Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքներ կատարելիս գտել են XVII – XIX դարերի բազմաթիվ առարկաներ: Այդ մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետարանի պորտալը:
«Գտածոների թվում են խեցե և ապակե անոթներ, վառարանի հախճասալիկներ, կրոնական և աշխարհիկ բնույթի ոսկերչական իրեր: Մասնագետները հատկապես առանձնացնում են տղամարդու մի քանի մատանիներ՝ պատրաստված սպիտակ մետաղից և պղնձի համահալվածքից:
Կնիք-մատանիների վրա կարելի է տեսնել ուռուցիկ պատկերներ՝ հերալդիկ խորհրդանշանների և բուսական մոտիվներով: Մյուսների վրա կան ապակուց և մոխրագույն ագաթից ներդիրներ»,- մեջբերում է պորտալը Մոսկվայի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովի խոսքը: Բոլոր առարկաները հայտնաբերվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքի մոտ: