Ադրբեջանաիրանցի բլոգեր Նասիմ Աղդամն իր վիդեոբլոգում պաշտպանում էր կենդանիների իրավունքները, խոսում վեգան լինելու առավելությունների մասին ու հավաքում հազարավոր դիտումներ ու լայքեր: Բայց ապրիլի երեքին նա ատրճանակը ձեռքին մտավ Youtube վիդեոհոսթինգի գրասենյակ, կրակ բացեց, ու ինքնասպան եղավ: Նասիմ Աղդամն ապրեց 39 տարի, ինքնարտահայտվեց Youtube-ում, ու հենց Youtube-ում էլ մահացավ:
Անի Ապիտոնյանը Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեբաններից է սոցցանցային վերջին տարօրինակ իրադարձությունները տարօրինակ չի համարում: Վաղուց արդեն սոցցանցում ստացած լայքը սովորական վիրտուալ ինչ-որ նշան չէ, այն դարձել է սիրելու ու սիրված լինելու, գնահատվելու ու ինքնագնահատականը բարձրացնելու իրական չափորոշիչ. «Լայքը կարեւոր է, որովհետև ցույց է տալիս, սիրում է, չի սիրում ինձ: Եթե լայքեց` սիրում է, սրտիկեց` ավելի շատ է սիրում»: Հոգեբանն իր ընդունելությունների փոքրիկ ու հարմար սենյակում հաճախ է պատմում համացանցի պատճառած դրական, բայց ավելի շատ բացասական հույզերի մասին: Դրական հույզերից է անընդհատ շփումը, մենք միշտ կապի մեջ ենք, բայց սոցցանցերի պատճառած բացասական հույզերն ավելի շատ են:
Բլոգեր Աղդամն իր կյանքը նվիրել էր Youtube-ին, Youtube-ն էլ այն խլեց: Ամեն ինչ սկսվել էր վիդեոհոսթինգի ալգորիթմների փոփոխությունից: Լայքերն էին պակասել: Արտակ Եղիազարյանը լրատվական կայքի համակարգող է, նա օրը գրեթե 24 ժամ ինտերնետում է, բայց գտել է սոցցանցային սթրեսից ազատվելու իր բանաձևը` քայլում է, մարզվում, ընկերների հետ շատ ժամանակ անցկացնում. «Մի բան էն չի մեզ հետ: Չի կարող դա նորմալ լինել: Աբսուրդ է, ինքնասպանություն գործել պակասած լայքերի պատճառով»:
Նմանատիպ, աշխարհը ցնցած մի պատմություն էլ տեղի ունեցավ տարիներ առաջ` Միացյալ նահանգների Մաունթեյն քաղաքում: Ամուսնական զույգը մտել էր երիտասարդ ամուսինների տուն, սպանել նրանց` կնոջ ձեռքերում թողնելով ութ ամսական երեխային: Իսկ պատճառը` Facebook-ի` ընկերների ցանկից հեռացնելն էր: Ամուսիններն անֆրենդ էին արել սպանությունը գործած տղամարդու աղջկան: Հետո արդեն` դատական նիստերի ժամանակ, պարզվեց, որ աղջիկը երկար ժամանակ հետևել էր ամուսիններին, հետո կեղծ էջ բացել, որտեղ ինքն իրեն կեղծ սպառնալիքներ էր ուղարկում: Ու հենց այդ ոչ իրական սպառնալիքների պատճառով հայրն ու մայրը սպանել էին երիտասարդ ամուսիններին:
Ամբողջությամբ՝ newmag.am