Լուսինե Բադալյանը, որն այս օրերին ակտիվ մասնակցում է ցույցերին, կոչով դիմել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որը դադարեցրել է բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ: Հաղորդավարուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Դիմում եմ Հ.Հ. Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝
Կարեն Կարապետյանին:
Ես՝ Հ.Հ. Քաղաքացի՝ այս նկարում պատկերված ժողովրդից մեկն եմ՝ Լուսինե Բադալյանս:
Նայեք խնդրում եմ այս նկարներին և մի պահ մտածեք՝ արդյո՞ք այս ժողովուրդը պատրաստ է շարունակ խաբված ապրել: Ստի մթնոլորտը տարիներ շարունակ մաշել է մեր հոգիները, սրտերը, ուղեղներն ու նյարդերը: Այս համակարգը, իր ցինիզմով և անարգանքով մարդկանց նկատմամբ, ինքն է առաջացրել անհնազանդության այս ալիքը: Այսօր՝ արդեն մեծ հաղթանակ տոնած ժողովրդին կանգնեցնելն անհնար է: Ցանկացած ուժի կիրառում ունենալու է անդառնալի հետևանքներ և խորացնելու է ատելությունը Ձեր նկատմամբ: Մի կրկնեք 10 տարի առաջ թույլ տված սխալները:
Խոհեմ գտնվեք և կատարեք ժողովրդի ցանկությունը այսօր, որպեսզի վաղը ուշ չլինի»: