Լողասենյակի կարևոր բաղադրիչներից մեկը զուգարանակոնքն է, որը երբեմն զիջում է իր էսթետիկությամբ, բայց անշուշտ շատ կարևոր է հարմարավետության համար: Քանի որ մեր վերջին հոդվածներում պատմել ենք լոգարանների, բիդեների, լվացարանների ու մնացած կարևոր բաղադրիչների մասին, այս անգամ կանդրադառնանք զուգարանակոնքերին: Իրականում դրանք նույնպես շատ կարևոր են լողասենյակի հարդարանքի հարցում: Նախ՝ այն պետք է լինի հարմարավետ, ապա համադրվի մյուս բաղադրիչների հետ ու ստեղծի կատարյալ միջավայր լողասենյակում: Զուգարանակոնքի ճիշտ ընտրությունը պակաս կարևոր չէ, քան մյուս բաղադրիչներինը: Իդեալական տարբրակում այն չպետք է կտրված լինի ձեր լողասենյակի ոճից: Առաջարկում ենք ծանոթանալ զուգարանակոնքերի հիմնական տեսակներին ու դրանց օգտագործման առավելություններին ու թերություններին:
Դասական զուգարանակոնք
Սրանք ամենատարածված զուգարանակոնքերն են: Բաղկացած են երկու մասից՝ նստատեղից և ջրի բակից: Լինում են հիմնականում կերամիկական, ջրի բակի վրա ամրացված է ջուրը քաշելու սեղմակ: Այսպիսի զուգարանակոնքերի հազարավոր տեսակներ կան, տարբեր չափսեր, տարբեր գույնի ու տարբեր ձևի: Ձևը ոչ միայն արտաքինին է վերաբերում, այլ նաև զուգարանի անցքի դիրքին: Համարվում է, որ այս տեսակները համեմատաբար մատչելին են, հեշտ են տեղադրման հարցում, ունեն ձևերի լայն ընտրություն:
Զուգարանակոնք՝ ջրի բակը պատի մեջ
Այս տարբերակի զուգարանակոնքների ջրի բակն անտեսանելի է, տեղադրվում է պատի մեջ: Այն դառնում է անտեսանելի ու միայն ջուրը քաշելու սեղմակն է պատի վրա երևում: Այս տարբերակը համարվում է նորաոճ ու մինիմալիստական, ազատ տարածության տպավորություն է թողնում: Ջրի խնդրի դեպքում հիմնականում պատի մեջ այլ հատվածում ամրացված է լինում մուտք, որն անտեսանելի է, բայց ամեն պահի մասնագետը կարող է շատ հանգիստ վերացնել առաջացած խնդիրը: Փորձագետները նշում են, որ իրականում այս զուգարանակոնքի հետ առաջացած խնդիրները կարելի է վերացնել շատ հեշտ: Դրանց հետ աշխատելը նույնքան հեշտ է, ինչքան սովորական զուգարանակոնքերի հետ:
Պատից կախված զուգարանակոնք
Այս տարբերակի զուգարանակոնքերը կախված են պատից, ավելի ճիշտ գետնին հենման կետ չունեն: Բացի այդ, չկա նաև ջրի երևացող բակ: Այն կամ պատի մեջ է, կամ էլ լողասենյակի հատուկ կահույքի մեջ, ինչպես վերևի տարբերակում է: Պատի վրա ամրացվում է ջուրը քաշելու սեղմակը:
Կարևոր է, որ պատը շատ ամուր լինի, որ կարողանա պահել զուգարանակոնքը, ինչպես նաև ջրի բակը: Նշվում է, որ այսպիսի զուգարանակոնքերը կարող են պահել մինչև 200 կգ ծանրություն: Այսպիսի զուգարանակոնք տեղադրելը նորաոճ դիզայն է հաղորդում ձեր լողասենյակին: Չկա ջրի երևացող տարրա, երևում է միայն հատակից կտրված զուգարանակոնքը, որի շուրջբոլորը մաքրելը անհամեմատ ավելի հեշտ է դառնում:
Ջրի նեղ բակով զուգարանակոնք
Այսպիսի մոդելները նույնպես կազմված են 2 մասից․ ուղիղ, առանց խոր կորությունների նստատեղ և ջրի նեղ բակ: Ներքևի հատվածում այն շատ լավ փակում է հնարավոր երևացող բոլոր խողովակները կամ նման այլ բաներ: Շատ հեշտ է մաքրելու համար, քանի որ թաքնված ու կոր հատվածներ չկան, որտեղ կարող է ժամանակի ընթացքում կեղտ հավաքվել: Այս մոդելները նույնպես ազատ տարածության տպավորություն են ստեղծում:
Բարձր, հարմարավետ զուգարանակոնքեր
Այս զուգարանակոնքերը սովորականներից ավելի բարձր են, մոտ 4-5 սմ: Սրանք նախագծողները համարում են, որ այս տարբերակներն ավելի հարմար են:
Իրականում 5 սմ բարձրությունը կարող է շատերին ոչինչ չասել, բայց բարձրահասակ մարդկանց համար դրանք շատ հարմար են: Բացի այդ, նստելու ու վեր կենալու համար բարձր նստատեղով զուգարանակոնքերը ևս մեկ առավելություն ունեն՝ ավելի քիչ ճնչում է գործադրվում ծնկների վրա: