«Արմենպրես» լրատվական գործակալությունը փոխում է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի մեթոդաբանությունը: Հրատարակչությունների հետ քննարկման արդյունքում այսուհետև մենք վարկանիշային աղյուսակը կազմում ենք ամսական վաճառքի տվյալներով: Ամսվա յուրաքանչյուր առաջին ուրբաթ օրը ձեզ ենք ներկայացնում հայ գրողների գեղարվեստական, երկրորդ ուրբաթ օրը՝ թարգմանական ստեղծագործությունների, երրորդ ուրբաթ օրը՝ մանկական գրքերի, իսկ չորրորդ ուրբաթ օրը՝ փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակները: Տասնյակները կազմվում են նախորդ ամսվա վաճառքների տվյալների հիման վրա: Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ընդհատակում էր: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ եւ առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…». գրում է Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:
Ամբողջությամբ՝ armenpress.am