: Եվ որքան շատ եք խոսում նրա մասին, լավ կամ վատ, այնքան ջանասիրաբար եք նրան հետ կանչում ձեր կյանք: Սերն ու ատելությունը մեդալի 2 կողմերն են: Ձեր նպատակը պետք է լինի չեզոք վերաբերմունքը:
Նրա իրերն անձամբ վերադարձնելը…
Պետք չէ հանդիպումների համար ավելորդ առիթներ փնտրել, երբ բաժանման որոշումն արդեն ընդունված է: Անգամ, եթե ձեզ պետք է վերադարձնել նրա իրերը կամ վերցնել ձերը, միշտ կարելի է օգնության խնդրանքով դիմել ընկերներին կամ պատվիրել ցրիչին: Իսկ ինչ-որ բան ընդհանրապես կարելի է թափել. Հին ատամի խոզանակը դժվար թե իրենից ինչ-որ արժեք ներկայացնի:
Կենտրոնանալ ընկերոջ հետ հարաբերությունների վրա…
Կոմպենսացված հարաբերությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, սակայն ավելի վատ է, երբ անմիջապես բաժանումից հետո դուք ձեր կոտրված սիրտը փորձում եք սփոփել հին ընկերոջ միջոցով: Արդյունքում, նրա համար դա ցավոտ կլինի, իսկ ձեզ համար՝ ամոթալի: Եթե դուք հանկարծ նկատում եք, թե որքան հոգատար ու գրավիչ է ձեր ընկերը, արգելակեք, որպեսզի նրան չկորցնեք:
Երազել նախկին զուգընկերոջ մասին…
Ավելի հաճախ պատկերացրեք, թե նա ինչպես է տառապում կամ ձեզ վերադարձնելու պլան մշակում: Եվ, իհարկե, մի մտածեք, որ հիմա նա միգուցե ընկերների հետ հանգստանում է ու վայելում կյանքը: Այդպիսի կենտրոնացումը ձեզ կօգնի ունենալ դեռևս շատ երկար և տանջալից ապրումներ ձեր բաժանման առթիվ:
Անընդհատ մտածել հետևյալ ոգով՝ իսկ ի՞նչ կլինի, եթե…
Նախորդ պատմության նման մի բան է: Դուք նորից կենտրոնանում եք նախկին զուգընկերոջ վրա և ձեզ տանջում անպտուղ պատրանքներով: Իսկ ի՞նչ, եթե ձեզ վիճակված է միասին լինել: Իսկ ի՞նչ, եթե ոչ….
Գրանցվել ծանոթությունների բոլոր ինտերնետային կայքերում…
Նոր հարաբերություններ սկսելու համար պետք է նախ հասկանալ, թե ինչ եք անելու հնի հետ: Իսկ եթե, այնուամենայնիվ, դուք գլուխը կորցրած՝ նետվում եք նոր հարաբերություններ փնտրելու, ապա հավանաբար բոլորին կսկսեք համեմատել նախկինի հետ ու ավելի շատ տառապել, հարաբերություններ կկառուցեք ոչ այն մարդու հետ, ու կփչացնեք թե ձեր, թե նրա կյանքը, դաս չեք քաղի նախորդ փորձից և կրկին կգործեք նույն սխալները:
Քնել ինչ–որ մեկի հետ…
Եվս մեկ գերազանց միջոց՝ հիշելու համար, թե որքան լավ էր սիրելի մարդու հետ: Կամ ինքդ քեզ դավաճան զգալ, եթե նախկինի նկատմամբ զգացմունքները դեռ ուժգին են:
Անվերջ վշտանալ…
Սկզբում ցավին դիմանալն իսկապես բարդ է: Իսկ եթե ինքդ քեզ քայքայես այն մտքով, որ քո կյանքի գլխավոր սիրո պատմությունն այլևս ավարտված է, և այլևս այդպիսին քո կյանքում չի լինի, շատ ավելի դժվար կլինի: Եվ գլխում նման միտք ունենալով՝ դուք դժվար էլ ինչ-որ մեկի թողնեք ձեր կյանք:
Ինչպես բարելավել կյանքը բաժանումից հետո…
Խուսափել նախկին զուգընկերոջ հետ հանդիպումներից կամ զրույցներ վարելուց գոնե 2 ամիս
Դա նշանակում է, որ ինքներդ ձեզ մաքսիմալ կերպով հեռու պիտի պահեք պատահական հանդիպումներից: Եթե կա փոքր հնարավորություն, որ կարող եք հանդիպել աշխատանքի գնալու ճանապարհին, փոխեք երթուղին: Եթե կարող եք հանդիպել խանութում կամ մարզասրահում, գնումների կամ սպորտով զբաղվելու համար նոր վայր գտեք: Դա վերաբերում է նաև հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին: Ավելի լավ է ժամանակավորապես արգելափակել նախկին ընկերոջը սոցցանցերում կամ ջնջել նրա հեռախոսահամարը, քան անընդհատ նրան օնլայն տեսնել: Փոքր-ինչ անարդար է հնչում, որովհետև հարկ է ինչ-որ բանից հրաժարվել: Բայց դա միայն ձեր օգտին է արվում:
Սպորտով զբաղվեք
Նախ՝ ֆիզիկական ակտիվության շնորհիվ արտադրվում են երջանկության հորմոնները, որոնք այնքան անհրաժեշտ են ձեր վիճակում: Եվ երկրորդ՝ սպորտը կբեռնաթափի ձեր գլուխը ու կօգնի հանել լարվածությունը:
Զբաղվեք ձեր կյանքի վերակառուցմամբ
Մի էտապի ավարտը նորի սկիզբն է: Այնպես որ, հարաբերությունների ավարտի հետ դուք հնարավորություն եք ունենում ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Կարելի է սկսել պահարանից: Պարզապես դասավորեք այն ու անպետք իրերը դեն նետեք, կամ զարկ տվեք երևակայությանը և դրա համար դրսևորվելու նոր ոլորտներ գտեք: Նոր հոբբի կամ հետաքրքրություն գտնելը նույնպես ավելորդ չի լինի:
Հանդիպեք ընկերների հետ
Վերջապես դուք բավականին ժամանակ ունեք սիրելի ընկերների հետ հանդիպելու համար: Օգտվեք այդ հնարավորությունից:
Շշի հատակում փրկություն մի գտեք
Կամ պաղպաղակով դույլի մեջ: Ցավն ալկոհոլով կամ կերակուրով խեղդելը հակառակ էֆեկտի են հանգեցնում: Դուք ձեզ ավելի վատ եք զգում: Ավելի լավ է՝ ձեզ համար իսկապես օգտակար ու հաճելի բան արեք: Գնացեք մերսման, սպա կենտրոն, գեղեցկության սրահ կամ բաղնիք: Պարզապես թուլացեք. Դուք դրա իրավունքը վաստակել եք:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը