Ինչպես ֆուտբոլ ենք խաղում, այդպես էլ նկար ենք գնում
Advertisement 1000 x 90

Ինչպես ֆուտբոլ ենք խաղում, այդպես էլ նկար ենք գնում

Արարատ Սարգսյանը ստեղծագործում է նախագծերով: Նա միշտ նոր թեմաների եւ արտահայտչամիջոցների որոնման մեջ է: «Մուսա» հասկացությունը չի ընդունում, ասելով՝ «Ես առավոտն արթնանում եմ եւ աշխատում եմ: Մուսայի պրոբլեմ ունեն ինքնուս նկարիչները: Այսօր մուսա կա՝ կնկարեն, վաղը չկա՝ չեն նկարի: Ծնված օրվանից իմ միջի «մոտորն» աշխատում է եւ, փառք Աստծո, մինչեւ հիմա չի կանգնել, ժամանակ առ ժամանակ յուղն եմ փոխում: Պրոֆեսիոնալը էդպես պիտի լինի»: Ա. Սարգսյանը համոզված է, որ ստեղծագործությունը հաղթահարումից է սկսվում: Պետք է հաղթահարել կարծրացած պատկերացումներն ու գաղափարները, նաեւ՝ սեփական ծուլությունը: Գտնել ամեն ինչի նախատիպարը. Արարատ Սարգսյանը թերեւս դա է փորձում անել: Իր հյուրընկալ, հարմարավետ արվեստանոց-տանը նա ստեղծել է սեփական աշխատանքների փոքր ցուցադրություն, իսկ պատշգամբում՝ թղթի պատրաստման հարմարանքներ:

– Դուք նկարելու համար թուղթ պատրաստելու յուրահատուկ բաղադրատոմս ունեք:

– Ես ինքս եմ թուղթ պատրաստում: Օգտագործում եմ միայն այն թուղթը, որը իր մեջ սոսինձ չի պարունակում: Առանց սոսնձի թուղթն ի վիճակի է նորից վերակազմավորվել: Թուղթը միքսերով խառնում, մանրացնում եմ, հետո այդ ծավալի մեջ բնական սոսինձներ եմ ավելացնում՝ բամիա, ցորենի թեփ: Այդ բաղադրատոմսը ես Հորդանանում եմ սովորել: Մի քրիստոնյա արաբ կին կար, ում խնդրեցի մի քանի դաս տալ ինձ: Ես հիմա ամեն չափի՝ մինչեւ մեկ մետր թուղթ եմ պատրաստում: Թղթային հեղուկը մաղի վրա քամվում, չորանում է: Այդ թուղթը ես սկսեցի անել «Արքետիպեր» շարքի համար: Հետո օգտագործեցի «Թուղթ խաչքարերի» համար: «Արքետիպերը», հայերեն ասած՝ նախատիպարները անելով, ես փորձեցի նախատիպարային տեխնիկա գտնել: Թեման պետք է ճիշտ նյութի վրա նստեր: «Արքետիպեր» շարքը ներկայացնում է հիմնականում հին, մոռացված գրերը, կորսված այբուբենները: Սկսած 1995 թվականից` ես այս նախագիծը տարբեր երկրներում եմ արել: «Արքետիպերը» ոչ միայն վիզուալ հավաքածու է, այլեւ զուգահեռ ձայնագրություն ունի՝ տարբեր ազգերի մարդիկ տեքստ են ասում իրենց լեզվով: Եվ այդ ձայնային, նաեւ` լուսային ինստալյացիաները նման տարողունակ նախագիծն ավելի ամբողջական են դարձնում:

– Խաչքարերն է՞լ եք ձեր պատրաստած թղթի վրա նկարում:

– Այո: Ինձ միշտ հետաքրքրել են խաչքարերը: Ինչո՞ւ մենք ունենք խաչքարեր, իսկ հարեւան Վրաստանը, օրինակ, չունի: Մենք միշտ նույնացրել ենք մեր խաչքարերը կենաց ծառի գաղափարի հետ, որը գոյություն ուներ մինչեւ քրիստոնեությունը: Քրիստոնեությունն ամբողջ աշխարհում դեկորատիվ է դարձել: Քրիստոնեական սիմվոլները, նշանները կիրառական նշանակություն ունեն: Մուսուլմանների հավատքը շատ նատուրալ է, նրանք իսկապես հավատում են: Մեր ազգի համար հավատի չափը, տեսակը շատ մեծ պրոբլեմ է: Մեր կրոնը մեծ դեր չունի քաղաքական եւ հասարակական կյանքում: Անհավատ մարդն ամեն ինչի ընդունակ է: Տեսեք, օրինակ, մարդ սպանած քաղաքապետը նորից ընտրվեց:

– Կարծես դուք նախագծերով, նկարչական շարքերով եք մտածում, առանձին գործեր, թերեւս, չեք ստեղծում:

– Առանձին գործը մարդն է: Ասենք, Տիցիանն իր ամբողջ կյանքում մի գործ, մի նկար է ստեղծել: Դա ինքը Տիցիանն է: Ժամանակակից նկարիչը մի քիչ տարբերվում է: Իմ շարքերն իրարից են ծնվում: «Արքետիպերից» ծնվեցին «Խաչքարերը», հիմա ես նոր նախագիծ եմ արել՝ «Որտեղ փնտրել դրախտը»: Վեհ գաղափարներ մի փնտրեք իմ նկարներում, ամեն ինչ շատ պարզ է: «Տեքստ եւ բնություն» շարքում տեքստը նկար է դառնում, իսկ նկարը` տեքստ: Նախագծերը հասարակ մի նախադասությունից կարող են ծնվել: Այսօր ես տեսնում եմ, որ շատ հայ նկարիչներ անում են այն, ինչ երեկ են արել: Առավոտն արվեստանոց են գնում եւ անում են այն նկարը, որը երեկ չեն հասցրել ավարտել: Եվ այդպես` տարիներ շարունակ: Նկարիչը դառնում է իր ոճի գերին: Եվ հիմա Հայաստանում ստիլիզացված արվեստն է տարածված, որը շատ հնացած է:

– Ոճն արդեն նույնացվում է նկարչի հետ ու օգնում է նրան ճանաչված դառնալ: Դա վա՞տ է:

– Բայց դա շատ քիչ բան է նշանակում: Դա կապված է նշանային համակարգի հետ: Ամենավատ բանն էլ, որ երկու անգամ տեսնես, կսկսես ճանաչել: Ճանաչելին դեռ չի նշանակում` լավը: Ինձ էլ կարելի է ճանաչել, բայց դա իմ աշխատանքի առաջին նախապայմանը չէ:

– «Որտեղ փնտրել դրախտը» շարքը պատասխան տալի՞ս է, թե որտեղ է դրախտը:

– Լոս Անջելեսում լինելով, ես անընդհատ տեսնում էի, որ հայերի համար դրախտավայրը, միեւնույն է, մնում է Հայաստանը: Այս նախագծի հիմքում քարտեզներն են: Կան մի քանի միջնադարյան՝ ասորաբաբելոնական, հայկական եւ մի քանի ժամանակակից քարտեզներ, իսկ տեքստերը գրել է Վահրամ Մարտիրոսյանը: Պատմականորեն այդպես է ստացվել, որ եվրոպական շատ մտածողներ, եկեղեցականներ դրախտը տեղադրել են Հայկական լեռնաշխարհի տարածքում, քանի որ Աստվածաշնչում գրված է. «Դրախտը սկսվում է այնտեղից, որտեղից սկսվում են բոլոր ջրերը»: Երբ նայում ենք Միջագետքի քարտեզին, տեսնում ենք, որ բոլոր ջրերը սկսվում են Վանի եւ Էրզրումի արանքում գտնվող Բինգյոլից: Բոլորն այդտեղ են տեղադրել դրախտը, բացի հայերից: Հայերը միշտ դրախտը փնտրում են ուրիշ տեղերում: Ես զրույցներ ունեցա Լոս Անջելեսում եւ փորձեցի բացատրել, որ դրախտը պետք չէ աշխարհագրորեն փնտրել: Դրախտն այնտեղ չէ, որտեղ եղանակը լավն է, փողը շատ է, այլ մեր հարաբերությունների մեջ է: Լավ հարաբերությունները հաճախ կորցնում ենք, հետո սկսում ենք տխրել եւ մտածել` թե ինչ մեծ բան կորցրեցինք:

– Ձեր բոլոր շարքերը նաեւ շատ կոմերցիոն են: Լավ իմաստով կոմերցիոն են:

– Այստեղ որեւէ հաշվարկ չկա: Նկարիչը չի կարող հաշվարկ ունենալ: Երբ ես արեցի «Սերը» նախագիծը, հասկացա, որ ոչ թե հաշվարկ, այլ վախ կա: Վախենում էի, որ մարդիկ ինձ չեն հասկանա, ես Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունները տեղադրել եմ իմ սիրային պատկերների հետ: Բայց հետո պարզվեց, որ այդ պրոբլեմը շատ հետաքրքիր է: Մենք միշտ խոսում ենք մեկ սիրո մասին, որտեղ ամեն ինչ հավաքված է: Բայց մարմնական սերը եւ հոգեւոր սերը աղճատված են: Դա եկեղեցին է արել: Այդ աղճատումի պատճառով նույնիսկ երկրներ են կործանվել: Ասորեստանը, օրինակ: Երբ արաբները հարձակվեցին, ասորի տղամարդկանց 70%-ը մենաստանում էր, եւ երկիրը պաշտպանող չուներ: Կուսակրոնությունը բերում է նրան, որ մարդը ընտանիք չի ունենում եւ չի իմանում՝ ում է պաշտպանել՝ ընտանի՞քը, թե՞ Հայրենիքը: Ընտանիք-Հայրենիք ամրությունը խարխլվում է: Իրականում այդ երկու հասկացությունները նույնն են: Կուսակրոն տղամարդը ուրիշ մարդու հետ հոգեւոր կապվածություն կարող է զգալ, բայց նա ֆիզիկապես անկարող է պաշտպան կանգնել: Նաեւ իր հողը: Սեքսուալ էներգիան փոխակերպվում է: Երբ մարդուն ասում ես, որ այդ էներգիան պետք է կոնցենտրացնես միայն Աստծուն ուղղված սիրո, այսինքն` հոգեւոր սիրո մեջ, մարդն ավելի անհավասարակշիռ է դառնում իր սեռական մղումների մեջ, գլուխ են բարձրացնում հոմոսեքսուալ ախտերը: Այնպես որ, այդ աղճատումն իրեն չի արդարացնում: «Սեր» գիրքը ես այնպես եմ արել, որ նայելով մի հատվածը, ստիպված ենք փակել մյուսը: Հոգեւորը նայելու համար պետք է փակենք մարմնականը: Այս գիրքը մեր ուղեղի նման է սարքված, այդ երկու հասկացությունները երբեք միաժամանակ տեղ չունեն մեր ուղեղում:

– Նկարները վաճառելու խնդիր չունե՞ք:

– Ընդհանրապես, երբ մարդն ինչ-որ բան է ստեղծում, որեւէ մեկը մի օր դա կարող է գնել: Գնելու պահանջարկն ամեն ինչի նկատմամբ էլ կա: Ես պրոֆեսիոնալ եմ եւ ամբողջ կյանքում ապրել եմ իմ նկարների հոնորարներով: Ես իմ գործը արվեստ եմ համարում, եւ երբեք «Մերսեդեսի» մակերեսի պես մշակած, գունավոր նկարներ չեմ արել: Հայաստանում հիմնականում դա են անում: Իմ նկարները չկան Վերնիսաժում, դրանք չեք էլ տեսնի Երեւանի գալերեաներում (Միայն «Առաջին հարկ» գալերեայում են վաճառվում Ա. Սարգսյանի նկարները,-Ն.Հ.): Մեր գալերեաները խանութներ են, որոնք մարդկանց վաճառում են լավ մշակված առարկաներ:

– Մեր գալերեաները կարծես «իրենց» նկարիչներն ունեն, ում «ռասկրուտկա» են անում:

qq

– Էդպես է: Աշխարհում տարածված ձեւ է: Բայց, օրինակ, Նյու Յորքում կամ Փարիզում զուգահեռ կան նաեւ գալերեաներ, որտեղ արվեստ են ցուցադրում: Մեզ մոտ շուկա ձեւավորողների, կարիերիստների պատճառով նկարչությունը ետ է գնում: Արվեստն այն չէ, ինչը չի ծախվում: Ոչ, շատ լավ էլ ծախվում է: Պիկասոն ամենալավ վաճառվող նկարիչն էր: Ելակետային ճաշակ պիտի լինի: Շատ գալերեաներ հիմա հաշվի են առնում միայն հանդիսատեսի ճաշակը: Նման փայլեցված, մակերեսային գալերեաներ Նյու Յորքում էլ կան, որոնք աշխատում են մարդկանց խաբել, կապել իրերի հետ, բայց այնտեղ ամեն ինչ հավասարակշռված է: Մարդը միշտ լավ իրեր է սիրում` լավ կոշիկ, լավ մեքենա, բայց երբ այդ թվացյալ անթերիությունը եւ փայլը դառնում է արվեստի միակ նպատակը, արվեստը ետ է մնում: Ես փողի խնդիր երբեք չեմ ունեցել, կարող են նկար նվիրել կամ սիմվոլիկ գումարով վաճառել, եթե տեսնում եմ, որ մարդն ուզում է իմ նկարն ունենալ: Արվեստը պետք է իրի մակարդակի չհասնի:

– Ինչպե՞ս ձեզ հաջողվեց աշխարհի տարբեր երկրներում ցուցահանդեսներ կազմակերպել:

– Ինձ ընտրեցին` ես ցուցադրեցի: Ես որեւէ տեղ չեմ փորձում գնալ: Հիմա ինձ Գերմանիա են հրավիրում, Լայպցիգի օդանավակայանի մոտ գտնվող եկեղեցում պետք է «Խաչքարերը» ցուցադրեմ: Իմ մասին ինֆորմացիա կա եւ՛ ինտերնետում, եւ՛ գրքերում: Եթե ուզեն գտնել՝ կգտնեն:

– Նոր նկարիչներին գտնելը երեւի ավելի դժվար է:

– Ես էլ եմ նոր եղել, շատ դժվար շրջաններ եմ ունեցել: Հիմա ես 8 գիրք ունեմ, որոնք խանութներում շատ լավ վաճառվում են: Ես անընդհատ աշխատանքի մեջ եմ, հիմա օրիգինալ նկարներով գրքեր եմ պատրաստում, կազմում, դրանք լիովին handmade են լինելու: Միջնադարից հետո հայերը նման գրքեր չեն արել: Ձեռքով սարքած գրքերը շատ թանկ են, քանի որ նրանց միջի նկարներն օրիգինալ են:

– Փողը կարո՞ղ է ճաշակ ձեւավորել:

– Չգիտեմ: Արտասահմանյան հարուստները շատ պարզ ու հասարակ են, այսինքն՝ նորմալ մարդիկ են: Մեր հարուստների հիմնական մասն անճաշակ է: Իրապես անճաշակ, քանի որ իրենց ճաշակը զարգացնելու վրա չեն աշխատում, այլ փորձում են իրենք ճաշակ թելադրել: Երեւանի փողատերերը կարող են Վերնիսաժ գնալ եւ սկսել իրենց «ջիպերի» մեջ նկարներ լցնել:

– Բայց նրանք դա են ուզում իրենց տան պատից կախված տեսնել:

– Նորմալ ցանկություն է: Մեր երկիրն այդպիսի երկիր է, ինչպես ֆուտբոլ ենք խաղում, այդպես էլ նկար ենք առնում կամ երգում ենք:

Նունե Հախվերդյան

«168.am»