Տորոնտոյում, Օնտարիո լճի ափի արևելյան մասի երկայնքով, կառուցվում է նոր թվային քաղաք: Դրանով զբաղվում է Sidewalk Labs ֆիրման, որը պատկանում է Alphabet-ին՝ Google-ի մայր ընկերությանը: Ընկերության ներկայացուցչի խոսքով, այդ նախագիծը պետք է դառնա 21-րդ դարի ուրբանիզմի օրինակ,:
Մինչդեռ շատերի մոտ այն առաջացնում է մի շարք հարցեր, որոնցից գլխավորն այն է, թե արդյոք չափազանց հեռու չի գնացել քաղաքային իշխանությունների և մասնավոր կորպորացիաների համագործակցությունը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե պարզապես ինչ-որ կորպորացիայի, այլ աշխարհի խոշորագույն տեղեկատվական-տեխնոլոգիական ընկերություններից մեկի մասին է, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել: Sidewalk Labs-ը խոստանում է Օնտարիո լճի ափի անուշադրության մատնված շրջանը դարձնել աշխույժ մինի-քաղաք, որն ամբողջությամբ կառուցված կլինի Համացանցի հիման վրա:
Այդուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե հատկապես երբ է ավարտվելու ապագայի քաղաքի կառուցումը: Դան Դոկտորոֆը՝ Sidewalk Labs-ի ղեկավարը և Նյու Յորքի նախկին փոխքաղաքապետը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագծի նպատակը «քաղաքաբնակների կյանքն ավելի առողջ, անվտանգ, հարմարավետ ու հետաքրքիր դարձնելն է»: «Մենք ցանկանում ենք ստեղծել այն բանի տիպարային մոդելը, թե ինչպիսին կարող է լինել քաղաքային կյանքը 21-րդ դարում»,- ասում է նա: Նոր քաղաքի տարածքը սփռված կլինի տվիչներով, որոնք տեղեկատվություն կհավաքեն փոխադրամիջոցների երթևեկության, աղմուկի մակարդակի և օդի աղտոտման մասին, ինչպես նաև կհետևեն էլեկտրացանցի աշխատանքին և աղբի դուրսբերմանը: