Ասում է նկարիչ Քիքին
Մայիսի 14-ին «Ավանգարդ ֆոլկ երաժշտական ակումբում» Արտո Թունչբոյաջյանի էթնո-ջազ երաժշտության ներքո ծնվեց ևս մեկ Բոբո: Նկարիչ Գրիգոր Միքայելյանի` Քիքիի բնորոշմամբ, ստեղծվեց ավելի հայկական Բոբո: «Ես սիրում եմ գործողությունը կատարված կտավի վրա. ազատ, տարերային, արագ, անկրկնելի: Այդ պահին ես կերպարանափոխվում եմ, վերածվում ինչ-որ մի գաղտնի անբացատրելի ուժի ուղեկցի, որի արդյունքում ծնվում է արվեստը»,- ասում է Քիքին:
– Կարո՞ղ եք մեկնաբանել Բոբոյին, ամենասկզբում ինչպե՞ս ծնվեց նա:
– Շատ պատահական. ամենասկզբում ինքը երկու շրջաններ էր, հետո՝ եռանկյուն: Քանի որ ես աբստրակտ նկարիչ եմ, հիմնականում գույներով, գծերով տարբեր իմպրովիզացիաներ էի անում, իսկ հետո սկսեցի կոնկրետ ֆորմաներ օգտագործել` բիոմետրիկ, կլոր, եռանկյուն, գիծ: Բոբոն կազմված է երեք էլեմենտներից` կլոր, եռանկյուն ու գիծ: Մի օր պատահական, այն եռանկյունու մեջ, որն առանձին նկարում էի, երկու կլորներ մտան` աչքերի պես, հետո գիծ, սև ներկով մի բան արեցի, մեկ էլ տեսնեմ՝ հայտնվել է մի շատ տարօրինակ կերպար: 1983 թվականն էր, երբ տեսա զարմացա, որովհետև այն, ինչը մտածված ես անում, չի ստացվում, ինչ-որ մեկի արածի պես ես անում: Բայց այդ մտածելու և չմտածելու պատահականության արանքում ինչ-որ պահի հայտնվեց ինքը, այսինքն` մի բան, որը չես տեսել, բայց մի բան, որն այդպես էլ պետք է լիներ: Տղաներին կանչեցի հարցրեցի` ո՞նց է, ասացին՝ շատ զիլ բան է: Հարևանս միշտ գալիս գործերս նայում էր, նայեց, ասաց` «Ա՛յ տղա էս բոբո ես նկարել, երեխեքս տեսնեն՝ կվախենան»: Ասացինք՝ բոբո, բոբո, բոլորը, թե` բոբո, ու էդ կերպարը դարձավ Բոբո: Հետո աստիճանաբար հասկացա, թե ով է Բոբոն, որ բոլորս համարյա Բոբո ենք, մեր մեջ Բոբո կա, մարդն է Բոբոն, Բոբոն մեզ հետապնդում է, մարդը Բոբոյով արտահայտում է մի բան, որը չի կարողանում արտահայտել: Այդ կերպարը, որի անունը դրել ենք՝ Բոբո, այսօր ռեալ գոյություն ունի, բայց ինքն արվեստ է:
– Այսինքն Բոբոն ե՞ս-ն է:
– Այո՛, ես-ն է, մարդն է, կերպարն է, մեր ներքին մարդն է:
– Բոբոյի մեջ մի տեսակ ագրեսիա կա:
– Եթե նայես որպես ագրեսիա` կա ագրեսիա, եթե նայես որպես ողբերգություն` կա ողբերգություն, եթե նայես որպես ուրախություն, ուրեմն ուրախություն կա: Հաճախ նա շատ բարի է, ծիծաղում է, երեխայի խաղալիքի պես է: Գույներով Բոբոներ էլ կան, նրանք միատեսակ չեն, ուղղակի սևով նրա հիմնական կառուցվածքն է, և սևով ինքը շատ ազդեցիկ է: Գունավոր Բոբոներ էլ կան, որոնք նույնիսկ անուններ ունեն` Բոբոն այս տեսակ կամ այն տեսակ: Արդեն 22 տարի է՝ Բոբոն կենդանի է: Աղջիկս մի օր ասաց՝ եթե չնկարես՝ կնեղանամ: Նույն բանը ես էի մտածում, ամեն տարի նկարում եմ, հակառակ դեպքում իսկապես կնեղանա: Եթե իրեն մոռանաս ու չնկարես, հաստատ կնեղանա:
– Էթնո-ջազ երաժշտությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ Բոբոյի վրա: Առհասարակ երաժշտությունը փոփոխության ենթարկո՞ւմ է, թելադրո՞ւմ է Բոբո:
– Այո՛, որովհետև Բոբոն պահ է, այստեղ-ն է և հիմա-ն, այսինքն` այստեղ-ն ու հիմա-ն և՛ նույնն է, և՛ նույնը չէ: Մշտապես տարբեր մարդկանց առկայություն է, տարբեր երաժշտություն է, տարբեր կատաղություն է, տարբեր հանգստություն է, և ինքն էլ տարբեր է իր ականջներով, աչքերով…
– Արտոյի երաժշտությունն ինչպե՞ս անդրադարձավ Բոբոյի վրա:
– Հայկական դարձրեց Բոբոյին, հայկական ոգու իմաստով, որովհետև երաժշտությունը հայկական էր: Բոբոյի մեջ բոլոր ժամանակների մշակույթներից կա: Բոբոն ունիվերսալ կերպար է, հայ չէ, ճապոնացի չէ, ինքը հենց արտահայտում է ունիվերսում: Եթե մարդն ունիվերսումի մեջ է, միկրոկոսմ է և կապ ունի մակրոկոսմի հետ, ինքն էլ կերպար ունի մարդու և կոսմոսի: Մարդը նույնպես իր մեջ արտահայտում է կոսմոս, և կոսմոսն էլ՝ մարդ:
– Ամեն մարդ կարող է Բոբո ստեղծել. չե՞ք վախենում, որ Բոբոները կշատանան:
– Կշատանան իմ Բոբոյին կխեղդե՞ն. Ո՛չ, ամեն մարդու Բոբոն տարբեր ու հետաքրքիր կլինի:
– Բոբոյի մեջ «իզմ»-եր կա՞ն:
– Իհարկե կան: Բոբոյի մեջ եվրոպական և ամերիկյան արվեստի ազդեցություն կա: Ազդեցություն կա չինական արվեստի կալիգրաֆիայից` ժեստից, միանգամից տրամադրություն է, ժեստ է, խոսք է, նախադասություն է, ամեն ինչ է և յուրաքանչյուր նկարչի մոտ տարբեր է: Այսինքն` այնպես, ինչպես հավերժությունն ամեն մեկը գծում է իր ձևով, չինական կալիգրաֆիան միայն գեղեցիկի համար չի, այլ՝ տրամադրություն է, փիլիսոփայություն է: Դա եկել է արևելյան կալիգրաֆիայից, ներմուծվել է Արևմուտք և Արևմուտքի նկարչության մեջ կոչվել է «անձև աբստրակցիա»: Դադաիզմը նույնպես իր մեջ ունի այդպիսի անհեթեթ ու անարխիստական, կուլտուրան ժխտող կերպարներ, արվեստային ձևեր: Դադաիզմից հետո միաժամանակ հայտնվում է սյուրռեալիզմը և աբստրակցիոնիզմը: Այսինքն` կերպարը սյուրռեալիստական, վերիրական է: Բոբոն ունի նաև անձև աբստրակցիա, որը կա Եվրոպայում, Իսպանիայում և շատ մոտ է իսպանական նկարչության կերպարներին` Ֆիլիպ թագավոր, Ինկվիզիտոր: Կա նաև ֆրանսիական նկարչության ժեստ, անձև աբստրակցիա, ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմ, անմիջական, միանգամից անելու մեթոդը: Կա նաև նոր ֆիգուրացիա, այսինքն՝ 80-ականներին ստեղծված ֆիգուրատիվ նկարչություն: Ի վերջո, կա հենց ինքը, որպես Քիքին, Բոբոն՝ իր ֆորմայով, իր ձևով:
Լուսինե Ստեփանյան
«168.am»