Արհեստական արյունը կարող է 48 ժամ փոխարինել իսկական արյանը
Advertisement 1000 x 90

Արհեստական արյունը կարող է 48 ժամ փոխարինել իսկական արյանը

Մարդը կարող է մի քանի օր ապրել, եթե զրկվի ուտելիքից կամ նույնիսկ ջրից, բայց ահա արյան մեծ կորուստի դեպքում հաշվարկը կատարվում է ժամերով և րոպեներով, իսկ արյանը փոխարինող լուծույթները ոչ միշտ են կարողանում օգնել, քանի որ դրանց մեծ մասը լրացնում է ծավալը, մինչդեռ արյան կողմից թթվածնի մատակարարման ֆունկցիան բացակայում է: Արյան փոխներարկումը ևս ոչ միշտ է հասանելի: Սենթ Լուիսի Վաշինգթոնյան համալսարանի Բժշկության դպրոցի հետազոտողները հենց այս նպատակով են ստեղծել մարդկային արյան սինթետիկ նմանակ Erythromer-ը, որը կարող է թթվածին մատակարարել մինչև 2 օր:

Նոր մշակման մասին հայտնում է Engadget-ը: Ինչպես պնդում են իրենք՝ հեղինակները, Erythromer-ը չի փոխարինում մարդկային արյանը, այլ հանդես է գալիս միայն որպես շրջանառվող արյան ծավալը համալրող և մարդու օրգանիզմի բոլոր բջիջներին թթվածնի մատակարարման ֆունկցիան վերականգնող ժամանակավոր միջոց: Այսօր արդեն գոյություն ունեն համանման նյութեր՝ դա առաջին հերթին վերահամակցված հեմոգլոբինն է և պերֆտորածխածինները: Սակայն այս նյութերը մեծ թվով կողմնակի էֆեկտներ ունեն, որոնք ներառում են ալերգիկ ռեակցիաները, թունավորումը և նույնիսկ հյուսվածքների վնասումը:

Իսկ Erythromer-ը նշված թերությունները չունի և իրենից ներկայացնում է մարդկային հեմոգլոբին, որը թողարկվում է փոշու ձևով: «Ակտիվացնելու» համար անհրաժեշտ է միայն այն խառնել հատուկ լուծույթով (չնայած արտակարգ իրավիճակում կարող է հարմար լինել նաև ֆիզլուծույթը), որից հետո կարելի է փոխներարկում կատարել: Ինչպես պնդում են մշակողները, փոշին օգտագործելիս արյան միջոցով փոխանցվող տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգը նվազագույն է: Դրանից բացի, ի տարբերություն սովորական արյան՝ տեղափոխումը և պահպանումը հատուկ պայմաններ չի պահանջում, իսկ փոշու պահպանման ժամկետը 6 ամիս է:

med.news.am