Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերացրեց իշխանական համակարգի և հասարակության մեջ առաջացած անջրպետը։ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը փաստում է՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց էր պատրաստվում իշխանափոխությանը։
«Երբ 2015 թվականին ստեղծեց կուսակցությունը, հստակ մեսիջ տվեց իշխանությանը, ասելով, որ գնում է իշխանափոխության ամենակարճ և իրատեսական ճանապարհով։ Իրականում՝ իշխանությունը երբեք մտքով չէր էլ անցկացնի, որ նման համաժողովրդական շարժում կարող է լինել»:
Ըստ Աստղիկ Ավետիսյանի՝ «Իմ քայլը» նախաձեռնությունն իր առջև մի քանի խնդիր էր դրել. տուն առ տուն մտնելով, յուրաքանչյուրի հետ շփվելով և կարծիքը հաշվի առնելով, դրանք հնչեցնել Հանրապետության հրապարակից։
«Շատերը մեղադրեցին Նիկոլ Փաշինյանին անընդհատ նույն հագուստը կրելու, մորուք պահելու մեջ։ Իրականում՝ շատ լավ մտածված քայլ էր, որովհետև հասարակությունը ուզում է իր նմանին տեսնել»։
Հասարակության հետ շփման մեջ կարևորվում են ժեստերը, խոսքի հնչերանգներն ու դադարները։
«Եթե ուշադիր լինենք կտեսնենք, որ կարևոր կետերում մի քիչ դադար էր տրվում, որոշակի հատվածներում ձայնը բարձրանում էր, որովհետև ուզում էր ազդեցիկությունը հնչեցնել, և լսարանի հետ կապ հաստատել, ուղերձը հստակ հասցնել»։
Այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կերպարը փոխվել է։
«Եթե ուշադրություն դարձնենք 2008 թվականի Նիկոլ Փաշինյանին և 2018 թվականի Նիկոլ Փաշինյանին, սրանք լրիվ տարբեր մարդիկ են։ Մի դեպքում մենք տեսնում ենք ճղճղան, բոյկոտող կերպար, որը պատրաստ է ամեն ինչ անել, քանդել-ստեղծել ինչ-որ բան։ Մի այլ դեպքում մենք տեսանք լրիվ այլ բան, ով հանգիստ գնում է բանակցելու կամ երկխոսության մտնելու, հասարակության հետ շփվելու»։
Նիկոլ Փաշինյանի պայքարի մեջ կարևոր գործոն էր ցանցային մարտավարությունը։
«Մինչև այսօր տեղի ունեցող հանրահավաքները եղել են մի տեղում։ Այս շարժումն առանձնահատուկ էր նրանով, որ յուրաքանչյուր բակ, փողոց, հրապարակ օգտագործվում էր հասարակությանն ակտիվացնելու նպատակով»։
Նիկոլ Փաշինյանի կնոջ առկայությունը պայքարում, Աստղիկ Ավետիսյանի կարծիքով, նախապես չէր մտածվել, սակայն այն շատ լավ ազդեց։
«Շատ տղամարդիկ իրենց կանանց պահում են ստվերում։ Քաղաքակունթյունը տեղ է, որտեղ դու ընտանիքով ես հայտնվում և դեմ առ դեմ ես հայտնմվում խոչընդոտներին և փորձում ես հաղթահարել։ Կնոջ ֆակտորը շատ մեծ քայլ է, որպեսզի շատ մայրեր, կանայք իրենց երեխաների հետ միանան շարժմանը»։
Փորձագետը փաստեց՝ հասարակությունն այսօր վստահում է Նիկոլ Փաշինյանին և ընդունում որպես միակ լիդեր: