Մայիսի 1-ին ՀՀԿ պատգամավորները իրենց գործողություններով ժողովրդին տրամադրեցին իրենց դեմ, ու եթե դեռ վերջերս շատերը կարծում էին, թե ՀՀԿ կարող է լավ ընդդիմադիր ուժ դառնալ, ապա հիմա իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է թվում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել հոգեբան Սամվել Խուդոյանը։
«Իշխող ՀՀԿ կուսակցությունը միշտ հայտարարում է, որ պետության ու ժողովրդի կողմից է։ Բայց չգիտես ինչու նրանք դեմ են քվեարկել (Փաշինյանին)։ Նրանց գործողությունների միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ նրանք ուզում էին խաղալ մարդկանց նյարդերի վրա։ Այլ կերպ բացատրել հնարավոր չէ։ Ընդամենը մի քանի ժամ անց նրանք հայտնեցին, որ մենք անպայման կունենանք վարչապետ, ու որ իրենք կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին։ Այդ դեպքում ինչո՞ւ էիք այդպես անում։ Ու ինչո՞ւ էիք վարկաբեկում ձեր բոլոր պատգամավորներին։ Ինչի՞ համար էին այդ բեմադրական ելույթները, ինչո՞ւ էին մարդիկ իրենց այդպես խայտառակում»,- հարցնում է Սամվել Խուդոյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ-ում հանրապետական պատգամավորների ելույթները մարդկանց կատաղեցրել են ու նրանց տրամադրել ընդհանուր կուսակցության ու յուրաքանչյուր առանձին պատգամավորի դեմ, ինչի հետևանքով սոցցանցերում սկսվել է այդ մարդկանց իսկական հետապնդում, ու շատերը ստիպված են եղել փակել իրենց էջերը։
Հոգեբանի խոսքով՝ եթե հանրապետականները պատվով ու արժանապատվությամբ նահանջեին, նրանք կկարողանային ապագայում խորհրդարանում ընդդիմություն դառնալ։ Բայց հիմա այդ կուսակցության հանդեպ ժողովրդի ատելությունն այնքան մեծ է, որ դրա հետագա գոյության հնարավորությունն է արդեն կասկածի տակ հայտնվել։
Հոգեբանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը հիմա անհամբերությամբ սպասում է վարչապետի գալիք ընտրություններին, որոնք մայիսի 8-ին են նշանակված։ ՀՀԿ-ի ասածների ու խոստումների հանդեպ անվստահության պատճառով շատերը չեն հավատում, որ ՀՀԿ պատգամավորները կպահպանեն իրենց խոստումը ու կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, որին ժողովուրդն ուզում է տեսնել վարչապետի աթոռին։
«Ժողովուրդն ուզում է հենց այդ մարդուն, ու որքան երկար նրանք խանգարեն, այդքան ավելի վատ կլինի նրանց համար»,- նշել է հոգեբանը։