Մաս առաջին
Երեխայի էության ձևավորման միակ «մեղավորները» ծնողներն են։ Իմ հոդվածներում բազմիցս շեշտել եմ երեխայի զարգացման մեջ ծնողի կարևորության և գլխավոր դերակատարության մասին։ Այս անգամ կցանկանամ անդրադառնալ ծնողական սիրո պարզ, սակայն հիմնային մի քանի կանոնների, որոնք խթանում են երեխայի հոգեբանական առողջ ներաշխարհի ձևավորումը.
- Սիրո արտահայտում
Երեխայի լույս աշխարհ գալուն հաջորդում են նորաթուխ ծնողի դեռ չգիտակցված հուզական ապրումները, որոնք աստիճանաբար գտնում են իրենց համապատասխան դրսևորումները և արտահայտվում։ Այդ ապրումներից ամենակարևոր զգացումը սիրո զգացումն է դեպի սեփական երեխան, որի ծնվելն ընկալվում է՝ որպես աննկարագրելի հրաշք։ Այդ սերն է, որ ճնշում է մայրական և հայրական էգոն՝ կարևորելով երեխայի անձը և գոյությունը։ Սա այն երևույթն է, երբ ծնողն առանց խնայելու արտահայտում է ամբողջ սերը, հստակ արձագանքում երեխայի հուզական պահանջմունքներին։ Այս ամենը նպաստում է երեխայի ինքնակարգավորման զարգացմանը, քանի որ սիրո զգացողությունը հնարավորություն է տալիս երեխային աշխարհն ընկալել ապահով և հարմարավետ։
- Ծնողական սերը երբեք շատ չի լինում
Երեխային երբեք չի վնասի այն, որ ծնողն ամեն օր բարձրաձայնի, թե որքան է սիրում իրեն, և հիշեցնի, որ նա իր անսպառ երջանկության աղբյուրն է։ Երեխային երբեք չի վնասի նաև այն, որ իրեն ամեն օր անկեղծ քաջալերանքով գրկեն և խրախուսեն։ Պետք չէ զսպել նույն րոպեին առաջացած նուրբ զգացողությունը դեպի երեխան՝ վախենալով նրան շրջապատել գերուշադրությամբ։ Շատ ծնողներ համոզված են, որ խստությունը երեխայի մեջ անհատականություն է ձևավորում, սակայն հակառակ արդյունքն է ստացվում։ Իրականում ուշադրությամբ և սիրով պարուրված երեխան գրեթե միշտ քիչ պահանջներ է ներկայացնում՝ լինելով ինքնուրույն և ինքնահաստատված։
- Մի խուսափեք սիրո ֆիզիկական արտահայտումներից
Երեխաների նկատմամբ ֆիզիկական սեր պետք է արտահայտել ոչ միայն նորածնային, այլ նաև մանկության և դեռահասության տարիքում։ Հաճախ ծնողները չեն գիտակցում, որ նման սիրո արտահայտման պահանջը կա նույնիսկ, եթե նրանք արդեն մեծ են։ Նման դեպքերում անհրաժեշտ է հասկանալ, թե երբ այն դրսևորել և ինչպես։ Պետք չէ կենտրոնացնել ուշադրությունն արտահայտման վրա։ Երեխայի համար առավել ընդունելի և արդյունավետ կլինի, եթե դուք այն դարձնեք ձեր առօրյայի վարքային դրսևորում։ Պետք է սովորել արտահայտել սեփական սերը երեխայի հանդեպ՝ առանց այն ցուցադրելու։ Առավոտյան դպրոց ճանապարհելիս՝ համբուրելը, կամ տուն վերադառնալուց՝ գրկելը, բավական են սիրո արտահայտման տեսանկյունից։ Նման ֆիզիկական շփումներն ամրացնում են փոխադարձ հուզական կապվածությունը։
- Փորձեք հասկանալ երեխայի հուզական պահանջները
Երեխայի հուզական պահանջները հասկանալը չի նշանակում՝ նրան տխուր պահերին մխիթարել, կամ հանգստացնել, երբ վախենում է։ Անհրաժեշտ է հետևողական կերպով դիտարկել նրա տրամադրությունը և արձագանքել այնպես, որպեսզի աջակցեք նրա հուզականության զարգացմանը։ Ծնողները երեխայի նորածնային փուլում պարտավոր են ապահովել անվտանգության և վստահության զգացողությունը, երբ երեխան անտրամադիր է։ Վաղ մանկության տարիքում պետք է երեխային օգնել՝ դառնալ ավելի ինքնուրույն՝ գովաբանելով նրա արարքները։ Վաղ դպրոցական տարիքում, երբ երեխան սկսում է հաճախակի թերահավատորեն վերաբերվել սեփական ունակություններին, ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ նա կհավատա սեփական ուժերին և կունենա որոշակի հաջողություններ։ Դեռահասության տարիքում ծնողների խնդիրն է՝ օգնել դեռահասին լինել ինքնավստահ և ինքնուրույն։
- «Իմ տունն իմ ամրոցն է»
Երեխան ամեն վայրկյան պետք է ունենա այնպիսի զգացողություն, որ տունն այն վայրն է, որտեղ նա կարող է գտնել հանգստություն և պաշտպանվածություն կյանքի ամենօրյա դժվարություններից։ Ծնողները պետք է տանը ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա երեխային իրապես լիցքաթափվելու, որտեղ նա կմոռանա իր խնդիրները, կստանա հասկացվածության և աջակցման զգացում։ Նրանք պետք է փորձեն նվազեցնել երեխայի սթրեսային մակարդակը, այնպես անել, որ երեխան տանը ստիպված չլինի ականատես լինել վիճաբանությունների և հարաբերությունների պարզման հուզական դրսևորմանը։
Երեխան, ծանր օրվա ընթացքից հետո, կարիք ունի նման կղզյակի, որտեղ կան իրեն հանգստացնող, ներող, չպարտադրող, ընդունող, հասկացող, աջակցող բնակիչներ։ Երեխան, ով դպրոցում ծանր օր է ունեցել, ով խաղահրապարակում տհաճ միջադեպի է բախվել, ում դավաճանել են ընկերները, կամ վիճել է սիրած անձնավորության հետ, կարիք ունի, որ իրեն ընդունեն, լսեն, հարգեն իր հույզերն ու ապրումները։ Առհասարակ ծնողների ուժերից վեր է նման խնդիրների ընդմիշտ վերացումն ու լուծումը, սակայն նրանց ուժերի սահմաններում է սեփական երեխային ընդունելն և բարենպաստ ընտանեկան մթնոլորտ ստեղծելը, որտեղ երեխան կվերականգնի հավատը դեպի իր անձն ու հնարավորությունները և նոր շնչով, նոր օրվա բացվելուն պես, ընդառաջ կգնա նոր դժվարություններին՝ գիտակցելով սեփական կղզյակի գոյությունն ու նրա միասնական ուժը։
Շարունակելի
Կամիլա Խաչատրյան
հոգեբան