Կոմպոզիտոր, երաժիշտ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր Ստաս Նամինը Հայաստան է բերել իր երկու վերջին ֆիլմերը: Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» և «Իրական Կուբան» ֆիլմերը:
«Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ինձ հրավիրել են այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է ցույց տալ այն ամենն, ինչ ես անում եմ: Սրանք ֆիլմեր են, որոնք ես ցանկանում էի անել տեղեկատվական տեսանկյունից: Կուբան և Հայաստանը փոքր, բայց շատ հետաքրքիր երկրներ են: Դրանց մասին քչերը գիտեն: Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Կուբայում, իսկ Հայաստանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է»,- լրագրողների հետ հանդիպման մեկնարկին նշեց Ստաս Նամինը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Նամինի ֆիլմերը և նրա մեկնաբանությունները կինոնկարների վերաբերյալ:
«Իրական Կուբան» (ռեժիսոր` Ստաս Նամին, Ջիմ Բրաուն)
1962-ին միջուկային պատերազմի ահարկու ստվերի տակ Կուբայի հրթիռային ճգնաժամի ընթացքում Խորհրդային միության կողմից կարևորագույն բանակցողներից էր Անաստաս Միկոյանը: Կես դար անց նրա թոռ Ստաս Նամինը ուղևորվում է Կուբա: Ֆիլմը բացահայտում է ազատության այն եզակի ոգին, որով լի են Կուբան և հասարակական տարբեր շերտերի, տարիքի, տնտեսական կարողության տեր կուբացիները:
«Երբ Ֆիդել Կաստրոն եկավ Մոսկվա, մեզ մոտ հյուր, նա մեր տանն էր հիմնականում մնում: Ֆիդելը պապիկիս ասաց, որ երբևէ չի տեսել ձյուն: Ես այդ ժամանակ փոքր էի, ու ականջ էի դրել նրանց խոսակցությանը: Պապիկս ասաց. «Ուշ ես եկել, գարնանը ձյուն չկա»: Ես գիտեի, որ հեղեղատում քիչ քանակությամբ ձյուն կա, սկուտեղով Կաստրոյի համար ձյուն բերեցի»,-պատմեց Ստաս Նամինը:
Ռեժիսորի խոսքով՝ մի առիթով ինքը համերգով պետք է հանդես գար Կուբայում: «Այնտեղ հանդես էինք գալիս ամենամեծ դահլիճներից մեկում, դահլիճն ամբողջությամբ լիքն էր, իսկ առաջին շարքում ռուսներ էին նստած: Հարցրեցի՝ արդյոք դահլիճում կուբացիներ կան: Թատերահարթակում էին նստած, պատասխանեցին, որ իրենց ներքև իջնել թույլ չեն տալիս: Ես էլ հրաժարվեցի հանդես գալ, դադարեցրի համերգը: Ինձ մոտեցան մարդիկ քաղաքացիական հագուստով, ասացին, որ իմ վերջին այցը կլինի արտասահման: Այդ դադարը 40 րոպե տևեց, արդյունքում նրանք հանձնվեցին»,-վերհիշեց Նամինը: Հաջորդ առավոտ Նամինին կանչեցին Կուբայում Սովետական Միության դեսպանի մոտ: Նամինը սպասում էր, որ իրեն կգնդակահարեն, սակայն դեսպանը շնորհակալություն հայտնեց Ստաս Նամինին՝ ասելով, որ նա Սովետական Միության հպարտությունն է: Ըստ դեսպանի քարտուղարուհու՝ պատճառը կուբական թերթում գրված հիացական նյութն էր: Բայց Նամինը հետագայում իմացավ, որ իրեն փրկել էր հենց Ֆիդել Կաստրոն, որի հետ նա հանդիպեց հետագայում: Նամինի խոսքով՝ Կուբայի մասին ֆիլմ նկարահանելը ճիշտ քայլ էր:
«Հայաստանի հնագույն տաճարները» (ռեժիսոր՝ Ստաս Նամին)
14 տարեկանում Ստաս Նամինը Հայաստան եկավ: Հետագայում նա բազմաթիվ կարճատև այցերով եղավ աշխարհի այս անկյունում: Բայց մի քանի տարի առաջ Նամինը երկարատև ճամփորդության ելավ Հայաստանով մեկ: Նա տեսավ ծանոթ վայրերը՝ Երևանը, Գառնու կիրճը, Գեղարդի և Էջմիածնի վանքերը: Հետո ուղևորվեց ստորգետնյա զնդանի վրա կառուցված Խոր Վիրապ, որտեղ 3-րդ դարում մոտ 14 տարի բանտարկված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այցելեց նաև Ալավերդի քաղաք, Հաղպատ և Սանահին վանքեր, Սևան և Արցախ: Արդյունքում ծնվեց այս ֆիլմը:
«Սա ինձ համար շատ լուրջ նախագիծ էր, չէ՞ որ Հայաստանն «իմ միս ու արյունն է»: Ես երկար դադարից հետո տղայիս հետ Հայաստան էի եկել: Տղաս առաջին անգամ էր Հայաստանում, 2500 կիլոմետր էինք անցել մեքենայով: Նկարեցինք ֆիլմ այն մասին, ինչ տեսել ենք: Այցի ընթացքում ես շատ եմ լուսանկարել ու նկարներ նկարել»,- նշում է Ստաս Նամինը:
Նա փաստում է, որ ամբողջ կյանքում կհիշի իր առաջին այցը Հայաստան: Իր մայրն էր բերել հայրենիք, իսկ ամենավառ հիշողությունն այն էր, որ օտար մարդիկ իրենց մեղրով ու պանրով լավաշներ էին հյուրասիրում:
Խոսելով ֆիլմի մասին՝ Նամինը փաստում է՝ տարօրինակ է, որ Ռուսաստանում և աշխարհում շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, և նրա նպատակներից է եղել նաև ինչ-որ առումով մարդկանց իրազեկելը: Անդրադառնալով վերնագրի ընտրությանը՝ ռեժիսորը շեշտում է՝ տաճարը նաև որոշ առումով հոգևոր իմաստ է արտահայտում:
«Հայաստանում շատ բան է փոխվել, վերջերս տեղի ունեցած հեղափոխությունն ազգի քաղաքակրթության վառ օրինակ է: Միասնությունն առանց ագրեսիայի ունիկալ իրավիճակ ստեղծեց: Աշխարհում նման բան չի եղել: Արդյունքում էլ ղեկավարությունը չցանկացավ ու չկարողացավ պայքարել ժողովրդի դեմ: Ռուսաստանում կատակ են անում՝ ասում են. «Մոսկվայում չի ստացվի նման բան անել, հայերը քիչ են»,- կես կատակ, կես լուրջ նշեց ռեժիսորը: