Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրապարակումը.
Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, թե ինչպես եմ վերաբերվում աստղագիտությանը: Տիեզերքի հանդեպ ունեցածս հետաքրքրությունն ու այն ուսումնասիրող գիտությունը նույնպես կապում եմ անվտանգությանն առնչվող մի քանի ուղղությունների հետ: Այդ համատեքստում, այսօր ընդունեցի ԳԱԱ Վ.Հ. Համբարձումյանի անվան, Բյուրականի աստղադիտարան – ինստիտուտի տնօրեն Արեգ Միքայելյանին:
Պարոն Միքայելյանը ներկայացրեց ինստիտուտի կողմից իրականացվող մի շարք տեղական ու տարածաշրջանային նշանակության ծրագրեր, որոնք վերաբերում էին աստղաֆիզիկային։
Իմ խորին համոզմամբ, մեր հայրենիքի անվտանգության հայեցակարգի մշակումն անմիջականորեն առնչվում է գիտության և կրթության հետ: Այդ իմաստով, երկուստեք հաստատեցինք, որ միմիայն գիտության ոլորտի շարունակական զարգացման շնորհիվ կարող ենք ունենալ անվտանգության ոլորտը կատարելագործող ու ամրացնող պրոֆեսիոնալ կադրեր:
Զրուցակցիս հավաստմամբ, չնայած ֆինանսական միջոցների սղությանը, Բյուրականի աստղադիտարան – ինստիտուտն աշխարհի լավագույն մասնագիտական կենտրոններից մեկն է: Առկա ներուժի շնորհիվ մեր մասնագետներն իրենց զգալի ներդրումն են բերում տիեզերքի ուսումնասիրման գործում:
Զրույցի ավարտին պարոն Միքայելյանն ինձ փոխանցեց տիեզերքին ու աստղագիտությանը վերաբերող մի քանի աշխատություն, որոնք հիմնականում աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հետազոտությունների մասին են: Հերթում սպասող բազմաթիվ գրքերիս ավելացան ևս մի քանիսը: