Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: Այդ առիթով շնորհավորելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել նրա ավանդը միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում, նշելով, որ Յուրի Օգանեսյանի գիտական վաստակով ու նվաճումներով հպարտանում են ողջ երկիրն ու ժողովուրդը:
Նախագահ Սարգսյանը եւ Յուրի Օգանեսյանը քննարկել են ռադիոիզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի իրագործման ընթացքը:
Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաև ներդրում ունենալու երիտասարդ գիտնականների կրթության եւ առաջընթացի գործում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ: