Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում անցկացվող «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
«Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով միջազգային գիտաժողովի անցկացումն Ստեփանակերտում կարևոր և պահանջված իրադարձություն է մեր երկրի համար:
Ճշգրիտ գիտությունների զարգացումը մեր կողմից դիտարկվում է որպես Արցախի կրթական և գիտական համակարգի ռազմավարական ուղղություններից մեկը: Մեր ժողովուրդն ունի բնատուր հակում ճշգրիտ գիտությունների նկատմամբ, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Արցախը տվել է հանրահռչակ ֆիզիկոսների մի ողջ համաստեղություն:
Ակնհայտ է, որ ժամանակակից պայմաններում գիտության այս ճյուղի զարգացումն անհնարին է առանց միջազգային գիտակենտրոնների հետ համագործակցության: Ողջունելի է, որ այս գիտաժողովին մասնակցում են տարբեր երկրներ ներկայացնող առաջատար գիտնականներ: Ձեր մասնակցությունը կարևոր է ոչ միայն գործնական, այլ նաև բարոյական և մարդասիրական տեսանկյուններից, քանի որ, մեր խորին համոզմամբ, գիտակրթական ոլորտում փոխգործակցությունը պետք է նպատակաուղղված լինի միմիայն գիտության զարգացմանը, ինչը համամարդկային արժեք է և դուրս է պետությունների սահմաններից:
Համոզված եմ, որ գիտաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջև դրված խնդիրները:
Համաժողովի անցկացումն Ստեփանակերտում բոլորիդ համար լավ հնարավորություն է նաև տեղում ծանոթանալու մեր հանրապետությանը, նրա պատմամշակութային արժեքներին և անձնական կարծիք կազմելու մեր ժողովրդի ու երկրամասի մասին:
Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և մաղթում բեղմնավոր աշխատանք ու ամենայն բարիք»: