«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանվում են ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի սոցիալական երաշխիքները։
Իրավաբան.net-ը ներկայացնում է նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրվող սոցիալական երաշխիքները:
Վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, սակայն այն չի կարող գերազանցել 600-ը:
Օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով:
Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:
Վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ն է: Նրան տրամադրվել է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
Վարչապետը ստանում է նաև հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: