Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց նոր կառավարություն: Եվ նորը հավասարազոր էր անհայտին ու թարմին, քանի որ նախարարները, փոխնախարարները և այլ օղակների պատասխանատուները ծանրաբեռնված չէին անցյալի «փոշով», սոցիալական մեդիայի ակտիվ օգտատերեր էին ու պիտի հակակշիռ դառնային այն պաշտոնյաներին, որոնք սովոր էին ոչ թե ձևակերպել խնդիրները, այլ սահուն կերպով քողարկել դրանք (անգամ սոցիալական մեդիայում):
Նոր կառավարությունից սպասում ենք քայլեր։ Թեկուզ, նշաններ, որ նրանք առնվազն պատրաստվում են մաքրել խնդիրների վրա նստած փոշին։
Այն մասին, թե ինչ ուղերձներ են գալիս արդեն նոր նախարար ու փոխնարարներ ունեցող մշակույթի նախարարությունից և ինչու չարժի լռել, երբ թարմն արագորեն դադարում է լինել թարմ, զրուցում ենք հրապարակախոս, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի հետ:
– Մշակույթի նոր (հեղափոխությամբ հայտված) նախարարից սպասում ենք նշանի, թե ինչպես է պատկերացնում նորը: Միգուցե նոր կառավարությանը դեռ քննադատելու ժամանակը չէ՞։
– Կառավարությունը մշտապես պետք է քննադատության թիրախ լինի, հեղափոխությամբ եկած կառավարությունը՝ հատկապես։ Երբեմն ասում են՝ օ՜, դեռ շուտ է։ Ի՞նչն է շուտ, ինչո՞ւ է շուտ։ Բա որ հետո պարզվի, որ ուշացել ենք, ի՞նչ ենք անելու։
Ոմանք ասում են՝ անփորձ են, անծանոթ են, ի՞նչ պիտի անեն։
Հեղափոխությունը միշտ բերում է անծանոթ մարդկանց և նրանց աշխատանքի հաջողության երաշխիքը հեղափոխական շունչն է, հրապարակից կաբինետներ տեղափոխված մթնոլորտը։
– Առջևում արտահերթ ընտրություններ են, միգուցե նոր կառավարությունը ռիսկային է համարում կտրուկ քայլերը։
– Ավելի վտանգավոր է կտրուկ քայլերից հրաժարվելը։ Այսօր կառավարությունն ընդդիմություն չունի։ Վաղվա ընտրողը ոչ թե քաղաքական ուժ է ընտրելու, այլ՝ տարբերությունը։ Հնի ու նորի տարբերությունը։
Տարբերություն դեռ չենք տեսնում, բայց ամեն օր ականատես ենք չարաշահումների, վատնումների բացահայտումների, որոնք փաթեթավորված են, կներեք արտահայտությանս համար, ժողովրդահաճությամբ։
Մշակույթում էլ կան անարդյունավետ կառավարման և վատնումների աղաղակող փաստեր, բայց դրանց մասին պետք է ոչ թե բացականչել, այլ՝ դարձնել քննարկման առարկա։
Մշակույթի նախարարությունը անցած մեկուկես տարում 1.5 միլիոն դոլարի չափով աջակցել է մամուլին՝ որոշ դեպքերում իբր թե մշակութային կամ արվեստաբանական նյութեր հրապարակելու համար։
Շատ կուզեի համացանցում ի մի բերված տեսնել այդ հոդվածները։ Գուցե դրանք իսկապես լավն են, արժեքավոր են, բայց պետք է կարդալ համեմատելու համար ծախսված գումարն ու ստացված արդյունքը։
Կամ՝ Սփյուռքի նախարարն ասում է, թե նախկինները միլիոն չգիտեմ ինչքան հազարով 30 հոդված են պատվիրել, դա շատ ուժեղ ազդեցություն է թողնում։ Իսկ երբ մեծ գումարը բաժանում ես 30-ի, պարզվում է նորմալ հոնորար է։ Այս դեպքում էլ թող հրապարակեն հոդվածները, ոչ՝ թվեր։ Եվ մարդիկ կտեսնեն՝ իրենց հարկերի հաշվին ինչ անորակ բաներ են գրվել։
Մենք ապրում ենք շուկայական ազատ տնտեսության պայմաններում և մասնավոր ընկերություններին, անձանց, հեղինակներին պատվերներ տալը շատ բնական է։
Մեկ էլ տեսնում ես, որ հարկատուների հաշվին հարյուրավոր աշխատակիցներ պահող Հ1-ը դրսում պատվերներ է տալիս՝ պարզ չէ ում և ինչ նպատակով։ Բա էդ հարյուրավորներին ինչի՞ համար եք պահում։
Ամենակարևորն այս պահին սկզբունքների հռչակումն ու գործադրումն է՝ մրցակցություն, ապակենտրոնացում, հանրության ներգրավում և այլն։ Հիմա կա այդ հնարավորությունը. մի քանի ամիս առաջ ես չէի խոսի:
Ամբողջությամբ՝ media.am