Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. կրտսեր դուստրը մի կողմ հրեց շանը, ավագը դուռը շրխկացրեց, ամուսինը լռում է արդեն երրորդ օրը: Դուք կարող եք ասել՝ ի՞նչ կա որ, սովորական ընտանեկան իրավիճակ է, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան ագրեսիա:
Այն մասին, թե ինչ ձևով է արտահայտվում ագրեսիան, և ինչու է պասիվ ագրեսիան շատ ավելի վատը, քան ֆիզիկական ագրեսիան, կներկայացնենք ստորև: Մարդկանց մեծ մասը խուսափում է «ագրեսիա» եզրույթից: Անձամբ ես մտածեցի, որ կարող եմ ագրեսիվ լինել, երբ մի անգամ ամուսնուս հետ վեճի ընթացքում դուստրս, ցույց տալով սեղմված բռունցքներս, ասաց, որ ես ինձ ագրեսիվ եմ պահել: Ե՞ս: Ես, որ բարի եմ, խոցելի, գումարներ եմ փոխանցում հիվանդ երեխաների բուժման համար: Մի՞թե ես ագրեսիվ եմ: Չէ՞ որ բռունցքներով չեմ հարձակվել որևէ մեկի վրա: Մեզ թվում է, որ, եթե չենք ծեծում երեխաներին ու ձեռնամարտի մեջ չենք մտնում ամուսնու հետ, ուրեմն ընտանիքում բռնություն չկա: Սակայն ագրեսիա կա յուրաքանչյուրիս մեջ: Խնդիրն այն է, որ մենք այն հազվադեպ ենք նույնականացնում: Մենք զայրանում ու դա շրջապատին ցուցադրում ենք տարբեր եղանակներով: Այդ ամենը ևս ագրեսիա է:
Ինչո՞ւ է մեզ պետք ագրեսիան
Նախ, խոսենք լավ բանի մասին: Ագրեսիան էներգիա է, առանց որի գոյատևել հնարավոր չէ: Ստեղծելու և իրացնելու, պաշտպանվելու և զարգանալու համար մեզ պետք է ագրեսիա: Այն տարբեր դրսևորումներ ունի, դիսկոմֆորտից և նյարդային վիճակից՝ մինչև զայրույթ և կատաղություն: Ամենակարևոր բանը, որը պետք է մարդն անի, իր մեջ ագրեսիան ճանաչելը, ընդունելն ու այն այնպես վերամշակելն է, որպեսզի սեփական զգացմունքներն այլ մարդու հասցվի քաղաքակիրթ եղանակով: Ցավոք, մենք չենք կարողանում դա անել: Մենք բավականին երկար ենք կուտակում վիրավորանքները և լռում: Հաճախ այդպիսի վարքագիծ կանանց մոտ է նկատվում, քանի որ մենք մտնում ենք զոհի դերի մեջ ու դիմանում նրան, ինչին դիմանալ պետք չէ: Մեզ մոտ շփման այնպիսի մշակույթ է ձևավորված, որ կնոջից միշտ սպասում են հեզություն և հասկանալու կարողություն: Մանկուց նա լսում է՝ բայց չէ՞ որ դու աղջիկ ես, ու հասկանում, որ իրեն զայրանալ չի կարելի: Եղբորը կարելի է, հորը՝ նույնպես, բայց իրեն չի կարելի: Սակայն բանն այն է, որ նեգատիվ էմոցիաները ոչ մի տեղ չեն կորչում. Նրանք մնում են ու դուրս գալու այլ ելքեր գտնում, որոնք ագրեսիայի ուղիղ ձևեր չեն հանդիսանում:
Ինչո՞ւմ է արտահայտվում պասիվ ագրեսիան
Սարկազմ, նվաստացում, դժգոհություն, նյարդային, լարված վիճակ, արհամարհանք, անտեսում, բամբասանք, վիրավորանքներ, ծաղրանքներ, ինտրիգներ, մանիպուլյացիաներ և սաբոտաժ: Հոգեբանական բռնության այս ձևերը չարտահայտված ագրեսիայի և կուտակված վիրավորանքների արդյունք են: Դրանց դժվար է հետևել, մատնացույց անել ու, առավել ևս՝ գործնականորեն հնարավոր չէ ապացուցել: «Վերջապես տեսքդ լավ է»,- ասում է ձեզ ձեր մայրը: Մի կողմից՝ հաճոյախոսություն է, սակայն մյուս կողմից՝ ակնհայտորեն մի բան այն չէ: «Վերջապե՞ս: Իսկ սովորաբար ի՞նչ տեսք ունեմ»,- փորձում եք պաշտպանվել դուք: «Դե ինչ ես դու ամեն ինչին այդպես արձագանքում. Չէ՞ որ ես ոչ մի վատ բան չասացի»,- հակադարձում է մայրիկը՝ դրանով իսկ արժեզրկելով ձեր զգացողությունները: Փորձեք ագրեսորին ասել, որ դա ձեզ համար տհաճ է, և նա հավանաբար հղում կանի ձեր ավելորդ նեղացկոտությանն ու իր լավագույն մտադրություններին:
Պասիվ ագրեսիա կիրառող մարդու կողքին կյանքը փոքր-ինչ հիշեցնում է հոգեբուժարանի հիվանդի վիճակը: Դու հստակ զգում ես, որ ինչ-որ բան այն չէ, իսկ շրջապատողներն ասում են, որ հորինում ես:
Արհամարհանքը պասիվ ագրեսիայի ծանր ձև է, որն ավելի ուժեղ ազդում է երեխաների վրա: Երեխան կորցնում է ամենամտերիմ մարդու հետ կապը: Երբեմն այդ ռազմավարությանը միանում են հայրը, տատիկը կամ քույր-եղբայրներից որևէ մեկը, և բոյկոտը մասշտաբային է դառնում: Երեխան պատասխաններ է փնտրում, սկսում է սադրել մորը, դրդել բաց կոնֆլիկտի, որպեսզի ցանկացած եղանակով ավարտի այն: Եթե մայրն իրեն պասիվ ագրեսիվ կերպով է պահում երեխայի հոր հետ, նա նրան դնում է աբսուրդ իրավիճակում: Հայրը կարծես թե կա, սակայն մայրն իր ողջ տեսքով ցույց է տալիս, որ նա չկա: Երեխան դիսկոմֆորտի մեջ է, նա չի հասկանում, թե ինչպես արձագանքի կրկնակի ազդանշաններին՝ կարո՞ղ է նա հիմա շփվել հոր հետ, թե՞ նույնպես իրեն տարօրինակ պետք է պահի: Իրավիճակը միանշանակ չէ, և երեխան դրանից լրջորեն տառապում է: Պասիվ ագրեսիվ մարդը իրավիճակի արտադրանք է: Ինչ-որ ժամանակ նման ոճ որդեգրվել է նրա ծնողների կողմից, և նա կոնֆլիկտից դուրս գալու այլ տարբերակ չգիտի:
Ի՞նչ անել, եթե այս նկարագրության մեջ դուք ճանաչեցիք ձեզ
- Գլխավորն այն է, որ դուք դա կարողացել եք տեսնել: Ցանկացած վատ սովորությունից ազատվելու հաջողության 80%-ն այն ընդունել կարողանալն է, ապա՝ պրակտիկա, պրակտիկա, պրակտիկա:
- Մի կուտակեք վիրավորանքները: Խոսեք դրանց մասին հարազատների ու ընկերների հետ: Անօգուտ է սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի:
- Կանգ առեք այն պահին, երբ սկսում եք եռալ: Մի շտապեք զայրալից sms հաղորդագրություն ուղարկել ձեր ամուսնուն աշխատանքի ժամին, կամ ձայնային հաղորդագրություն երեխային՝ ընտանեկան չաթում: Սպասեք 30 րոպե. թեյ խմեք: Ու ճիշտ որոշումներն ինքնին կգան:
- Սովորեք գիտակցված որոշումներ կայացնել: Երբ նեգատիվ էմոցիաները խեղդում են, փորձեք հասկանալ, թե դրա կոնկրետ պատճառը որն է եղել, և ըստ այդմ կայացրեք մտածված որոշումներ:
- Մի գեներացրեք խնդիրը. դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը