Նիդեռլանդների Գրոնինգհենյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ սպիտակուցի օգտագործումը նվազեցնում է սրտի անբավարարության և վաղաժամ մահվան ռիսկը: Այդ մասին հայտնել է The Times հրատարակությունը:
Հետազոտությանը 2 հազար 281 մարդ է մասնակցել Եվրոպայի 11 երկրներից, որոնց միջին տարիքը կազմել է 68: Նրանց կողմից սպիտակուցի օգտագործման մակարդակը որոշվել է մեզի անալիզի միջոցով: Մասնագետները պացիենտների վիճակին հետևել են գրեթե երկու տարի:
Այն մարդկանց թվում, որոնք ընդունել են աննշան քանակությամբ սպիտակուց պարունակող կերակուր՝ օրական 40 գրամից պակաս, 21 ամիս անց մահացել է գրեթե մեկ երրորդը (31 տոկոսը): Օրական 70 գրամից ավելի սպիտակուց օգտագործող պացիենտների մոտ մահվան ռիսկը նվազել է մինչև 18 տոկոս: Հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը և երիկամների ֆունկցիան, քիչ քանակությամբ սպիտակուցի օգտագործման դեպքում մահվան ռիսկը մեծացել է 43 տոկոսով:
70 և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտավորապես 10 տոկոսը տառապում է արյան շրջանառության համակարգի խախտումներից, քանի որ ծերանալիս օրգանիզմն ավելի պակաս արդյունավետությամբ է սպիտակուցն օգտագործում սրտի մկանների վերականգնման համար: Հայտնի է, որ սպիտակուցի բարձր պարունակությամբ ուտելիքը նպաստում է մկանային զանգվածի կուտակմանը և սիրտն ավելի երկար է առողջ պահում: